Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵՔ

Մայիս 22,2009 00:00

Հայաստանում ճշմարտություն որոնելը վտանգավոր է

Նույնիսկ եթե խոսքը վերաբերում է փորձարարական գիտությանը՝ քիմիային, իսկ բանավեճը կատարվում է ՀՀ ԳԱ ակադեմիայում: Չզարմանաք, բայց հենց ԳԱԱ ակադեմիկոսներն են, որ փաստեր կեղծելով՝ իրենց տգիտությունը կոտրել են իմ ու երկրի ղեկավարների գլխին: Հավատալու բան չի՞: Այդ դեպքում տեսեք, թե ինչպես են ՀՀ ԳԱԱ մեր ինստիտուտի «մեծերը» իմ այդ ջախջախիչ մեղադրանքը հավաստել «Առավոտ» թերթում (իմ մեղադրանքը՝ 25.03.09, նրանց պատասխանը՝ 04.08.09): Իբրեւ թե (ուշադիր եղեք) «քիմիայի տեսությունը անվրեպ» դարձնելու» իմ «առաջարկը հիմնված է բացարձակապես անհիմն եւ իմաստազուրկ թվաբանական հաշվարկների եւ դիլետանտական ամփոփումների վրա: Վերջիններս ապացուցելու համար Գեւորգյանի կողմից օգտագործվում են անընդունելի մոտեցումների հիման վրա ստացված փորձնական արդյունքներ»: «Ամենակարեւորը՝ «տեսության» հիմնաքարում դրված է հեղինակի կողմից պնդվող բոլոր էլեմենտների էլեկտրադրականության գաղափարը, որն ինքնին աբսուրդ է»: Եթե այդ մեղադրանքներից գոնե մեկը ճիշտ լիներ, ինքս կսպանեի այդ «տգետին»: Բայց հակառակ ՀՀ ԳԱԱ այդ «ամենագետների», նշված «տգիտություններից» ոչ մեկի հեղինակը ես չեմ: Նրանց բոլորի տերը մի «ոմն» Լ.Պոլինգ է, ով իր այդ «հիմարությունների» համար արժանացել է … Նոբելյան մրցանակի: Ես միայն նրա այդ «իմաստազուրկ ամփոփումներից» «սխալվել» օգտվել եմ, որի համար «հազար ներողություն եմ խնդրում»: «Ներողությունս» էլ նրա համար է, որ իմ աշակերտներին մի այլ գիտական սխրանքի մղելով, կարողացել ենք (երեւի դարձյալ՝ «սխալմամբ») գտնել ատոմների խնամակցական ուժերի այնպիսի չափանիշ, որը կիրառելի է բոլոր քիմիական կապերի՝ բոլոր ատոմների համար՝ նրանց բոլոր քիմիական ռեակցիաներում: Այդ նույն «անառարկելի խելոքների» գիտական մակարդակի մասին է վկայում եւ այն փաստը, որ նրանց այդ հոդվածում չկա գոնե կես նախադասություն, որը համեմված չլինի նույնպիսի «համոզեցուցիչ» ապացույցներով: Իրավիճակն էլ ավելի է ահագնանում նրանով, որ այդ ամենաթողությունը տեղի է ունեցել ՀՀ ԳԱԱ նախագահի «բարձր հովանու ներքո»: Այլապես բացառվում է (մանավանդ՝ իմ բազմաթիվ զգուշացումներից հետո), որ «ժամկետանց» գիտելիքներով զինված «ժամկետանց» մարդիկ, առանց վախ ու ամոթի, երկրի ԳԱԱ-ն դարձնեին մարտնչող տգիտության Ազգային կենտրոն: Ակադեմիկոսի ցինիզմն այն աստիճանի է հասել, որ իմ հարցին՝ թե «ինչո՞ւ չի յուրացնում նոր տեսության դրույթները», տվել է «սպառիչ» պատասխան. «մեռնելուս ժամը եկել է՝ ինչի՞ս են պետք դրանք»: Պատահական չէ, որ այդ «կիսամեռը» ինստիտուտում իսպառ վերացրեց գիտական քննարկումները («թագը տարավ պահեց») եւ ակադեմիական հիմնարկում վերականգնեց այնպիսի «ճորտատիրական կարգեր», որտեղ վճռորոշը ճորտատիրոջ (այսինքն՝ նույն ակադեմիկոսի) խոսքն է: Պատճառն ակնհայտ է. կատարել քննարկումներ եւ շրջանցել նոր տեսությունը՝ բացառվում է: Դրա համար էլ նա սկսեց գործարկել իր իմացած սաբոտաժն ու դիվերսիոն պատերազմի միջոցները: Այսպես, երբ որպես դասական եւ նոր գիտելիքների գիտակ, ես ասում էի (հիմա էլ պնդում եմ), որ մեր այդ տեսության միջոցով հնարավոր է երկրին բերել միլիոնավոր (եթե՝ ոչ միլիարդավոր) դոլարների շահ, ՀՀ ԳԱԱ այդ ծաղրանկարային գիտելիքների տոպրակը առարկեց եւ առանց հիմնավորում բերելու հավատացրեց երկրի ղեկավարներին՝ թե ճշմարտությունն իր տգիտությունն է: Նրանք էլ որտեղից պիտի իմանային, որ իրենց «պաշտոնական խորհրդատու» ԳԱԱ-ի «ակադեմիկոսները» կարող են լինել իրական գիտելիքից այնքան հեռու, որ նրանց «խելոքների խելոքը» լինի վերոհիշյալ ծաղրանկարային հոդվածի հեղինակ: Ո՞ւմ մտքով կանցներ, որ մեր ՀՀ ԳԱԱ-ի «կոմեդի կլաբի» այդ հիմնադիրը նաեւ «ի ծնե» է սարսափում բանավեճերից, քանի որ ոչ կարդում է, ոչ՝ կարդացածը հասկանում: Դրա համար էլ նա ամեն գնով խույս է տալիս որեւէ խնդիր առերես քննարկելուց, մանավանդ՝ գիտական եւ մանավանդ՝ իմ դեմ: Ինչո՞ւ: Նա ոչ մի կասկած չունի, որ այդպես ծիծաղի առարկա կդառնա եւ հօդս կցնդի նրա գիտելիքների մասին եղած սուտ առասպելը: Այսինքն՝ ՀՀ ԳԱ ակադեմիան իմ կոնկրետ օրինակով ցույց է տվել (իր այդ «ակադեմիկոս» կոչվածի տգետ «մահակով»), որ Հայաստանում նախ՝ արդարություն մեռցնելը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ անվտանգ: Երկրորդը՝ մեր երկրում ոչ մի գիտնական (եւ ոչ միայն նա) ոչ մի պատասխանատվություն չի կրել եւ չի կրելու՝ ոչ իր արած, ոչ չարած գործերի համար:

Հետեւապես, ՀՀ ԳԱԱ ներկա համակարգն արդեն այնպես է այլասերվել, որ նրա ղեկավարներ են կարգվում միայն գիտության ոխերիմ թշնամիներ կամ լավագույն դեպքում՝ կրկեսի աճպարարներ: Այդ դեպքում՝ ո՞րն է այդպիսի կառույց պահելու իմաստը: Կամ՝ ինչո՞վ է տարբերվում նրա արածը այն եղեռնից, որը թուրքերը բերեցին հայերի գլխին: Գուցե միայն նրանով, որ այս մեկը իրականացրել են «ԳԱԱ ակադեմիկոսի» տարբերանշան կրող ավազակներ՝ սեփական նախաձեռնությամբ, մեր ժողովրդի փողերով, մեր գիտության ու երկրի դեմ՝ գիտակցաբար եւ սադիստի մեծագույն հաճույքով: Հանելուկ է նաեւ, որ մեր երկրի ղեկավարները, անտեսելով վերեւում բերված եւ հիրավի աչք ծակող ապացույցները, անցել են կառավարության անդամ ԳԱԱ նախագահի կողմը: Երեւի նրանց թվում է, թե կարող է «կոմեդի կլաբի» տգիտությունը երկրին ավելի շատ օգուտ բերել, քան հազարավոր փորձերով հաստատվող այդ տեսությունը: Ոչ, պարոնայք, նրանք իսկապես տգետներ են եւ իրոք խայտառակում են ձեզ, իսկ այս տեսությունը երկրին կբերի միջոցներ ու համբավ, մանավանդ որ՝ կփրկվեն նաեւ այն երիտասարդները, ովքեր գիտական սխրանքի համար ստորացվել ու գլխատվել են ԳԱԱ տգետ ակադեմիկոսների կողմից: Ամոթ է, պարոնայք, ուշքի եկեք, Հայաստանը մի դարձրեք նոր ինկվիզիցիայի եւ գիտական ահաբեկչության հայրենիք: Այլապես՝ ոչ հայությունը ձեզ կների, ոչ նույնիսկ՝ որեւէ հետամնաց երկիր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031