Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՅԻՆԸ «ՀԱՆՐԱՅՆԱՆԱԼՈՒ» ՏԵՂ ՈՒՆԻ

Հոկտեմբեր 18,2008 00:00

\"\"Այսպես է գնահատված «Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում» BBC-ի զեկույցում, որտեղ նաեւ ասված է՝ «Հանրային հեռուստատեսությունը պետք է վերջ դնի կառավարության պատրաստած հաղորդումները հեռարձակելուն:

«Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը (ՀՀՀ) պետք է ամրապնդի իր հանրային ծառայության ոգին եւ տրամադրի անկողմնակալ լրատվություն»,- ասված է «Հայաստանի հանրային հեռուստաընկերության կարիքների գնահատում» զեկույցում, որը երեկ ներկայացրեց BBC համաշխարհային ծառայության հիմնադրամի ծրագրերի ղեկավար (Եվրոպա եւ ԱՊՀ) Մայքլ Ռանդալլը, եւ իր խոսքում նաեւ հավելեց. «ՀՀՀ-ն պետք է ունենա ավելի բարձր հավակնություններ՝ ապահովելու լայն կրթական բովանդակություն ունեցող հաղորդումներ՝ նախատեսված տարբեր խմբերի համար: ՀՀՀ-ն պետք է վերջ դնի կառավարության կողմից պատրաստված հաղորդումների հեռարձակմանը»: Փաստաթուղթը ներկայացնում է BBC-ի կողմից հուլիսին անցկացված «Հ1»-ի կարիքների գնահատման հնգօրյա այցի արդյունքները, պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի պատվերով: Ավելի հստակ խմբագրական ուղենիշների ձեւակերպում, հեռուստալսարանի կարիքների գնահատման մեխանիզմների բարելավում, ագրեսիվ կոմերցիոն քաղաքականության կասեցում եւ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ հաղորդումների ամրապնդում՝ սրանք են BBC համաշխարհային ծառայության հիմնադրամի կողմից՝ ՀՀՀ-ի վերաբերյալ պատրաստված զեկույցի մեջ տեղ գտած առաջարկություններից մի քանիսը: Զեկույցում ասված է, որ ԶԼՄ շուկան արտասովոր հագեցած է ու բեւեռացված, լրատվամիջոցներից շատերն էլ կամ կառավարամետ են, կամ ընդդիմադիր. «Խմբագրական քաղաքականությունը մեծապես թելադրվում է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են այդ ԶԼՄ-ների հետեւում»: Զեկույցում անդրադարձ կա «Հ1»-ի կանոնադրությանը. «Կանոնադրության մեջ ընկերության հանրային պարտականությունների մասին հղումները հստակ եւ բավարար չեն»:

«Առավոտը» ՀՀՀ գործադիր տնօրեն Արմեն Արզումանյանից հետաքրքրվեց՝ իսկապե՞ս BBC-ի խորհուրդներին հետեւելու («Հ1»-ի հանրայնությունը բարձրացնելու եւ կոմերցիան կրճատելու «մասով») արդյունքում ընկել է «Հ1»-ի վարկանիշը, ինչպես իրենք են կարծում: Ա. Արզումանյանը պատասխանեց. «Ես այդ խնդիրներն իրար չեմ կապում: Մենք իսկապես պարտավոր ենք ավելի հանրային հաղորդումներ անել, քան՝ մինչ այժմ եւ անընդհատ դրա մասին մտածում ենք՝ անկախ BBC-ի խորհուրդներից: Ինչ վերաբերում է մեր ռեյտինգին, խնդիրը ոչ այնքան կապ ունի հանրային հաղորդումների, որքան սպեցիֆիկ նախագծերի հետ: Ի տարբերություն մեր մրցակիցների, ոչ մի դեպքում այդպիսի նախագծեր չենք անի: Ցանկացած ոլորտում պատահում են մոդայիկ երեւույթներ, որոնք կարճաժամկետ են: Օրինակ, ժամանակին բոլորը «ԱԼՄ» էին նայում… Այն, ինչ այսօր ցուցադրում են մեր մրցակիցները, հաստատ չենք կրկնօրինակի, ուրիշ ճանապարհով կգնանք՝ որակյալ հաղորդումներով լսարանին գրավելու: BBC-ի խորհուրդներն ընդունելի եւ տրամաբանական են, բայց դրանց հասնելը հեշտ չէ: Այդ ճանապարհը քայլ առ քայլ պետք է անցնել, որովհետեւ BBC-ի ուղենիշը եվրոպական չափանիշներով լավ հեռուստաընկերությունն է: Նրանք ասում են, որ «Հ1»-ը շատ ուժեղ մասնավոր ալիքի է նման: Ուժեղի «մասով» կարծիքն արդեն իսկ դրական է, իսկ մասնավորի «մասով» ասեմ, որ պետք է այնպես անենք, որ «Հ1»-ն ավելի հանրային դառնա: Այդ փուլերից մեկը մեր մշակութային ալիքի հեռարձակման սկիզբն է, որը տեղավորվում է նրանց խորհուրդների շրջանակներում: Առաջիկա 10 տարվա ընթացքում կունենանք տարբեր ուղղություններով ալիքներ՝ լրատվական, մանկական, կրթական եւ այլն: Երբ այս ամենը իրականանա, բոլոր խոսակցություններն այն մասին, թե հանրայինը լավ չի կատարում իր ֆունկցիաները, կավարտվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել