Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնախաբեություն

Մարտ 17,2009 00:00

Ոչ աշակերտներն են ուզում «մաքուր» աշխատել, ոչ՝ ուսուցիչները

Մարտի 9-14-ը կայացան ԳԹԿ-ի կազմակերպած ընթացիկ գնահատումները հանրակրթական դպրոցներում: Այս «մինի-քննությունների» կապակցությամբ բազմաթիվ ահազանգեր եւ արձագանքներ ստացանք մեր ընթերցողներից: Հիմնականում դրանք վերաբերում էին դրամահավաքին. դպրոցներում չէին նախատեսել գումարներ ընթացիկ գնահատման համար, եւ հիմա, կանգնելով փաստի առաջ, ստիպված էին ծնողների օգնությանը դիմել՝ ԳԹԿ-ի տրամադրած թեստերը պատճենահանելու համար: Ի դեպ, այս առիթով ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանը հետաքրքիր դիտարկում էր արել: Ըստ նրա՝ եթե տարեսկզբին ուսուցիչները աշակերտներից պահանջում են համապատասխան քանակով տետրեր՝ ստուգողական գրավորների համար, կարող են նույնը անել նաեւ ընթացիկ գնահատման համար՝ պահանջել մի քանի թերթ թուղթ՝ պատճենահանման համար:

Սակայն կային այլ խնդիրներ եւս: Մասնավորապես, 9-րդ դասարանի մի աշակերտուհի ԳԹԿ-ին առաջարկում էր այսուհետեւ թեստերի պատասխանները կայք-էջում տեղադրել ավելի ուշ, ասենք՝ ժամը 15-16-ին, քանի որ իրենց դասարանցիները, բջջային հեռախոսներով մտնելով կայք-էջ ժամը 13-ին, երբ իրենց ընդամենը 0,5 ժամ առաջ էին բաժանել նոր պատճենահանված թեստերը, կայք-էջից հանել են թեստերի պատասխանները եւ նույնությամբ լրացրել հարցաթերթիկը: Եվ ամբողջ դասարանը հոյակապ արդյունք էր ունեցել: «Ո՞ւմ է պետք այդ ինքնախաբեությունը»,- հարցնում էր մեր՝ բարձր գիտակցությամբ օժտված ընթերցողուհին:

Մեկ ուրիշ դպրոցական զանգահարել էր «Առավոտ»՝ մայրիկի հորդորով, եւ տեղեկացնում էր, որ իրենց ուսուցչուհին իր «լյուբիմչիցաներին» առանձին կանչել էր դասերից հետո եւ տվել նոր հարցաթերթիկներ ու առաջադրանքների պատասխանները, եւ նրանք նորից էին լրացրել այդ թղթերը: «Ոնց որ ստուգողականի ժամանակ է ընկեր Սիմոնյանը էդ երեք հոգուն օգնում, այդպես էլ ընթացիկ գնահատման ժամանակ օգնեց՝ հաջորդ օրը նոր ձեւաթուղթ տվեց ու թեստի պատասխանները, եւ իրենք լրացրեցին թեստը, հետո էլ մեզ մոտ գլուխ էին գովում»,- վրդովված պատմում էր 8-րդ դասարանի աշակերտ Վահանը:

Շատ էին նաեւ դժգոհությունները ավարտական դասարանների աշակերտներից: Բայց նրանք ավելի շատ դժգոհում էին թեստերի բարդությունից: «Ճիշտն ասած, ես հիմա պատմություն, հայերեն ու անգլերեն եմ պարապում եւ մաթեմատիկային այնքան էլ ուշադրություն չեմ դարձնում, բայց հույս ունեի, որ իմ ունեցած գիտելիքներով կգրեմ: Բայց այնքան բարդ էր, որ անկապ լրացրեցի: 25% հավանականություն կա, որ ճիշտ եմ լրացրել, բայց ոչինչ, ինչքան գիտեմ՝ այդ ընթացիկը կիսամյակիս վրա չի ազդելու: Չնայած պատմությանս դասատուն անցկացրեց մատյան գնահատականը, բայց հայոցն ու մաթեմը՝ չանցկացրին»,- հայտնեց մեզ 11-րդ դասարանցի Սարուխանյան Վարդուհին:

Երեխաների ամբողջական տվյալներն ունենք, սակայն չենք հրապարակում նախ՝ նրանց խնդիրների առջեւ չկանգնեցնելու, ապա՝ նաեւ այն պատճառով, որ նույն վիճակը գրեթե բոլոր դպրոցներում է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել