Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԵ՛Մ ՍԻՐՈՒՄ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՈՒՏԵԼՈՒ ԳՆԱԼ»

Մարտ 03,2009 00:00

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը՝ «առանց փողկապի»

\"\"
Արամ Գասպարիչը՝ կնոջ հետ:

\"\"Արամ Սարգսյանից մինչեւ Արամ Սարգսյան:

\"\"
ԱրամՍարգսյանը հոգատար պապիկ է:

 

Բալզակի ապրելու դեղատոմսն ու իր ընտանիքը

Արամ Գասպարի Սարգսյանը հատկապես այսօրվա երիտասարդների համար շեշտում է, որ մանկուց սիրել է ընթերցանությունը եւ դաստիարակվել է գրքերով: «Շատ եմ սիրել Բալզակ, որը կյանք է սովորեցրել, բաներ, որոնց դու պիտի հանգես երկար տարիներ հետո, մինչդեռ ինքը ապրելու պատրաստի դեղատոմս է հրամցրել: Ինձ վրա մեծ ազդեցություն է թողել Պարույր Սեւակը՝ որպես փիլիսոփա բանաստեղծ, ռուսական գրականությունն ու ֆրանսիական կերպարվեստը»,- ասում է մեր զրուցակիցը: Նաեւ հավելում է, որ զբաղվել է տարբեր սպորտաձեւերով՝ շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ… Վերջին սպորտաձեւի հանդեպ մեծ սերը փոխանցվել է ավագ որդուն՝ Տիգրանին: «Նա հասավ մինչեւ «Արարատ» թիմի հիմնական կազմ, սակայն սովորելու պատճառով թողեց ֆուտբոլը»,- հայտնեց Արամ Գասպարիչը: Տիգրանը ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, Մոսկվայի դիվանագիտության ակադեմիան ու վերջինիս ասպիրանտուրան: Կրտսեր որդին՝ Հայկը, Սլավոնական համալսարանի ասպիրանտուրայում է՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն է ավարտել, իսկ դուստրը՝ Աննան, ատամնաբույժ է: «Շախմատը հիմա էլ կարեւոր զբաղմունք է, որովհետեւ հնարավորություն է տալիս ուղեղը պահել լավ «մարզավիճակում», ինչն անհրաժեշտ է կյանքի տարբեր իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու համար»,- կարծում է մեր զրուցակիցը:

Իր կինն ու կանայք

Ա. Սարգսյանից հետաքրքրվեցինք, կնոջը՝ Կարինեին օգնո՞ւմ է տնային գործերում: «Ես ընտանիքի մարդ եմ: Եվ եթե անհրաժեշտ է լինում, այո՛, օգնում եմ կնոջս: Կարող է, ինչպես հայերն են ասում, հավեսս տա, ասեմ՝ ե՛ս եմ այսօր ուտելիք պատրաստելու, սիրում եմ մսով ուտեստներ պատրաստել եւ ուտելիքին ստեղծագործաբար մոտենալ: Ու լավ էլ ստացվում է, գուցե դա նրանից է, որ մենք հազարից մեկ ենք ուտելու բան պատրաստում»,- պատասխանեց Արամ Գասպարիչը: Հարցին էլ՝ կանանց մեջ ի՞նչն եք գնահատում, կատակով նշում է. «Ո՞նց ասեմ, որ կինս հասկանա՝ միայն իր մասին է խոսքը»: Իսկ եթե ավելի լուրջ, մեր զրուցակցի խոսքով. «Գնահատում եմ խելացի կանանց, որովհետեւ հիմարը, կին լինի, թե տղամարդ, անդուր էակ է: Բայց մյուս կողմից էլ, խելոք կինը պետք է մի առանձնահատկություն ունենա՝ լինելով զարգացած, ունենալով այն դինամիկան ու էներգիան, որ իրեն թույլ է տալիս գործելու շատ ավելի լայն շրջանակներում, չպետք է այդ ճանապարհին կորցնի կանացիությունը… Խելոք կինը չպետք է մոռանա ամենագլխավոր առաքելության մասին՝ ինքն առաջին հերթին կին է, մայր է եւ պետք է սիրված լինի: Ինչ վերաբերում է արտաքին գեղեցկությանը, դա ի վերուստ տրված բան է: Ամենավատ դիմագծեր ունեցող մարդն էլ կարող է իրեն ներկայացնել շատ ավելի հմայիչ, եթե նա ներդաշնակ ներաշխարհ ունի, եւ հակառակը՝ գեղեցիկ կինը կարող է տգեղ թվալ, եթե համարժեք պահվածք, խոսելաձեւ ու այլ հատկանիշներ չունի»:

Եվ գրում է, եւ երգում, սիրում է Սիրուշոյին

«Ես հպարտ եմ լրագրողի իմ մասնագիտությամբ: Ափսոսում եմ, որ այսօրվա լրագրողներից շատերը դարձել են զուտ մեխանիկական աշխատանք կատարող, ընդամենը ձայնագրում ու վերծանում են: Ախր լրագրությունը տարբեր ժանրեր ունի, ո՞վ է խանգարում, որ երիտասարդները անուն ստեղծեն՝ մասնագիտանալով»,- ասում է Դեմկուսի նախագահը: Նա շուտով կավարտի իր «Ես հիշում եմ» վերնագրով գիրքը, որը պատմում է ոչ միայն ստալինյան ռեպրեսիային զոհ գնացած իր հոր ու քեռու, այլեւ բազմաթիվ հայերի մասին, նաեւ հետագա սերունդների մասին, որոնք դեռ ձերբազատված չեն վախից ու կաշկանդվածությունից: Պարզվում է՝ Արամ Գասպարիչը մանկուց լսել է հայկական ժողովրդական երգեր Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի մեներգչուհի մոր՝ Արաքսյա Բարսեղյանի շնորհիվ: Պատահում է՝ ինքն էլ է երգում, ու մի քիչ էլ ջազի սիրահար է, իսկ փոփ-երգիչներից Սիրուշոյին է առանձնացնում: «Մեկ-մեկ լսում եմ մեր երգիչ-երգչուհիներին, որոնք իբր վերադարձել են դեպի ակունքները, իրականում շատերը դա անում են վուլգար ձեւով: Ուզում եմ հիացմունքս արտահայտել միայն Սիրուշոյի հանդեպ: Այդ աղջիկը հայկական շոու-բիզնեսի ամենալուսավոր կետն է: Մյուսների անունները չգիտեմ, ցանկություն էլ չունեմ նրանց ցածրորակ կատարումները ունկնդրելու»,- ասում է Ա. Սարգսյանը: Նա համոզված է, որ նման «մշակութային» սնունդ ընդունած այսօրվա երիտասարդներին, եթե, օրինակ, հարցնեն՝ Ալբեր Քամյուն կամ Ֆոլքները ո՞վ է, չեն պատասխանի: Ա. Սարգսյանը կարծում է նաեւ, որ ցանկացած գաղափարախոսության ներքո մարդը կարող է մեծանալ շատ զարգացած, որովհետեւ հնարավորություններն առաջին հերթին անձն է ստեղծում:

Ա. Սարգսյանն ասում է, որ ինքը խիստ հայր է. «Տղաներս երկուսն էլ ձեզ կվկայեն դա, այ, աղջկաս հանդեպ ավելի մեղմ եմ: Որդիներս սովոր են եղել, որ միշտ տան դրվածքի հետ պիտի հաշվի նստեն: Լավ հարաբերությունների մեջ ենք փեսայիս՝ Մուշեղի հետ: Ես նաեւ լավ սկեսրայր եմ, որովհետեւ հարսս՝ Ելենան է լավը»:

Թատրոն եւ ոչ մի դեպքում՝ «հաց ուտելու»

«Սիրում եմ թատրոն այցելել՝ Գաբրիել Սունդուկյանի, Ստանիսլավսկու անվան, Կամերային, բայց Դրամատիկականն է իմ մեծ նախասիրություններից մեկը, որովհետեւ իմ ընկերներն են այնտեղ աշխատում՝ Խանդիկյան Արմենը, Մսրյան Վոլոդյան, Արթուրը Ութմազյան … Քիչ ցանկություն եմ ունենում գնալ, այսպես ասած, մի կտոր հաց ուտելու, որովհետեւ դա ժամանակի սպանություն է… Փեսայիս հայրը՝ նկարիչ Հենրիկ Գարուկյանը այն հազվադեպ նկարիչներից է, որը սիրում է տարբեր ոլորտների ներկայացուցիչների, «շրջանակների» հրավիրել, իր ձեռքով ինչ-որ բան պատրաստել ու հյուրասիրել, նրան եմ հաճախ այցելում: Մեկ-մեկ էլ ուզում եմ միայնակ մնալ, որպեսզի կարողանամ ամփոփվել ինքս իմ մեջ, կենտրոնանալ: Խմիչքներից հայկական կոնյակ եմ նախընտրում՝ վարպետ Մարգար Սեդրակյանի ստեղծածները, հատկապես՝ «Նաիրին»: Լավ գինուց կամ խաշի հետ օղուց նույնպես չեմ հրաժարվում»,- ասում է Ա. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել