Այս տարվա մարտ- ապրիլ ամիսներին Հայաստանում ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 6,6% ընդհանուր գնաճ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության, սա հիմնականում պայմանավորված է կենցաղային տեխնիկայի, կահույքի, լվացող միջոցների եւ դեղորայքի թանկացմամբ: Օրինակ, դեղամիջոցները նշված ժամանակահատվածում թանկացել են 10,4%, իսկ տեխնիկան՝ 2,9%-ով:
Մինչեւ 2,3% աճ է արձանագրվել նաեւ շինանյութի, հագուստի, կոշկեղենի, գորգեղենի, ոսկերչական ապրանքների եւ գրենական պիտույքների շուկայում:
2009-ի ապրիլին, մարտի համեմատությամբ, մեր երկրում գրանցվել է բենզինի 3,11% գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը նվազել է 2,1%-ով: Ընդհանուր առմամբ, հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2009թ. ապրիլին, մարտի համեմատությամբ, արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 1,4-3.5% գնաճ, իսկ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Դիլիջանում: Երեւանում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 3.2%-ով:
Ինչ վերաբերում է բնակչության մատուցած ծառայությունների՝ 5,6%-ով թանկացմանը, ապա, աղբյուրի տեղեկացմամբ, դա պայմանավորված է բնակարանային-կոմունալ ծառայությունների գնաճով: Բարձրացել են ինչպես խմելու ջրի, այնպես էլ գազի եւ էլեկտրաէներգիայի սակագները: Նշենք, որ գնաճ է արձանագրվել նաեւ հանրային սննդի, բուժսպասարկման, կապի ծառայությունների ոլորտներում: Մայրաքաղաքում ծառայությունների սակագներն աճել են 5,8%-ով:


















































