Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՀԱՐԻՇԻ ՎԵԴԱՅԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ»՝ ԿՐԹԱԿԱՆ «ԱՍՏԱՌՈՎ»

Հոկտեմբեր 25,2008 00:00

\"\"«Կրթություն եւ կարիերա» ցուցահանդեսում տրանսցենդենտալ մեդիտացիա էր պրոպագանդվում

«Լոգոս էքսպո կենտրոնի» նախաձեռնությամբ եւ ԿԳՆ աջակցությամբ, մի քանի օր է, «Մոսկվայի տանը» գործում է «Կրթություն եւ կարիերա» ցուցահանդեսը, որի նպատակն է կողմնորոշել դպրոցների բարձր դասարանցիներին՝ մասնագիտության ընտրության հարցում: Մի շարք բուհերի ու կրթական հաստատությունների կողքին ներկայացված էր նաեւ «Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամը, որը քարոզում էր գիտակցության վրա հիմնված կրթություն եւ տրանսցենդենտալ մեդիտացիա: Ինտերնետում շատ տեղեկություններ կան այն մասին, որ գիտակցության վրա հիմնված կրթությունը վեդայական ավանդույթի նորագույն ուսուցիչ Մահարիշի Մահեշ Յոգին է վեր հանել հին վեդայական ավանդույթից: Մահարիշիի հետեւորդները ընդգծում են, որ տրանսցենդենտալ մեդիտացիան չի համարվում կրոնական դոկտրինա եւ համատեղելի է ցանկացած կրոնի ու դավանանքի հետ, եւ այդ տեխնիկայի կիրառման շնորհիվ մարդը դառնում է դրականորեն տրամադրված, ընկալունակ, սկսում է ավելի շատ օգտագործել իր մտավոր ունակությունները, բարձրանում է նրա բարոյական գիտակցությունն ու ինքնագնահատականը, խնդիրներ լուծելու կարողությունը, պակասում են սթրեսներն ու ագրեսիվ միտումները եւ այլն:

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանն այլ կարծիքի է: «Եթե համարում են, որ այդ վեդայական, կրիշնայական գիտելիքները կամ իրենց ուղղությունը միջոց է, որով կարելի է կրթություն եւ կարիերա ստեղծել՝ սխալվում են: Զուր են պնդում, թե դրանք համատեղելի են ցանկացած կրոնի կամ դավանանքի ու մտածելակերպի հետ: Այսօր մի շարք գրանցված կրոնական կազմակերպություններ կան Հայաստանում, որոնք իրենց գործունեությունը տանում են իբրեւ կրթող, դաստիարակող եւ աջակցող կազմակերպություն, բայց իրականում քարոզում են իրենց ուղղություններն ու գաղափարները եւ ասում, թե իբր միտված են դեպի բարին ու գեղեցիկը: Օրինակ, իսլամական ծայրահեղ ուղղությունները, երբ մարդուն փորձում են բարին առաջնորդել, նորմալ են համարում սրբազան պատերազմը, որն առիթ է դրախտին արժանանալու համար: Կամ հնդկական միֆոլոգիայում Կամասուտրան համարվում է վիճակ՝ կատարելության ու գեղեցկին հասնելու համար, բայց մեզ մոտ դա այնքան էլ ճիշտ չէ՝ մեղսալից է համարվում… Մի խոսքով, չեմ համարում, թե արդարացված է գիտության, կրթության եւ կարիերայի զարգացման պատրվակով փորձել իրենց քարոզչությունը տարածելը»,- ասաց հոգեւորականը:

«Մահարիշի վեդայական կենտրոն» կրթական հիմնադրամի տնօրեն Սվետլանա Գալստյանից հեռախոսով հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ են հայտնվել զուտ կրթական ցուցահանդեսում. «Մենք ուսումնական հաստատություն չենք, բայց կրթական հիմնադրամ ենք, ներկայացնում ենք ԱՄՆ-ի մեր համալսարանը»: Նա մանրամասնեց. «Մեր դեպքում ճիշտ չէ կիրառել հետեւորդ բառը: Ցանկացած մարդ կարող է գալ մեզ մոտ, սովորել, օրական երկու անգամ 15-20 րոպե աչքերը փակել, մեդիտացիա անել՝ նախաճակատային բիլթի լիակատար օգտագործմամբ: Նախաճակատային բիլթը պատասխանատու է որոշումներ կայացնելու, դատողություններ անելու, խնդիրներ լուծելու, իմացականության եւ ստեղծարարության համար: Եթե ուղեղի այդ մասը չի զարգանում, մարդն ունենում է ագրեսիվ, իմպուլսիվ պահելաձեւ, իսկ մենք օգնում ենք, որ մարդիկ լինեն հավասարակշիռ եւ երջանիկ»: Ս. Գալստյանը հավելեց, որ այդ տեխնիկային կարող են դիմել՝ սկսած 4 տարեկանից՝ «բոլոր նրանք, ովքեր ուղեղ ունեն, իսկ ուղեղը նրա համար է, որ օգտագործես»:

Հավելենք, որ Քայքայիչ աղանդներից տուժածների աջակցության եւ վերականգնման կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը քանիցս մամուլում հանդես է եկել հայտարարությամբ («Արմինֆո», «Նովոյե վրեմյա» եւ այլն) «Մահարիշի վեդայական կենտրոնի» (երկրորդ անվանումը՝ «Տրանսցենդենտալ մեդիտացիա») մասին՝ այն որակելով որպես տոտալիտար աղանդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել