Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետի ՀՅԴ թեկնածուի տարօրինակ քարոզարշավը

Մայիս 29,2009 00:00

Արծվիկ Մինասյանը համոզված է, որ Երեւանի քաղաքապետը գոնե շաբաթը մի անգամ պիտի գնա «Վերնիսաժ»:

Ավարտվող քարոզարշավում Երեւանի քաղաքապետի ՀՅԴ թեկնածու Արծվիկ Մինասյանի մարտավարության մի բաղկացուցիչը կարող էր թվալ տարօրինակ՝ նա ընտրողների հետ հանդիպումներ ունենալու համար այցելում էր գետնանցումներում վաճառքի կետեր, շուկաներ, տոնավաճառներ, «Վերնիսաժ»: Ընդդիմախոսները հեգնում էին, թե տոնավաճառ այցելել ու վաճառականների աշխատանքային պայմանների կապակցությամբ զարմանալ կարող է իրոք միայն այն անձը, որը ոչ վաղուց է բնակվում Երեւանում: «Նույն մեղադրանքը, կարծում եմ, պիտի ներկայացնեն, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա էլ, երբ այցելեց ոսկու շուկա՝ զարմացավ, թե ինչպիսի պայմաններում են նրանք աշխատում,- մեր զրույցի ընթացքում ասաց Արծվիկ Մինասյանը:- Այն անձինք, որոնք նման զարմանքով են վերաբերվում իմ այդ այցելություններին՝ իրենք երեւի երբեւէ չեն էլ պատկերացնում, թե այդ մարդիկ ինչպիսի պայմաններում են աշխատում: Նրանք կարող են ձեւական այցելել այդ վայրեր՝ հետ գալ ու ոչ մի քայլ չանել: Մինչդեռ ես կարծում եմ, որ ցանկացա՛ծ հրապարակային եւ առավել եւս՝ քաղաքական գործիչ պարտավոր է մինչեւ ծրագրից խոսելն ու առաջարկություն անելը՝ գոնե մի անգամ այցելել այն վայր, որի վերաբերյալ ինքը հայտարարություն է անելու: Եվ եթե նրանց թվում է, թե հանրային վայր այցելելը, մարդկանց հետ շփվելը, խնդիրներին ծանոթանալը չիմացության կամ լայն շփումներ չունենալու հետեւանք է՝ չարաչար սխալվում են, քանի որ յուրաքանչյուր խմբի մոտ ամեն օր ծագում են նոր խնդիրներ: Ես այդ վայրեր իմ այցելությունների կապակցությամբ արել եմ հայտարարություն, թե այսօր տնտեսական քաղաքականությունը, այն, ինչ կառավարությունը հարկային քաղաքականության մեջ հայտարարում է որպես փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագիր՝ որեւէ կապ չունի իրականության հետ: Չափազանց բարձր են տոկոսադրույքները եւ այլն:

Նույն «Վերնիսաժի» հարցը. կարծում եմ, Երեւանի քաղաքապետը, որպես երեւանյան մշակույթի մի կարեւոր վայր՝ ոչ թե ամիսը մեկ, այլ առնվազն շաբաթը մի անգամ պիտի այցելի այնտեղ ու տեսնի իրավիճակը: Եվ եթե ոմանց թվում է, թե «Վերնիսաժում» միայն առեւտրականներ են կանգնած՝ չարաչար սխալվում են. այստեղ նաեւ մշակութային մարդիկ են:

Ի վերջո, Երեւանի քաղաքապետի ակտիվ նախաձեռնողական վարքագծի շնորհիվ շատ հարցեր կարող են լուծվել, եթե այդ մարդն իրոք մտահոգված է Երեւանի, երեւանցիների եւ Հայաստանի քաղաքացիների առօրյան բարելավելու հարցով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031