Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆՈՒՀԻ

Ապրիլ 10,2009 00:00

Ռումինիայի մայրաքաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության աղջիկների մրցապայքարը Հայաստանի կանանց հավաքականի հաշվարկն ավելացրեց երեք մեդալով:

Մինչեւ 69 կգ քաշային կարգում հանդես եկող գյումրեցի Նազիկ Ավդալյանը, թեեւ համառ պայքարում Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Օքսանա Սլիվենկոյին, սակայն վստահ առավելության հասավ մեկ այլ ռուսաստանցու՝ Տատյանա Մատվեեւայի նկատմամբ:

Պոկում վարժությունը Ավդալյանը սկսեց 105 կիլոգրամից եւ առաջին իսկ մոտեցումով բարձրացրեց այն, ինչին Սլիվենկոն պատասխանեց 106 կգ-ով: Շատ շուտով, բայց արդեն երկրորդ մոտեցումից, նրանց պայքարին միացավ ուկրաինուհի Յուլյա Արտյոմովան, որը սկզբնական 103 կիլոգրամից հետո հաջողությամբ հաղթահարեց նախ՝ 106, ապա՝ 108 կիլոգրամը:

Պատվիրած 110 կգ-ն Նազիկը երկրորդ մոտեցմամբ ձախողեց եւ հենց այդ անակնկալն էլ, գուցե, հետագայում իր դերակատարությունն ունեցավ տեղերի վերջնական բաշխման վրա, քանի որ մեր մարզուհին ստիպված եղավ վերջին մոտեցումը տրամադրել նույն քաշը հաղթահարելուն: Իսկ Օքսանան վստահ՝ հերթով իր կամքին ենթարկեց 111, այնուհետեւ 115 կիլոգրամները՝ նվաճելով փոքր ոսկե մեդալը: Նազիկ Ավդալյանը բավարարվեց «արծաթով»:

Հրում վարժությունում կրկին պայքարը հիմնականում ընթանում էր այս երկու ծանրորդների միջեւ, սակայն այս մրցաձեւում նրանց ձեռնոց նետեց Տատյանա Մատվեեւան, որին հաջողվեց նույնիսկ 137 կգ-ով շրջանցել Նազիկին, որը երկամարտի արդյունքով «ոսկուն» արժանանալու նպատակով 135 կիլոգրամը բարձրացնելուց հետո որոշեց ռիսկի գնալ՝ ծանրաձողի քաշը միանգամից բարձրացնելով ամբողջ 10 կիլոգրամով ու երկու անգամ էլ չկարողացավ այն բարձրացնել:

Այսպիսով, Նազիկ Ավդալյանը պոկում վարժությունում 110 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալ, հրումում (135 կգ)՝ բրոնզե, իսկ երկամարտի 245 կիլոգրամով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930