Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության դեմ կասկածող կա

Մայիս 23,2009 00:00

\"\"Նախօրեին Ազգային ժողովում քննարկման դրված «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը այնքան էր վրդովեցրել պատգամավորներին, որ նրանցից ոմանք նույնիսկ հայտարարեցին, որ այդ նախագիծը «աբսուրդ» եւ հակապետական է, իսկ նրանք, ովքեր հեղինակել են այն, մեր երկրի տնտեսությունը փլուզելու նպատակ ունեն: Նշենք, որ օրենքի նախագծով նախատեսվում է, որ հարկային տեսուչը, առանց զգուշացման, կարող է մտնել ցանկացած տնտեսվարողին պատկանող ընկերություն եւ ստուգումներ իրականացնել, մասնավորապես ստուգել, որ ընկերությունը իր եկամուտները հարկայինից չթաքցնի ու կեղծ փաստաթղթեր չներկայացնի:

Երեկ ասուլիսի ժամանակ այս թեմային անդրադարձավ նաեւ ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը: Պատգամավորի կարծիքով, այդ օրինագծի ընդունման դեպքում մեր տնտեսությունը կկանգնի լուրջ խնդիրների առջեւ, քանի որ այն կընկնի վերահսկողության տակ, եւ այլեւս տնտեսական մրցակցություն գոյություն չի ունենա։ Ա. Նռանյանի ներկայացմամբ. «Այս փաթեթը կառավարության կողմից նախկինում ներկայացված բոլոր փաթեթներից յուրահատուկ է նրանով, որ այս անգամ չգտնվեց գոնե մեկ պատգամավոր, որը կողմ լիներ։ Կառավարությունն ասում է, թե նպատակը ստվերի դեմ պայքարն է, սակայն ներկայացված փաթեթը ստվերի դեմ պայքարի հետ որեւէ կապ չունի։ Խոսքը խոշոր բիզնեսի վերահսկման մասին է։ Սակայն հարկային տեսուչները ոչ թե ստուգումներ են անցկացնելու, այլ կոմպրոմատ են հավաքելու։ Սա դասական կապիտալիստական մոնոպոլիզմ է»: Իսկ թե որն է օրինագծի նպատակը, ըստ պատգամավորի՝ այն ակնհայտ է. «Պարզապես, բոլոր մենաշնորհատերերին մեկ տանիքի տակ հավաքելու ցանկություն կա»:

Ա. Նռանյանն ասել է նաեւ, որ միայն ՀՅԴ-ն օրինագծի վերաբերյալ 10-ից ավելի առաջարկներ է արել, սակայն բոլորն էլ կառավարության կողմից մերժվել են, «ինչը հիմք է տալիս կասկածելու ստվերի դեմ պայքարելու կառավարության նպատակին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել