Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ

Մայիս 22,2009 00:00

\"\"Ընդդիմության ներկապնակը

Համատարած բարոյահոգեւոր ճգնաժամի համար ես հեռու եմ միայն ներկայիս իշխանություններին մեղադրելու մտայնությունից: Այս ճգնաժամի մեջ են ներքաշված ընդդիմությունից, մտավորականությունից՝ մինչեւ բոլոր պետական այրերը: Բոլորն էլ պատասխանատու են ստեղծված իրավիճակի համար:

88-ից սկսած, համազգային վերելքի պայմաններում ժողովրդական շարժումը կարող էր կանխել բարոյական անկումը: Սակայն իշխանության օղակներ էին թափանցում խորհրդային պայմաններում կոռուպցիայի մեջ թրծված կամ կաշառակերության ծարավ մարդիկ: Իսկ կոռուպցիայի պայմաններում մշակույթն ու գրականությունը ետին պլանում են հայտնվում, արդեն հայտնվում է բարոյահոգեւոր անկումը:

Իշխանություններն ու ընդդիմությունը այս հարցում պետք է միավորվեն, միասնական ուժով փորձեն բուժել հասարակությունը ախտից, որի անունն է՝ բարոյահոգեւոր անկում:

Իսկ ահա անսպասելի ու տարօրինակ դիպվածներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում: Բոլորի համար անսպասելիորեն մի կուսակցության առաջնորդ ետ է կանգնում իր դիրքերից, որտեղ սովորաբար սովոր էր ժողովուրդը տեսնել նրան. անզիջում, միշտ հանրության շահերի պաշտպանի կեցվածքով: Այսօր նա կարծես թե գունավոր ակնոցներ է կրում, ամեն ինչ արդեն վարդագույն է տեսնում: Պարզվում է, որ իշխանությունները գտել են նրա թույլ տեղը: Նրա որդուն կարեւոր (կոռուպցիայի հնարավորություններով) պաշտոն են տվել… այսինքն՝ «կատվի վազելը մինչեւ մարագն էր»: Արդյունքում՝ իշխանությունները կորցրին մի կարեւոր ընդդիմախոս-սանիտարի, որը աչալրջորեն հսկում էր իրենց գործունեությունը, ճիշտ ուղղություն ցույց տալիս, կանխում սխալները:

Նախագահական վերջին ընտրություններում անհաջողությունից հետո ակտիվ ընդդիմադիրներից Վազգեն Մանուկյանն ասես ետ է քաշվել, թուլացրել դիրքերը: Հիմա հարց է առաջանում՝ նա կկարողանա՞ Հանրային խորհուրդը որպես իշխանությունների, ընդդիմության եւ հասարակության միջեւ կապակցող օղակ դարձնել, թե՞ այն կվերածվի իշխանությունների կամակատարի: Անշուշտ, դա կախված է նաեւ խորհրդի անդամների որակից: Նախագահի նշանակած 12 հոգանոց թիմը չի փայլում որակական տեսանկյունից: Թվում է, թե նախագահը ավելի համարձակ պետք է լիներ թեկնածուների ընտրության հարցում: Ընդդիմության վերացումը գուցե ժամանակավորապես ուժեղացնում է իշխանությունների դիրքերը, սակայն ռազմավարական տեսանկյունց ավելի խոցելի է դարձնում նրան: Իսկ մեր հասարակությանն այսօր, ավելի քան երբեք, անհրաժեշտ է կայունություն, համաչափություն ու ներդաշնակ զարգացում: Հետեւելով Հանրային խորհրդի անդամների ընտրություններին՝ արդեն տեսնում ենք ապագայի կոռուպցիոն համակարգերից մեկի ձեւավորման գործընթացը: Խորհրդի թափուր տեղերի համար ընտրություններն ընթանում են բուռն պայքարի պայմաններում: Թեկնածուներն այստեղ կարիերայի համար տրամպլին են տեսնում: Վախենամ թե, Հանրային խորհուրդը բյուրոկրատական յուրօրինակ մեքենայի վերածվի: Չգիտեմ, Վազգեն Մանուկյանը կամ Հանրային խորհրդի այլ անդամներ ի վիճակի կլինե՞ն կանխել այս երեւույթը: Դժվար է ասել՝ հենց մարդկանց մտածելակերպի խանգարվածության, բարոյական համատարած անկման պատճառով: Այս տեսանկյունից երկրի նախագահը պետք է իներտ, անմասնակից մարդկանց փոխարեն իսկական մարտիկների ընտրեր: Իսկ 12 հոգանոց ուժեղ թիմը ունակ կլիներ ամեն մի խիզախության, իհարկե, եթե այս ամենը ժողովրդի աչքերին թոզ փչելու համար չի արվում: Հանրային խորհրդի անդամները շատ ջանքեր պետք է գործադրեն հակառակը ապացուցելու համար:

Իսկ ի՞նչ դիրքերից է հանդես գալիս արմատական ընդդիմությունը: Այն բավականին ագրեսիվ է, անհանդուրժող եւ թշնամական է տրամադրված ոչ միայն իշխանությունների, այլեւ իրենց հետ չեկողների նկատմամբ: Կարող եմ ասել, որ այս կեցվածքը նրա գլխավոր թերությունն է: Վերջերս մամուլի ասուլիսում ես հայտնեցի իմ կարծիքը ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս մղելու մասին, նշելով, որ այն տեղի է ունեցել երկրի առաջին նախագահի ղեկավարման տարիներին, շարունակվել է հաջորդ նախագահների ժամանակաշրջաններում: Աշխարհում ընդունված է այս կամ այն իրադարձության ժամանակաշրջանը թվականների փոխարեն նշել տիրապետող թագավորների անուններով: Ըստ երեւույթին, դա վիրավորել էր արմատական ընդդիմության առաջնորդների ինքնասիրությունը, որն արտահայտվել է արմատական ընդդիմության համակիր թերթերից մեկում իմ հասցեին թափված լուտանքներով, ինձ համարելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի գործակալ, չնայած լավ գիտեն, որ ես երբեք որեւէ կուսակցության անդամ չեմ եղել, որեւէ կառավարության կազմում չեմ եղել, ընտանիքիս նյութական զրկանքների գնով պահպանել եմ իմ գրողական, հրապարակախոսական անկախությունն ու ինքնությունը:

Եթե պարզ խոսելը բոլոր դեպքերում ավելի գնահատելի է, ապա ասեմ, որ արմատական ընդդիմության ամենաթույլ կողմը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի լիդերությունն է: Այն անցած էտապ է: Լեւոն Տեր-Պետրոսյանի անունն այսօր կապվում է երկրում արհեստականորեն, ի հեճուկս մեր թշնամիների, ստեղծված էներգետիկ ու տնտեսական ճգնաժամի հետ, իսկ հասարակությունը երբեք չի ներելու նրան: Ես գրում եմ այս մասին, որովհետեւ անհանգիստ եմ արմատական ընդդիմության ճակատագրի համար: Երկրին անհրաժեշտ է առողջ եւ ողջախոհ ընդդիմություն՝ իր խելամիտ ու հայրենասեր առաջնորդներով, որը բացառի 2008-ի մարտի 1-ի նման իրադարձությունները: Նման ցնցումները կարող են վտանգել պետության անվտանգությունը: Ես տեսել եմ, թե ինչպես են երիտասարդ տղաները քաղաքում արտակարգ իրավիճակը հսկելու բերված զինվորականներից տվյալներ հավաքում՝ նրանց զորամասերի մասին, որը համացանցով անարգել հաղորդում են ադրբեջանցիներին: Այս տվյալների հիման վրա էլ ադրբեջանական բանակը անմիջապես հարձակում է կատարում Մատաղիսի ուղղությամբ, մտածելով, թե տեղի դիրքերում զինվորներ չեն մնացել: Արմատական ընդդիմադիր լիդերին հավատարիմ տղաները այս կերպ արջի ծառայություն մատուցեցին մեր երկրի թիվ մեկ թշնամուն:

Ընդդիմադիր խմբերի՝ այս կամ այն առիթներով իշխանության մեջ մտնելն ու դուրս գալը բնական երեւույթ է, կապված է դիրքերի ամրապնդման հետ: Եթե «Օրինաց երկիր» կուսակցությանն իշխանության մեջ մտնելը նրա առաջնորդների համար իշխանություններում կարեւոր դիրքեր գրավելն էր, ապա ՀՅԴ-ն, դուրս գալով իշխանական կոալիցիայից, իրոք կարող է ավելի սկզբունքային ընդդիմադիր դառնալ, հետագայում հավակնել իշխանական առաջին դիրքերին:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել