Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը՝ Եվրոդատարանի դե՞մ

Մարտ 13,2009 00:00

Ռուսաստանը պրոբլեմներ ունի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբան Եվգենիա Նազարեցի՝ «Ռուսաստանը կարող է լուրջ բախում ունենալ Եվրոդատարանի հետ: Բախման հիմքում է երկրում դատական որոշումների չկատարելը՝ ինչպես եվրոպական, այնպես էլ ներպետական»: Ռադիոկայանի մեկ այլ մեկնաբանի՝ Դանիլա Գալպերովիչի մեկնաբանմամբ. «Դեռ բավական տաք են այն խոսակցությունները, որ Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ունենալ Եվրախորհրդի հետ՝ Վրաստանում տեղի ունեցած պատերազմի կապակցությամբ: Բացի այդ, կա մեկ այլ պատճառ էլ՝ Մոսկվայի եւ Ստրասբուրգի միջեւ առաջացած վեճերը: Ստրասբուրգյան դատարանում Ռուսաստանը ներկայացնող դատավոր Անատոլի Կովլերը ՍԴ դատավորների հետ հանդիպման ժամանակ մանրամասնորեն շարադրել է Եվրոդատարանի կողմից հնչած դժգոհությունները: Անատոլի Կովլերի խոսքերով, Ստրասբուրգը Ռուսաստանին 6 ամիս ժամանակ է տվել՝ «համակարգի խնդիրները» վերացնելու համար եւ դադարեցրել է ԵԴ ռուսաստանյան դատավորների աշխատանքը 1 տարով՝ պարտականությունները չկատարելու պատճառով: Անատոլի Կովլերը նաեւ հայտարարեց, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կարող է Ռուսաստանի նկատմամբ այլ քայլեր ձեռնարկել՝ ընդհուպ մինչեւ կազմակերպության մեջ նրա անդամակցության դադարեցումը»:

Ըստ Մարդու իրավունքների եվրակենտրոնի մասնագետ Կիրիլ Կորոտեեւի՝ Ռուսաստանն իսկապես պարբերաբար չի կատարում ԵԴ որոշումները: Դա հատկապես նկատելի է Չեչնիայի գործերում: Այստեղ արդեն 80 որոշում է կայացվել, սակայն չի եղել մի դեպք, որ ԵԴ-ի որոշումից հետո պարզվեն մեղավորները եւ ենթարկվեն պատասխանատվության: Կորոտեեւի կարծիքով, Ռուսաստանը խախտում է նաեւ ԵԴ-ի կողմից տրված ուղղակի ցուցումները, մինչդեռ ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, Մոսկվային պարտադրվել է դրանք կատարել:

Մի շարք գործեր կապված են մարդկանց Միջին Ասիա արտաքսման հետ, հատկապես՝ Ուզբեկստան, չնայած ԵԴ-ն այդ գործողությունները արգելող որոշումներ է ընդունում: Ըստ ռ/կ-ի, Եվրախորհրդի կողմից գոյություն ունի եւս մեկ դժգոհություն. Պետդուման չի ուզում վավերացնել Կոնվենցիայի մարդու իրավունքների 14-րդ արձանագրությունը («Խտրականության արգելում»), որը Ստրասբուրգի դատարանի աշխատանքն ավելի արդյունավետ կդարձնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել