Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեւորներին հատ-հատ ստուգում էին

Մայիս 23,2009 00:00

Երեկ Արտաշատից Երեւան՝ գյուղերով երթեւեկող տրանսպորտն իր ուղեգծից շեղվել էր եւ երթեւեկում էր առանց գյուղերը մտնելու: Այդ առիթով ուղեւորներն ահազանգել էին «Առավոտի» խմբագրություն, դժգոհելով, որ երեկ ոստիկանները Արտաշատից Երեւան եկող բոլոր միկրոավտոբուսների առաջը կտրելով, ուղեւորներին մանրակրկիտ ստուգում են ու հարցուփորձ անում, թե ի՞նչ նպատակով են Երեւան գնում: Ստուգման են ենթարկվել անգամ ուսանողները, որոնցից պահանջել են ուսանողական տոմսն ու տետրերը ցույց տալ, որպեսզի համոզվեն, որ ուսանողները ոչ թե հանրահավաքի, այլ դասի են գնում: Ուղեւորների համոզմամբ, միկրոավտոբուսների՝ կիսատպռատ սպասարկելու պատճառն այն է եղել, որ երեկ Հայ ազգային կոնգրեսը Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ պետք է հանդիպում ունենար իր ընտրազանգվածի հետ: Ուղեւորներից մեկի պատմելով. «Մի տղայի ոստիկանը հարցրեց, թե ո՞ւր է գնում, նա էլ պատասխանեց՝ ընկերոջ հետ հանդիպման: Ոստիկանն էլ ասաց՝ բա ես ինչո՞վ համոզված լինեմ, որ գնում ես ընկերոջդ հետ հանդիպելու: Էդ երբվանի՞ց են ոստիկանները կոորդինացնում, թե ով ո՞ւր եւ ե՞րբ պիտի գնա»:

Երկու երեխաների հետ Արտաշատ-Երեւան միկրոավտոբուսում գտնվող մի կին էլ, որպես ապացույց, ստիպված է եղել իր տոպրակում եղած երեխաների հագուստները ոստիկաններին ցույց տալ, որպեսզի նրանց հավատացնի, որ երեխաներին մայրաքաղաք պարի է տանում: Բացի այդ, ուղեւորներն ականատես են եղել, թե ինչպես են ինչ-որ մարդիկ հեռախոսով դիսպետչերներին հրահանգում գյուղերով չերթեւեկել ու մարդ չվերցնել: Երեկ Արտաշատին մոտակա գյուղերի բնակիչներից շատերը ստիպված են եղել ոտքով գալ շրջկենտրոն, որ գոնե այնտեղից հասնեն Երեւան:

Միջմարզային տրանսպորտի համար պատասխանատուն տրանսպորտի եւ կապի նախարարությունն է: Երեկ «Առավոտը» նախարարության պատասխանատուներից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են միկրոավտոբուսները երթուղուց շեղվել ու գիծը նորմալ չեն սպասարկել՝ ոտնահարելով ուղեւորների իրավունքները: Նկատենք, որ այս էլ որերոդ անգամ, ընդդիմության հանրահավաքների օրերին, միջմարզային տրանսպորտը կաթվածահար է լինում, եւ մայրաքաղաքում շտապ գործեր ունեցող ուղեւորները ստիպված են լինում մեծ գումարներ ծախսել ու տաքսիներով Երեւան հասնել:

Մեր հարցին ի պատասխան՝ նախարարությունից պարզաբանեցին. «Մեր տեսուչները կգնան եւ տեղում կուսումնասիրեն՝ նման դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ կամ, եթե եղել են, ի՞նչն է պատճառը»:

ՀՀ ոստիկանությունից էլ «Առավոտին» հայտնեցին, որ իրենք նման տեղեկություն չունեն: Ինչ վերաբերում է ոստիկանների՝ մասնագիտական պարտքը կատարելուն, ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ այդ երթուղագծի հետ կապված՝ ոչ մի նման սահմանափակումներ չեն եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել