Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԷԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ

Մայիս 07,2009 00:00

Երեկ ռուսաստանյան Նիժնի Նովգորոդ քաղաքի իրավապահները հրապարակել են 34-ամյա Ալեքսեյ Յակիմովի դիմումը, ըստ որի՝ 2 ոստիկաններ խոշտանգել են նրան, իսկ այնուհետեւ փորձել են խեղդել Վոլգա գետում: Յակիմովը ոստիկանության բաժնում հայտնվեց ապրիլի 5-ին: Քաղաքի կենտրոնում տաքսու վարորդների վեճին միջամտել էին քաղաքացիական հագուստով 2 հարբած ոստիկաններ, եւ երբ Յակիմովը խնդրել է նրանց փաստաթուղթ ցույց տալ, իրավապահներն ասել են, որ դա կանեն ոստիկանության բաժնում: Սակայն, երբ Յակիմովին բերել են բաժին, նրան ձեռնաշղթաներ են հագցրել, սկսել են ծեծել ու խոշտանգել՝ այդ գործողությունների արանքում գարեջուր խմելով: Խոշտանգելիս ոստիկանները Ալեքսեյի գլխին հագցենում էին պոլիէթիլենե տոպրակներ, դրանք պտտեցնելով վզի վրա, որի հետեւանքով զոհը պարբերաբար կորցնում էր գիտակցությունը: Երբ Յակիմովը ջուր է խնդրել, նրա գլխին հագցրել են գարեջրով լցված տոպրակը։ Այնուհետեւ ոստիկանները Ալեքսեյին կապել են ջեռուցման մարտկոցին եւ այդ վիճակում շարունակել հարվածել: «Առավոտվա կողմը ես մի սխալ գործեցի,- պատմում է Յակիմովը,- ասացի, որ բողոքելու եմ: Ի պատասխան՝ ոստիկաններն ասացին, որ ես այստեղից կենդանի դուրս չեմ գա»: Ալեքսեյին տարան Վոլգայի ափ, հանցանշան չթողնելու համար հանեցին ձեռնաշղթաները, գցեցին գետը: Ալեքսեյին հրաշքով հաջողվեց փրկվել: Այս գործով դատախազությունն առայժմ քրեական գործ չի հարուցել, սակայն ոստիկանության սեփական անվտանգության վարչությունը հաստատել է տուժածի վարկածը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել