Լրահոս
Օրվա լրահոսը

Նաւասարդի 1-ը պէտք է յայտարարուի Հայկ Նահապետի օր

Մարտ 11,2009 00:00

Յելանելն մեր հանդէպ ամբոխին Բելայ՝ դիպել ջանասցուք տեղւոյն, ուր անցեալ կայցէ ի մէջ խռան քաջացն Բէլ: Զի կամ մեռցուք, եւ աղխ մեր ի ծառայութիւն Բելայ կացցէ, կամ զաջողութիւն մատանց մերոց ի նա ցուցեալ՝ ցրուեսցի ամբոխն, եւ մեք եղիցուք յաղթութիւն ստացեալք (Երբ մենք ելնենք Բէլի ամբոխի դէմ, աշխատենք խփել այնտեղ, որտեղ կանգնած կը լինի Բէլը քաջերի խուռն բազմութեան մէջ: Որպէսզի կամ մեռնենք, եւ մեր աղխը Բէլի ծառայութեան տակ ընկնի եւ կամ մեր մատների յաջողութիւնը նրա վրայ ցոյց տալով՝ ցրուի ամբոխը եւ մենք յաղթենք):

Յիսուս Քրիստոս յայտնութիւնից 2492 տարի առաջ Հայկ Նահապետի արտասանած զօրակոչից մեզ հասած այս խօսքերն են հայերիս ազգային գաղափարախօսութեան հիմքը: Սա հայի բնաւորութեան, խառնուածքի, բարոյական նկարագրի ու կերտուածքի, մեր պատմական հոգեբանութեան բազմախորհուրդ խտացումն է, համաշխարհային ռազմարուեստի պատմութեան գրաւոր հնագոյն յուշարձանը, որը Նինւէի գրադարանից քաղած ասորի պատմիչի աշխատութիւնից մէջբերել-սերունդներին է կտակել պատմահայր Մովսէս Խորենացին:

Մեր նախահօր արտասանած այս կարճ, հատու, բայց բազմախորհուրդ ռազմակոչը պէտք է մտնի դասագրքեր, որպէսզի ԱՄԷՆ ՀԱՅ ԲՆԱԳՐՈՎ ԱՆԳԻՐ ԱՆԻ եւ սովորեցնի այլոց: Հայկ Նահապետի բազմածալ ռազմակոչը համակողմանի բացելու-վերծանելու համար հարիւրաւոր էջեր չէին բաւականացնի: Այստեղ շատ թռուցիկ նշեմ հետեւեալը.

Քանի որ մեր ժողովրդի պատմութիւնը սկսւում է ԿՌԱՊԱՇՏՈՒԹԵԱՆ դէմ ապստամբութեամբ, ուստի ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԾՆՆԴԵԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ իր միասնութեան ու անկախութեան երաշխիք ԱԶԳԱՅԻՆ ԴԱՒԱՆԱՆՔԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՀՈԳԵՒՈՐ ԱԶԱՏԱՄԱՐՏՆ Է, որը Հայկ Նահապետի մեծագործութիւնից 2943 տարի յետոյ Հայաստանեայց եկեղեցին ս. Վարդան Մամիկոնեանի գլխաւորութեամբ վարեց Աւարայրում: Վարդան Արեւելցին, վկայակոչելով հայ եւ օտար բազմալեզու աղբիւրներ, այս մասին գրում է. «Հայկը այդ երկրի 71 նահապետների նման Բելի պատկերը չը պաշտեց, այլ նրանց պատկերապաշտ կենդանի առաջնորդին շուն կոչելով՝ սատակեց»: ԺԱ դարի վրաց պատմիչ Լէոնտի Մրովելին (Ռուիսեցի), «Քարթլիս Ցխովրեբայ» ժողովածոյի մէջ նշում է. «…Հայոսը այդ եօթ հսկաներին ժողովեց եւ ասաց. Օգնութեամբ արարչի չլինենք ոչ ոքի ծառայ, եւ ոչ ոքի չծառայենք բացի արարիչ Աստուծուց… Եւ Հայոսը արձակեց նետը եւ զարկեց Նեբրոթի կրծքին, պղնձեայ տախտակն անցնելով, դուրս եկաւ նրա թիկունքից»: Այսպիսով՝ մեր նախահայրը ոչ միայն դիմակազերծեց իրեն աստուած հռչակած բռնակալին, այլեւ նրա իսկ ենթակաների աչքի առաջ «սատակեց աստուածակարծեալ մսեղէն արձան»-ին (Սէբէոս, Պատմութիւն): Ասել է թէ՝ կռապաշտութեան ու բազմաստուածութեան դէմ մարդկութեան հոգեւոր պայքարը, բազմաստուածութիւնը ձեւաւորուելու ժամանակ, Հայկ Նահապետի ձեռամբ սկզբնաւորեց ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ: Այն միաժամանակ քաղաքակրթութեան արձանագրած առաջին համաժողովրդական պայքարն էր վասն խղճի ազատութեան, իրաւ Աստուածպաշտութեան, յառաջադիմութեան, ճշմարտութեան եւ բարու, որով մեր մեծագործ նախահայրը նախորդում է տիեզերական եկեղեցու Աստուածաշնչեան սրբերին…

Սա կնշանակի հայերս ոչ միայն սկզբից ի վեր եղել ենք ճշմարիտ աստուածապաշտ-ՄԻԱՍՏՈՒԱԾ, այլեւ սկզբնաւորել ենք քաղաքակրթութեան հոգեմարտը կռապաշտութեան ու բազմաստուածութեան, այսինքն՝ բարբարոսութեան ու յետամնացութեան դէմ: Այն իրողութիւնը, որ ս. Գրիգորի ձեռքով 301 թուականին հարիւր հազարաւոր հայեր միասնաբար մկրտուեցին եւ որ քրիստոնէութիւնը առաջինը ԱԶԳՈՎԻՆ հայերս ընդունեցինք, պատահական չէր, քանզի հայութեան համար «քրիստոնէութիւնը ոչ թէ հագուստ էր», այլ «մարմնի գոյն» (ս. Վարդան) եւ «Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն. այս երկուսի ճակատագիրը նոյնացած է» (Գարեգին Նժդեհ): Հետեւաբար՝ Հայկ Նահապետի ժամանակներից ի վեր հայերիս դաւանանքը եւ մեր ազգային գաղափարախօսութիւնն ու գաղափարաբանութիւնը միահիւսուած-նոյնացած են, անանջատելի:

Այս ու բազմաթիւ այլ իրողութիւններից մեկնելով, Հայութիւնը նաւասարդի 1-ը պէտք է կոչի Հայկ Նահապետի օր, դարձնի մեր ազգային-պետական կարեւորագոյն տօնը եւ նշի ամենուր, աշխարհի բոլոր ծայրերում: Քանի որ, ըստ Ղեւոնդ Ալիշանի, յուլեան տոմարով օգոստոսի 11-ը այսօր գործածւող Գրիգորեան տոմարով օգոստոսի 23-ն է, ուստի ճիշտ պիտի լինէր, որ Ազգային ժողովը օգոստոսի 23-ը հաստատէր Հայկ Նահապետի օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել