Շվեյցարական Դիգնիտաս հիվանդանոցը, որն օգնում է կյանքից հեռանալ ծանր հիվանդություններով մարդկանց, վերջերս հայտարարեց, որ հնարավորություն կտա ինքնասպանություն գործել միանգամայն առողջ մի կնոջ: Կանադայի մի քաղաքացի, որի անունը չի բացահայտվում, որոշել է կյանքին հրաժեշտ տալ իր ամուսնու հետ միաժամանակ, քանի որ վերջինս տառապում է անբուժելի հիվանդությամբ: Հիվանդանոցի հիմնադիր Լյուդվիգ Մինելին, պատասխանելով քննադատներին, նշում է, որ ցանկացած մարդ իրավունք ունի ինքնակամ զրկվել կյանքից: Ցյուրիխում գտնվող հիվանդանոցն արդեն օգնել է ինքնասպանություն գործել հարյուրավոր մարդկանց: Ընդ որում, Մինելին խոստովանում է, որ երբեմն ինքնասպանություն գործելու խնդրանքով դիմել են նաեւ հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ, սակայն դրանում նա մեղադրում է հոգեբույժներին, որոնք հրաժարվում են համագործակցել Դիգնիտասի հետ, հաղորդում է Newsru.com կայքը: Հօգուտ էֆթանազիայի՝ բերվում է նաեւ այն փաստարկը, որ անհաջող ինքնասպանությունը այնուհետեւ մեծ խնդիրներ է ստեղծում բժիշկների համար: «Այդ անհաջող փորձերը մարդկանց վրա թանկ են նստում»,- բացատրում է Մինելին: Տեսականորեն ինքնասպանին ուղեկցող բարեկամներին կարելի է մեղադրել ինքնասպանությանը մասնակցելու համար, դա մասնավորապես վերաբերում է կլինիկայում կյանքից հեռացած բրիտանացիներին, քանի որ բրիտանական օրենքը նման հանցանքի համար նախատեսում է 14 տարի ազատազրկում: Սակայն շվեյցարական օրենքներով օգնել ինքնասպանին՝ արգելվում է միայն այն դեպքում, երբ այդ օգնականը որոշակի շահ է հետապնդում:


















































