Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքից հետ կանգնեցին

Մայիս 05,2009 00:00 Share

ԼՂՀ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ պատգամավորները մի շարք հարցեր են ուղղել արտգործնախարարին՝ կապված ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների հետ: Խոսվել է նույնիսկ Հայաստանին՝ Ղարաբաղի անունից բանակցելու համար պատասխանատվության ենթարկելու մասին: Նիստում հնչած հայտարարությունների շարունակությունը, թերեւս, եղավ այն, որ պատգամավորները, lragir.am-ի տվյալներով, շուրջ 20 հոգի, հանդես են եկել նախաձեռնությամբ՝ երեկ արտահերթ նիստ հրավիրելու համար, եւ ներկայացրել քննարկվելիք հայտարարության նախագիծը:

Հայտարարության նախագծում, կայքի տեղեկությունների համաձայն, հիմնականում նշված է, որ ղարաբաղյան կողմը չի կարող պարտավորություն ստանձնել առանց իր մասնակցության ձեռք բերված ցանկացած պայմանավորվածության կամ համաձայնագրի համար, ղարաբաղյան կողմը ոչ մեկին չի լիազորել ներկայացնելու իր շահերը, եւ որ ժամանակն է, որ ԼՂՀ-ի ու ՀՀ-ի միջեւ կնքվի միջպետական պայմանագիր՝ ռազմավարական գործընկերության մասին: Սակայն երեկ պարզ դարձավ, որ այդ 20 պատգամավորներից մոտ 11-ը «հետ են կանգնել» իրենց որոշումից: Դրանք հիմնականում «Հայրենիք» խմբակցության, «Արցախատուն» պատգամավորական խմբի պատգամավորներն են, որոնց որակմամբ, «ստորագրությունները սառեցվել են»: Պատճառները lragir.am-ը փորձեց ճշտել նշված պատգամավորներից: Օրինակ «Արցախատուն» խմբի ղեկավար Գարիկ Գրիգորյանը մեր այն հարցին, թե ինչու է «հետ վերցրել» իր ստորագրությունը, նշել է, որ պատճառ չկա: Խմբի մեկ այլ պատգամավոր՝ Ռուդոլֆ Մարտիրոսյանի խոսքերով, ստորագրությունը (որն, ի դեպ, կա այն ձեւաթղթում, որում առաջարկվում է արտահերթ նիստ գումարել) «սառեցվել է» այն պատճառով, որ գտնում է, թե այդ հարցի քննարկումն ավելի լիարժեք կլինի, եթե մասնակցություն ունենան նաեւ ՀՀ արտգործնախարարը, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը եւ այլն: Իսկ սկզբից ստորագրումը պատգամավորի հիմնավորմամբ՝ «քաղաքական ակտիվության արդյունք էր»: «Հայրենիք» խմբակցության անդամ Արպատ Ավանեսյանը կայքի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ խմբակցության պատգամավորները որոշել են գործընթացը «սառեցնել», սակայն պատճառը նա չի ասել՝ հիմնավորելով, որ այն պետք է խմբակցության ղեկավարը հայտնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել