Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵՒՈՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ապրիլ 24,2009 00:00

«Հայ առաքելական եկեղեցու վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ Հայաստանում կա 56 աղանդ, որոնք ունեն 350-400 հազար հետեւորդներ: Աղանդավորների թիվը մեծ է հատկապես սահմանամերձ բնակավայրերում եւ, որոշ տվյալների համաձայն, մայրաքաղաքի բնակչության 50%-ը աղանդավոր է»,- ասաց Սուրբ երրորդություն եկեղեցու քահանա Ստեփանոսը:

Աղանդավորների գործունեության տարածումը սկսվում է 18-25 տարեկանների հետ, այսինքն՝ նրանց համար «ռազմավարական» նշանակություն ունեն դպրոցներն ու բուհերը, իսկ թե ինչ նշանակություն ունի այդ խավը պետության, ժողովրդի համար՝ ինքնին հասկանալի է:

Ըստ Ստեփանոս քահանայի, մեզ մոտ առավել տարածված են «Եհովայի վկաներ» աղանդի հետեւորդները: Բոլոր աղանդների նման՝ նրանք էլ պնդում են, որ ամբողջ աշխարհում ճիշտն իրենք են, իսկ կաթոլիկ, ուղղափառ, բողոքական եկեղեցիներն Աստծուն թշնամի են: Ըստ Ստեփանոս քահանայի՝ «Եհովայի վկաների» հավատը հակաառաքելական, հակասուրբգրքային է, այն բացարձակ ժխտական է, եւ սեւ հոգով տոգորված: Նրանք ավելի շատ ուրանում են Աստծուն, քան հավատում: «Եհովայի վկաները» չեն հավատում Քրիստոսի եւ Սուրբ Հոգու աստվածությանը: Նրանք ուրանում են Քրիստոսի՝ կատարյալ Աստված եւ կատարյալ մարդ լինելը, ինչպես նաեւ դատաստանը, հավիտենական պատիժն ու դժոխքը, չեն հավատում խաչի պաշտամունքին, չեն խոնարհվում որեւէ երկրի դրոշին: «Եհովայի վկաների» պնդմամբ, բոլոր եկեղեցիները սատանայի իշխանության տակ են: Նրանք չեն օգտագործում եկեղեցի բառը, այն փոխում են կազմակերպություն, համայնք կամ ժողով բառերով: «Չնայած աղանդավորները մերժում են իրենց կազմակերպության անդամի «ինքնագործունեությունը», այսինքն՝ որեւէ անհատի մտավոր ունակության դրսեւորումը, սեփական կարծիքի արտահայտումը, այնուամենայնիվ, ՀՀ-ում կան աղանդավոր քաղաքական գործիչներ»,- նշեց Ստեփան քահանան:

Աղանդավորների դեմ պայքարի նպատակով մայրաքաղաքի բոլոր եկեղեցիներում շաբաթական 2 օր հոգեւոր դասընթաց է կազմակերպվում բոլոր ցանկացողների համար: Եկեղեցիներին կից գործում են նաեւ երիտասարդական միություններ: Բոլոր ցանկացողները մասնակցում են Աստվածաշնչային սերտումներին, երիտասարդներին հուզող թեմաների շուրջ դասախոսություններին, քննարկումներին, մշակութային, բարեգործական միջոցառումներին, ուխտագնացություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել