Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՆԱԿԸ ՀԱՍՆՈՒՄ Է ՈՍԿՈՐԻՆ

Հունիս 13,2009 00:00

Վանաձորի Ալեքսանդր Շիրվանզադեի փողոցին վանաձորցիները «Լաչինի միջանցք» են ասում: Ու որքան էլ արգելվի փողոցային առեւտուրը, այստեղ առեւտրականները էլի գտնում են ելքը, «բիզնես ծավալում»: Այստեղից մարդիկ գնում են իրենց անհրաժեշտ սնունդը եւ չեն մտածում սեփական առողջության մասին: Լոռու մարզի գլխավոր հակահամաճարակաբան Կարինե Միրզոյանը նշում է, որ առեւտրի համար նախատեսված բոլոր կանոնները խախտված են՝ առեւտուրը կատարվում է բաց երկնքի տակ, փողոցային փոշու, արեւի, անձրեւի, ցանկացած պայմաններում: Իհարկե, սա փողոցային առեւտրի պատճառած միակ վնասը չէ: Շիրվանզադեի փողոցի թիվ 3 տան բնակիչ Վաչագան Գասպարյանը վրդովված պատմում է, որ վերջերս իրենց հարեւանի տանը հրդեհ էր բռնկվել: Հրշեջ մեքենաները չէին կարողացել մտնել տարածք: Բարեբախտաբար՝ հարեւանությամբ է գտնվում Լոռու մարզի ազգային անվտանգության շենքը, որի բակից էլ հրշեջները մարել էին կրակը: Իսկ մի քանի տարի առաջ, երբ մահացել էր Վաչագան Գասպարյանի մայրը, ճանապարհ չլինելու պատճառով շտապօգնության մեքենան չէր կարողացել մոտենալ տանը: Կնոջ դին ձեռքերի վրա են հասցրել մեծ հեռավորության վրա գտնվող մեքենային: Այս ամենին զուգահեռ, բնակիչները բողոքում են նաեւ տիրող աղմուկ-աղաղակից. գիշերը քուն չունեն, ցերեկը՝ դադար: Նրանք դեռեւս 2004-ից են դիմում-բողոքներ ներկայացնում քաղաքապետարան, սակայն, ինչպես իրենք են նշում՝ անարդյունք: Քաղաքացիները պնդում են, որ եթե այսպես շարունակվի՝ դիմում կներկայացնեն ՀՀ նախագահի աշխատակազմ: Դժվար է ասել՝ այս վերջին պնդման, թե մեկ այլ պատճառով Լոռու մարզպետարանը որոշել է անդրադառնալ Վանաձորի «Լաչինի միջանցքի» խնդրին: Հունիսի 16-ին հրավիրված է հատուկ նիստ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել