Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը հասավ իր նպատակին

Ապրիլ 14,2009 00:00

Չնայած անհատ տաքսիների վարորդների շարունակական ցույցերին ու բողոքներին, կառավարությունը որոշեց, որ թեեւ փոքր-ինչ մեղմացված պայմաններով, այնուամենայնիվ, նրանք պետք է դառնան անհատ ձեռնարկատեր եւ աշխատեն հարկային դաշտում: Ինչպես եւ մարտի 30-ի ասուլիսում հայտարարել էր տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, ապրիլի 6-ից Պետական եկամուտների կոմիտեի, Ճանապարհային ոստիկանության եւ Տրանսպորտային տեսչության աշխատակիցները «թաքնված տաքսիստներին» հայտնաբերելու ուղղությամբ պետք է համատեղ ստուգայցեր իրականացնեին: Եթե մինչ այդ տաքսիստները ինքնակամ չներկայանային նախարարություն եւ իրենց գործունեությունը լիցենզավորելու վերաբերյալ դիմում չներկայացնեին, ապա նրանք պետք է տուգանվեին ապօրինի աշխատած յուրաքանչյուր ամսվա համար՝ 150- հազարական դրամի չափով: Նախարարի այս նախազգուշական հայտարարությունը բավականին զգաստացրել է չլիցենզավորված տաքսիստներին, որոնք, խուսափելով տուգանքներից, շտապել են օրինականացնել իրենց գործունեությունը: Այսպես, Պետական եկամուտների կոմիտեի տեղեկացմամբ, ապրիլ ամսվա միայն առաջին 10 օրերին տաքսի ծառայություն իրականացնող պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի թիվը կրկնապատկվել է. «Եթե մարտ ամսվա ընթացքում գրանցվել է թեթեւ մարդատար ավտոմեքենաներով տաքսի ծառայություն իրականացնող 40 անհատ ձեռնարկատեր, ապա միայն ապրիլ ամսվա առաջին 10 օրվա ընթացքում գրանցվածների թիվը կրկնակի ավելացել է: Նշված ժամանակահատվածում գրանցվել է 83 անհատ ձեռնարկատեր»:

Ինչ վերաբերում է հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների արդյունքներին, ապա, Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզության վարչության պետի տեղակալ Մելքոն Աղաջանյանի հավաստմամբ, արդեն հայտնաբերվել է անօրինական գործունեություն իրականացնող 23 անհատ տաքսիստ. «Հիշեցնեմ, որ մեկ ամսվա ապօրինի գործունեություն իրականացնողների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը մոտ 150 հազար դրամ է, մինչդեռ օրինական դաշտում գործելու դեպքում՝ նրանց հարկային պարտավորությունը կկազմի ամսական ընդամենը 14 հազար դրամ»:

Նշենք, որ անհատ տաքսիստները լիցենզիա ստանալու համար պետք է վճարեն տարեկան 25 հազար դրամ՝ պետական տուրք, եւ, բացի այդ, հաստատագրված վճար. Երեւանում՝ ամսեկան 6800 դրամ, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում՝ 6200, իսկ այլ վայրերում՝ 5600 դրամ:

Բացի ամսական հաստատագրված վճարից, վարորդները պարտավոր են վճարել նաեւ նվազագույն սոցիալական վճար՝ ամսական 5000 դրամի չափով: Ընդհանուր առմամբ, արդեն անհատ ձեռնարկատեր դարձած տաքսու վարորդը վճարելու է տարեկան 170 հազար դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել