Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխումներ՝ «Հայավտոկայանում»

Հոկտեմբեր 25,2008 00:00

«Հայավտոկայան» ընկերության նորանշանակ տնօրեն Արմեն Հարությունյանը սեպտեմբերի 8-ին պարտավորությունները ստանձնելուց հետո՝ իր ղեկավարած հիմնարկում փոփոխություններ է նախաձեռնել։

Նա առաջին հերթին իրականացրել է կադրային փոփոխություններ՝ հիմնարկի նախկին 25 հաստիքների թիվը հասցնելով 55-ի, ավելացրել է նաեւ աշխատավարձերը՝ նվազագույն 25 հազարը դարձնելով 50 հազար դրամ։ Չնայած Ա. Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ այս ամենը չի եղել հին աշխատողների կրճատման հաշվին, սակայն նա աշխատանքի անցնելուց ընդամենը մի քանի օր հետո հեռացրել է գլխավոր հաշվապահին՝ հիմնավորումով, որ վերջինս բացթողումներով է աշխատում։ Մեր հարցին, թե «Հայավտոկայանի» տնօրենն ինչպես է այդ մի քանի օրերի ընթացքում հայտնաբերել հաշվապահի բացթողումները, նա պատասխանեց. «Ինձ թվում է՝ 10 օրը բավարար է, որ սխալներն ի հայտ գան։ Երբ ես եկա այստեղ աշխատելու, կատարվեց բոլոր գործառույթների ընդունման- հանձնման գործընթաց, դրանց թվում ես ծանոթացա նաեւ ֆինանսական փաստաթղթերին։ Օրինակ՝ այդ փաստաթղթերում գրված է, որ կատարվել է 3 միլիոն դրամի ծախս, սակայն բացակայում են այդ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը եւ նմանատիպ 15 կետ, որոնց պատճառով էլ հաշվապահին հեռացրել եմ»։ Նրա ներկայացմամբ՝ «Հայավտոկայանի» գլխավոր տնօրեն նշանակվելուց հետո զբաղվել է նաեւ ֆինանսատնտեսական խնդիրների լուծմամբ. «Սեպտեմբերի 1-ի դրությամբ հիմնարկն ունեցել է 29 միլիոն դրամ պարտք, իսկ մեզ այլ ընկերություններ պարտք են եղել 48 միլիոն դրամ։ Այս կարճ ժամանակահատվածում մեր պարտքերը փակել ենք, իսկ 48 միլիոն դրամը նվազել է ու դարձել 24 միլիոն»։ Մեր հարցին, թե ինչի՞ հաշվին է պարտքերը փակել, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Նախկինում ավտոկայանը շատ այլ ընկերությունների վարձակալական հիմունքով տարածքներ է տվել՝ սիմվոլիկ գումարներով։ Եղել են պայմանագրեր, ըստ որոնց՝ 28 քմ տարածքը տրվել է 6 հազար դրամով։ Իսկ հիմա 1 քմ-ն 2 հազար դրամից պակաս չենք տրամադրում։ Մենք հրավիրել ենք այդ ընկերություններին, բացատրական աշխատանքներ ենք կատարել, նոր պայմանագրեր ենք կնքել»։ Մեր հարցին՝ օրինակա՞ն է տարին չավարտված՝ նոր պայմանագրի կնքումը, նա պատասխանեց. «Տարվա սկիզբ, վերջ, այդպիսի հասկացություն չկա, մենք առաջնորդվել ենք պայմանագրային հիմունքներով։ Պայմանագրում ժամկետներ նշված չեն։ Քաղաքացիական օրենսգիրքը պահանջում է, որ 2 ընկերությունների միջեւ կնքված պայմանագրերը պետք է նոտարի կողմից հաստատվեն եւ ստանան իրավունքի պետական գրանցում, այսինքն՝ ունենան կադաստրի վկայական։ Եթե սրանք չկան, ուրեմն պայմանագրերը առ ոչինչ են հայտարարվում։ Մինչ ինձ կնքված պայմանագրերի 99%-ն այդպիսին էր։ Այդ պատճառով՝ մի շարք նման ընկերությունների դեմ չենք կարողանում հայցադիմում ներկայացնել դատարան եւ բռնագանձում կատարել»։ Նրա ներկայացրած տվյալներով՝ ուղեւորափոխադրումներ իրականացնող 156 ընկերությունից միայն 14-ը իրենց հետ նոր պայմանագիր չի կնքել։

Մենք Արմեն Հարությունյանին փոխանցեցինք Երեւանի կենտրոնում, մասնավորապես՝ «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ գործող ապօրինի ավտոկայաններում կայանող ուղեւորափոխադրումներ իրականացնողների դժգոհությունն այն մասին, որ «Հայավտոկայանում» նորմալ պայմաններ չկան, որպեսզի իրենք էլ դրանից օգտվեն, սպասարկման որակը շատ վատն է, չկան անգամ զուգարաններ, ինչին նա պատասխանեց. «Դա ապատեղեկատվություն է։ Մենք ունենք բոլոր անհրաժեշտ պայմանները։ Կարեւորելով ուղեւորների անվտանգությունը՝ մեզ մոտ աշխատող բուժքույրերը ամեն երթից առաջ զննում են վարորդներին, որպեսզի դժբախտ դեպքերից խուսափենք։ Իսկ հենց ձեր նշած վայրում այդպիսի ծառայություն չկա։ Մենք տեխզննում էլ ունենք, որը ստուգում է մեքենաների տեխնիկական վիճակն ու մաքրությունը։ Մենք իրավունք չունենք սպասարկել ուրիշ տեղ կայանածներին։ Մեզ մոտ ուղեւորները տոմս են գնում, իսկ այլ տեղ այդպիսի բան չկա»։ Անդրադառնալով այն ուղեւորափոխադրում իրականացնող ընկերություններին, որոնք տոմսերի սակագինը մրցույթով հաստատված գնից մի քանի հարյուր դրամով պակաս են սահմանում, իսկ ավտոկայանին հարկ են վճարում մրցույթով հաստատված գնով, պարոն Հարությունյանն ասաց. «Բոլոր վարորդներն իրենց մեկ չվերթից մեզ են մուծում ընդամենը 1 տոմսի արժեքը, եթե, օրինակ, հաշվենք, որ նրա տոմսի հաստատված գինը 1000 դրամ է, իսկ երթուղայինը կարող է 11 ուղեւոր տեղափոխել, ապա՝ գնալ-գալով նա վաստակում է 22 հազար դրամ, մեզ էլ վճարում ընդամենը 1000 դրամ։ Իսկ եթե նա սպասարկումն իրականացնում է 800 դրամով, տուժում է ընդամենը 200 դրամ»։ Նա տեղեկացրեց, որ այս ընկերությունները պետք է գրավոր դիմեն իրենց, որպեսզի իրենք այդ տոմսերն ավելի էժան վաճառեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել