Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանաչ լվացում» մոլորեցնող գործելակերպի դեմ պայքարի ռազմավարությունների բացակայություն, ապատեղեկատվություն, բնապահպանական լրագրողների խոցելիություն․ FID զեկույցը՝ COP-17-ին ընդառաջ

Հոկտեմբեր 13,2026 20:22 Share
Աջակցեք aravot.am-ին

Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումը (FID) COP-17 համաժողովից առաջ հրապարակել է «Կլիմայի և շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության և հավաստիության ապահովման միջազգային քաղաքականության և կարգավորման շրջանակների քարտեզագրում» միջանկյալ զեկույցը։

Կազմակերպության մամուլի հաղորդագրությունում նշված է․ «Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից (COP17) մեկ շաբաթ հրապարակված զեկույցը բացահայտում է կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականությունն ու հավաստիությունն ամրապնդելու ուղղությամբ առնվազն 23 երկրում և Եվրոպական միությունում առկա քաղաքական կամքի դրսևորումներ և խոստումնալից նախաձեռնություններ։

Այնուամենայնիվ, զեկույցը մատնանշում է նաև շարունակական բացթողումներ, մասնավորապես՝ կլիմայի վերաբերյալ ապատեղեկատվության և հանածո վառելիքի ոլորտի լոբբինգի կողմից իրականացվող «կանաչ լվացման» մոլորեցնող գործելակերպի դեմ պայքարի ազգային ռազմավարական գործողությունների ծրագրերի բացակայությունը։ Նման ծրագրերի մշակումն ու իրականացումը ներկայումս ամենահրատապ անհրաժեշտություններից են»։

Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի (FID) մամուլի հաղորդագրությամբ տեղեկացվում է, որ զեկույցը պատրաստվել է կազմակերպության՝ «Կլիմայի և շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության ամբողջականություն և հավաստիություն» առաջնահերթ աշխատանքային ուղղության շրջանակում, որը համանախագահում են Հայաստանն ու Բրազիլիան։

Ըստ զեկույցի՝ թեև կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության և հավաստիության ապահովման հարցում քաղաքական հետաքրքրվածությունն ու հանրային իրազեկվածությունն աճում են, երկրների մեծ մասը դեռևս չունի կլիմայի վերաբերյալ ապատեղեկատվության և կլիմայի փոփոխության ժխտողականության դեմ պայքարի ազգային ռազմավարական գործողությունների ծրագիր․ «Հայաստանը միջազգային մակարդակում ստանձնած առաջնորդության և կլիմայի փոփոխության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության մասին Բելեմի հռչակագրի ստորագրման միջոցով դրսևորել է իր քաղաքական հանձնառությունը ապատեղեկատվության և կենսաբազմազանության և շրջակա միջավայրի վերաբերյալ հարցերում ապատեղեկատվության տարածման կանխարգելման նկատմամբ»։

Ամրագրված է, որ Հայաստանը կլիմայի վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարում կիրառում է բովանդակության նկատմամբ չեզոք մոտեցում՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ թեմայի կամ դիրքորոշման է վերաբերում տեղեկատվությունը․ «Այնուամենայնիվ, ինչպես ուսումնասիրության առարկա երկրների մեծամասնության դեպքում, Հայաստանում ևս առկա են էական բացեր ապատեղեկատվության դրամայնացման դեմ պայքարի, ինչպես նաև այնպիսի թվային հարթակների և արհեստական բանականության կարգավորման հարցերում, որոնք կարևոր դեր են խաղում կլիմայի և շրջակա միջավայրի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման գործում»։

Ներկայացվող ուսումնասիրությամբ մտահոգություն է հայտնվում, որ «կանաչ լվացում» (greenwashing) մոլորեցնող գործելակերպի զսպումը և բնապահպանական լրագրության խթանումն ու աջակցությունը դեռևս չեն ստանում իրենց արժանի ուշադրությունը։ Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նշված է․ «Հայաստանը՝ որպես COP17-ի հյուրընկալող երկիր, հնարավորություն ունի օրակարգային դարձնելու շրջակա միջավայրի և կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվության ամբողջականության և հավաստիության հարցը՝ խթանելով հրատապ անհրաժեշտ բարեփոխումները և ձևավորելով այնպիսի բարենպաստ միջավայր, որը կնպաստի կլիմայի և շրջակա միջավայրի ոլորտներում արդյունավետ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը»։

Տեղեկատվության և ժողովրդավարության ֆորումի հրապարակած զեկույցի ուսումնասիրություններն ընդգրկում են 23 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Եվրոպական միությունը (ԵՄ)։ Համապարփակ վերլուծության միջոցով գնահատվում են ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունները շրջակա միջավայրի ոլորտում։ Այն ամփոփում է, թե երկրներն ինչ քայլեր են ձեռնարկել COP-30-ի շրջանակում Բելեմի հռչակագրի ստորագրումից հետո։ Նշենք, որ այս հռչակագիրը ստորագրել է նաև Հայաստանը։

Ուսումնասիրության արդյունքում բացահայտվել է, որ թվային հարթակների կանոնակարգերը բավարար չափով չեն անդրադառնում կլիմայի և շրջակա միջավայրի խնդիրներին, գովազդի թափանցիկության մեխանիզմներն արդյունավետ չեն գործում, «կանաչ լվացում» մոլորեցնող գործելակերպի դեմ պայքարն ուժեղանում է, բնապահպանական թեմաներ լուսաբանող լրագրողները խոցելի են և այլն։ Զեկույցում ամրագրված է․ «Պետական պաշտպանության գործող մեխանիզմները բավարար չեն նրանց անվտանգությունն ու անկախ աշխատանքն ապահովելու համար։ Մի շարք կառավարություններ ընդունել են լրագրողների պաշտպանության ազգային գործողությունների ծրագրեր և հակա-SLAPP օրենսդրություն՝ ռազմավարական դատական հայցերից (SLAPP) պաշտպանվելու համար։ Նման հայցերը հարուցվում են հանրային նշանակության հարցերի շուրջ արտահայտվող անձանց, այդ թվում՝ լրագրողների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործունեությունը սահմանափակելու կամ նրանց լռեցնելու նպատակով»։

Անդրադառնալով թվային հարթակների կանոնակարգմանը՝ զեկույցում նշված է․ «Կլիմայի վերաբերյալ ապատեղեկատվությունը հիմնականում դուրս է մնում կարգավորման շրջանակից, նույնիսկ ԵՄ-ի՝ համակարգային ռիսկերի գնահատման և կառավարման մեխանիզմներից»։

Գովազդային նյութերի հետ կապված մարտահրավերների առիթով ուսումնասիրությունն ամրագրում է․ «Ոչ մի երկիր դեռևս արդյունավետ կերպով չի լուծել այն խնդիրը, թե ինչպես է ապատեղեկատվությունը վերածվում եկամտի և ինչպես են ֆինանսավորվում դրա տարածման մեխանիզմները։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031