Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողներին վարկաբեկո՞ւմ են

Փետրվար 26,2009 00:00

Երեկ կայացավ Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահության արտահերթ նիստ, քննարկման թեման, իրենց ձեւակերպմամբ՝ վերջին շրջանում մամուլով ՀԳՄ գործունեության աղավաղումն ու վարկաբեկումն էր: Բանաստեղծ, արձակագիր Արմեն Մարտիրոսյանը «Առավոտին» պատմեց. «Վերջերս նստած էինք միության առաջին հարկում. ես էի, Վառլենը Ալեքսանյան, Հրաչյան Բեյրելյան: Մեկ էլ մի նկարահանման խումբ եկավ Հանրայինից: Ապարատները որ տեսանք, ստիպված համաձայնեցինք նկարահանվել, եթե ես միայնակ լինեի, չէի նկարահանվի: Առաջին իսկ րոպեներից զգում էի, որ եկել են այլ նպատակներով… Առաջարկեցին հաղորդում անել այն մասին, թե ինչպես են գրողները ներշնչվում… Մեկ առ մեկ երդվեցին հարյուր ձեւով, որ նյութը չեն աղավաղի եւ կհաղորդվի այն ամենը, ինչ մենք ասել ենք… Մեզանից յուրաքանչյուրը ընտիր նախադասություններ է ասել ներշնչանքի մասին՝ համեմատելով հունական մուսայի հետ: Չբացառեցինք նաեւ խմիչքի ազդեցությունը, որ դա էլ կարող է նպաստել մուսային եւ ներշնչանքին: Նկարահանումից առաջ գնացին եւ օղիով վերադարձան, իբր նկարահանումից հետո մի-մի բաժակ խմելու նպատակով: Նկարահանման ավարտին պահանջեցի բոլոր ապարատները դնեն իրենց պայուսակները, ու քանի որ հյուրեր են, մի բաժակ խմենք: Բայց երեւի բջջայինով նկարել էին: Նայում եմ հաղորդումը, բովանդակությունը հետեւյալն է. մենք ենք նստած, սեղանին մի շիշ՝ իրենց բերած օղին, մեզանից ոչ ոք ոչինչ չի խոսում, Վառլենը ինչ-որ շարժումներ է անում առանց ձայնի, այնտեղ էլ «զակադրովի տեքստով» իմ անունն է անընդհատ շեշտվում, թե Արմեն Մարտիրոսյանը եւ այլն, եւ այլն… Դրանից հետո ցույց են տալիս մի հարբեցողի, որը ճոճվում է, չի կարողանում ուղիղ քայլել, երեւի իսկական «բոմժի» էլ նկարել էին, հետո անցում կատարում մեզ, ցույց տալիս նաեւ նարկոմանների, հետո էլ այն դիսպանսերը, որտեղ բուժում են ալկոհոլիկներին: Դեռ մի բժիշկ էլ խորհուրդ է տալիս իրենց մոտ բուժվել: Դուրս է գալիս, որ գրողները հարբեցողներ են եւ բուժման կարիք ունենք: Եվ սա եթեր է հեռարձակվել ամբողջ Հայաստանով եւ Սփյուռքով մեկ: Խայտառակ ենք եղել…»: Բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանը հավելեց. «Տվյալ հաղորդման ռեժիսորը վերջում հայտարարեց. ինչ մեզ պետք էր՝ ստացանք: Եթե ռեժիսորը նման հայտարարություն է անում, արդեն հասկանալի է՝ ինչ նպատակներ ունեին… Ինչ վերաբերում է խմիչքին՝ ասացինք, որ բոլորս մահկանացու ենք, բոլորս էլ չափավոր օգտագործում ենք, խմիչքը սեղանի շուրջ ընկերների հետ հաղորդակցվելու միջոց է, բայց խմելը մեզ համար չենք համարում գրականության ստիմուլ»: Վ. Ալեքսանյանը համոզված է. «Ես կասկածում եմ՝ սրա թիկունքում կան ֆինանսական, նյութական ինչ-ինչ դիվիդենդներ ձեռք գցելու խնդիրներ. Գրողների միությունը գույք ունի, Ծաղկաձորի ստեղծագործական տուն ունի, չգիտեմ ինչ ունի եւ այլն: Ինչ-որ մարդիկ արժեզրկում են Գրողների միությունը ժողովրդի աչքին»:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի խոսքով. «Պարզ է, այս ամենի ետեւում ինչ-որ տեղից ռեժիսուրա կա, որն այդ խամաճիկների թատրոնն աշխատեցնում է, բայց մենք ոչ ժամանակ ունենք, ոչ էլ սիրտ՝ զբաղվելու, փորփրելու, թե այս բոլոր լարերը ում ձեռքում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել