Լրահոս
Օրվա լրահոսը

STRING-ՆԵՐԸ, ՍԻՆԹԵՏԻԿ ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏՆ ՈՒ ՆԵՂ ՀԱԳՈՒՍՏԸ ՎՆԱՍԱԿԱՐ ԵՆ

Փետրվար 13,2009 00:00

\"\"Ասում է գինեկոլոգ Ստելլա Արամյանը \"\"

Գինեկոլոգները ցանկացած առողջ կնոջ խորհուրդ են տալիս տարեկան երկու անգամ այցելել իրենց՝ ստուգվելու, սակայն բժիշկների այս խիստ կարեւոր հորդորին հայ կանանց շատ քիչ զանգվածն է հետեւում: Հայերի մեջ ընդունված է, որ բժիշկներին դիմում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, ինչը պայմանավորված է մի շարք խնդիրներով: Կանանց եւ աղջիկների շրջանում անցկացրած «Առավոտի» հարցումները ցույց տվեցին, որ նրանք գինեկոլոգներին հաճախ չեն դիմում, նույնիսկ խնդիրներ ունենալիս ամաչում են, մտածում, որ ամեն ինչ ինքն իրեն կանցնի, զբաղվում են ինքնաբուժությամբ եւ այլն: Երբեմն էլ գինեկոլոգին չդիմելը պայմանավորված է լինում սոցիալական վիճակով՝ հիվանդները հնարավորություն չեն ունենում գնել բժշկի նշանակած դեղահաբերը: «Առավոտը» «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի գինեկոլոգ Ստելլա Արամյանից փորձեց որոշ հարցերի պատասխաններ ստանալ:

Հարցին՝ ո՞ր տարիքից սկսած են դիմում գինեկոլոգի, Ս. Արամյանը ասաց, որ տարիքն այնքան էլ կապ չունի, եթե գանգատներ են ունենում, դիմում են սկսած 15 տարեկանից. «Այժմ գինեկոլոգներին դիմողները համեմատաբար շատացել են, մեծամասնությունը երիտասարդ աղջիկներ են: Առաջ, երբ աղջիկները խնդիրներ էին ունենում, մայրերն ասում էին, որ կամուսնանա՝ կանցնի, բայց դա այդպես չէ, որովհետեւ, եթե մինչ ամուսնանալը խնդիրը չի լուծվում՝ հետագայում լուրջ պրոբլեմների առաջ են կանգնում: Ընդհանրապես, գինեկոլոգին դիմելու պատճառները տարբեր են՝ բորբոքումները, վարակները, չբերությունը եւ այլն»:

Անդրադառնալով չբերությանը՝ գինեկոլոգը նշեց, որ այդ կարգի խնդիրներ ունեցողները շատացել են: Իսկ դրանց պատճառները շատ տարբեր են՝ դարձյալ սկսած բորբոքումներից, հորմոնալ խախտումներից եւ այլն. «Նմանատիպ պրոբլեմներ ունենալով հանդերձ՝ ամուսնությունն ավելի է բարդացնում իրավիճակն ու հանգեցնում չբերության: Այժմ երիտասարդ աղջիկները, 15 տարեկանից սկսած, ցանկացած հարցով դիմում են մեզ: Բժշկի դիմելու հիմնական պատճառը ցիկլի խանգարումներն են: Ճիշտ է, որ դիմում են մասնագետների, որովհետեւ առաջ շատ քչերն էին այդպես վարվում: Հիմա մայրերն ավելի կարդացած են, ավելի զարգացած ու հասկանում են, որ դա կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»:

Ս. Արամյանը նաեւ ասաց, որ այժմ շատ են օգտագործում հակաբեղմնավորիչներ, այն էլ՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու: Ըստ նրա, հակաբեղմնավորիչները պետք է ճիշտ օգտագործել ու անպայման բժշկի թույլտվությամբ ու նշանակումով, որովհետեւ, ինչպես բոլոր դեղերի, այնպես էլ՝ այս դեպքում, կարող է ե՛ւ թույլատրվել, ե՛ւ հակացուցված լինել:

Դառնալով կանանց եւ հատկապես երիտասարդ աղջիկների կրած ներքնազգեստներին՝ string-ներին, գինեկոլոգը շեշտեց. «Դրանք հագնելը շատ սխալ է եւ վնասակար առողջությանը: Ոչ միայն string-ները, սինթետիկ ներքնազգեստները, նաեւ նեղ տաբատները կանանց սեռական օրգանների վրա շատ վնասակար ազդեցություն են թողնում, այդ պատճառով էլ ցանկալի չէ եւ խորհուրդ չի տրվում կրել այդպիսի հագուստ»:

Գինեկոլոգից փորձեցինք պարզել՝ եղե՞լ են դեպքեր, երբ ապագա հարսի, աղջկա կուսությունը ստուգելու համար դիմեն իրենց: Նրա խոսքերով, հարսի հետ կապված դեպք դեռ չի եղել, սակայն եղել է, երբ մայրն է կասկածել ու աղջկան բերել, կամ հենց աղջիկն ինքն է դիմել՝ համոզվելու համար:

Ս. Արամյանը կանանց եւ աղջիկներին խորհուրդ տվեց չկրել ոչ ճիշտ ներքնազգեստ ու նեղ հագուստ, չօգտագործել ամենօրյա միջադիրներ. «Կանանց սեռական օրգանները սիրում են միշտ տաք վիճակում լինել, հետեւաբար խորհուրդ կտամ այնպիսի հագուստ հագնել, որ տաքությունը պահպանվի, նաեւ՝ ոտքերը չսառեցնել: Հարաբերվելիս պաշտպանվել՝ վարակներից խուսափելու համար: Ֆունկցիոնալ խանգարումների դեպքում դիմել բժշկի, եւ ընդհանրապես, եթե նույնիսկ խանգարումներ չկան, պարտադիր է 6 ամիսը մեկ այցելել գինեկոլոգին՝ ստուգվելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել