Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍԻ ՀԵՏԵՎԱՆՔ

Հունիս 24,2009 00:00

Երեւան–Անկարա հարաբերությունները հայ–թուրքական հարաբերություններ չեն

\"\"Թուրքիայի Հանրապետությունը ներկայացնում է թուրք ժողովրդին եւ խոսում նրա անունից: Հայաստանի Հանրապետությունը չի ներկայացնում հայ ժողովրդին, համայն հայությանը, այլ ներկայացնում է միայն ՀՀ բնակչությանը եւ կարող է հանդես գալ միայն նրա անունից, ինչպես արտոնում է ՀՀ սահմանադրությունը, ըստ որի՝ ՀՀ իրավասությունները տարածվում են մոտ 30 հազար քառ. կմ տարածքի եւ մոտ 3 միլիոն բնակչության վրա:

Հայ ժողովրդի, համաշխարհային հայության միայն մեկ երրորդն է ՀՀ քաղաքացի, մյուս մասը հայկական Սփյուռքն է, որը հիմնականում հետեւանք է Մեծ եղեռնի, Արեւմտյան Հայաստանի հայաթափման, անընդմեջ կոտորածների, տարագրության: Նախկին Օսմանյան կայսրության կենդանի մնացած հայ քաղաքացիների ժառանգները՝ արեւմտահայերը, որ այսօր աշխարհում (այդ թվում եւ ՀՀ-ում) մոտ 7 միլիոն են, ունեն իրենց յուրահատուկ շահերը, իրավունքները, պահանջատիրությունը: Հայոց ցեղասպանության լիարժեք դատապարտումը, մեղադրանքներ եւ պահանջներ ներկայացնելը արեւմտահայության լիազոր ներկայացուցչական մարմինների գործն է: Հուսով եմ, դրանք կհիմնադրվեն մոտ ապագայում, Արեւմտահայերի ազգային համագումարում, Փարիզում, որ նախապատրաստվում է այդ նպատակով ստեղծված Միջազգային կազմակերպչական կոմիտեի կողմից:

Շատերը, թե ՀՀ-ում, թե Սփյուռքում, շփոթության մեջ են, երբ ՀՀ իշխանությունները բանակցություններ են վարում՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու համար: Կա սխալ ընկալում, իբր ՀՀ-ն կարող է հանդես գալ համայն հայության անունից, հետապնդել համահայկական նպատակներ, հանդես գալ արեւմտահայության անունից եւ համապատասխան պահանջներ ներկայացնել Թուրքիային:

ՀՀ-ն կարող էր դա անել, եթե նա վերահաստատեր (նոր սահմանադրությամբ) իրավահաջորդությունը 1918 – 1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության, տեր կանգներ եւ վերակենդանացներ Սեւրի դաշնագիրը, ստանար արեւմտահայերի պահանջների լիազորությունները: Եվ եթե ՀՀ-ն դա չի անում, պահանջներ չի ներկայացնում Թուրքիային՝ նույնիսկ Կարսի նկատմամբ եւ Ադրբեջանին՝ Նախիջեւանի նկատմամբ, կամ Վրաստանին՝ Ջավախքի նկատմամբ, ապա դա պետք է դիտել իբրեւ գիտակցված եւ հիմնավորված գերագույն զիջում ՀՀ իշխանությունների կողմից: Նրանց կողմից այդպիսի զիջում է նաեւ այն, որ պահանջներ չեն ներկայացվում Ադրբեջանին՝ դեռ նրա կազմում գտնվող արցախյան մնացյալ տարածքների նկատմամբ: Պահանջներ չեն ներկայացվում հայ փախստականներին վերադարձնելու Ադրբեջան: Պահանջներ չեն ներկայացվում դատապարտելու հայերի գենոցիդը Ադրբեջանում:

Այս բոլորը ահռելի զիջումներ են, որոնց վերաբերյալ կարելի է կարծիքներ հայտնել, տարբեր դիրքորոշումներ ունենալ, բայց իրողությունը սա է, ՀՀ այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունն այսպիսին է: Եվ պետք է իրատեսորեն գնահատել, թե ինչու է այսպես, եւ որ դեպքում կարող է ուրիշ լինել: Կա՞, արդյոք, մեկ ուրիշ քաղաքական մտածողություն, ուրիշ ուղղություն եւ քաղաքական ուժ:

Համայն հայության մասնակցությունը հայկական պետականության վերկանգնման գործընթացին՝ աննշան է: Այն օգնությունը, որը գալիս է դրսից, հատկապես Ռուսաստանից, որի հետեւանքով հազարավոր ընտանիքներ ՀՀ-ում եւ Արցախում գոյատեւում են, տարերային բնույթ է կրում, եւ որոշիչ նշանակություն չի կարող ունենալ պետության տնտեսության, քաղաքականության, դիվանագիտության եւ, ամենակարեւորը՝ ռազմական հզորացման գործում: Այդ գործին լիարժեք մասնակից կարող է լինել միայն համապատասխան կերպով վերակազմավորված հայկական Սփյուռքը, միակ իրական եւ էական ռեսուրսը Հայության: Այսօրվա դրությամբ դրա պատկերը ներկայացնում է «Հայաստան» հիմնադրամը, որի բյուջեն տարեկան ընդամենը մի քանի միլիոնի է հասնում: Այնինչ, պետք է լինի մի քանի միլիարդ: Եվ կարող է, պարտավոր է, որ լինի, եթե հարկավոր է, որ կատարի իր պատմական առաքելությունը՝ Հայրենիքի վերաստեղծման սուրբ գործընթացում: Այն գործընթացում, որի առաջին առիթը (Կիլիկյան հայկական թագավորության անկումից հետո) կորցրինք անցյալ դարի սկզբին:

Կարո՞ղ է, արդյոք, Հայությունը չկորցնել այս երկրորդ ստեղծված առիթը, որի առաջացմանը հայերը չեն մասնակցել, որին նախապես չեն պատրաստվել, եւ պահանջվում է ստեղծված իրավիճակում հարմարվել, ուժ ստեղծել, պայքարել, հաղթանակել:

Այս իրավիճակում, այս ուժերով՝ ոգեղեն եւ նյութական, ինչի՞ կարող ենք հասնել, ի՞նչ պահպանել, ի՞նչ եւ ինչպե՞ս զարգացնել, ի՞նչ ուժ եւ կորով կարող են հայերը ցուցաբերել, որպեսզի չլինեն նոր պարտություններ, նոր կորուստներ:

Տեսնելով հայերի համընդհանուր վիճակը, ազգային համերաշխության աստիճանը, կազմակերպվածությունը, մարտունակությունը, դիմադրողականությունը, մրցունակությունը հիմնական բնագավառներում, եղած ոգին, կամքը, ուժը՝ հայերին փորձում են ստիպել գնալ նոր զիջումների:

Նոր զիջումներ սպասելը հայկական կողմից, հատկապես ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում, որտեղ հայերը ոչ միայն արդար են, այլեւ հաղթանակած (ի տարբերություն հայ-թուրք հարաբերություններում, ուր արդար էինք, բայց ոչ միշտ ճիշտ եւ պարտված ենք), անօրեն է, անիրական է, անբարոյական է: Ավելին: Բանակցություններ վարելը Ադրբեջանի հետ Արցախի կարգավիճակի կապակցությամբ՝ անիմաստ է եւ անարդյունավետ: Նրա հետ բանակցություններ կարելի է վարել միայն հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, պայմանով, որ նա ընդունի կայացած իրավիճակը իբրեւ անվերականգնելի փաստ եւ հրաժարվի իր անօրեն պահանջներից:

Ադրբեջանը հայկական տարածքներ չի գրավել: Այդ տարածքները՝ Արցախը եւ Նախիջեւանը, գրավվել են Խորհրդային Ռուսաստանի Կարմիր բանակի կողմից եւ հանցագործ կերպով հանձնվել են Ադրբեջանին 1921 թ. Կովբյուրոյի տխրահռչակ անօրեն որոշումներով: Երբ խորհրդային բանակը հեռացավ Ադրբեջանից՝ ԽՍՀՄ փլուզումից հետո, Ադրբեջանը, զրկվելով Կրեմլի հովանավորությունից, պարտություն կրեց իր իսկ կողմից սկսած պատերազմում, եւ հայերը մասամբ ազատագրեցին զավթված հայկական տարածքները:

Այդ իսկ պատճառով բանակցությունները անհրաժեշտ է վարել ՌԴ իշխանությունների հետ, որ իրավահաջորդն է Խորհրդային Ռուսաստանի, Խորհրդային Միության, եւ առաջին հերթին մի գլխավոր նպատակով՝ հասնել նրան, որ այդ իշխանությունները դատապարտեն նախկին վարչակարգի հանցագործությունները եւ աջակցեն այդ հանցագործությունների հետեւանքների ուղղմանը: Հակամարտությունը, այսպես կոչված՝ ղարաբաղյան կոնֆլիկտը, սկսվել է ոչ թե 1988-ին, այլ 1921- ին, երբ հայերը պարտություն կրեցին քեմալա- բոլշեւիկյան արշավանքից, երբ ՀՀ-ն բռնի խորհրդայնացվեց, ազատազրկվեց եւ մասնատվեց: Այս իմաստով այդ լոկալ կոնֆլիկտը կարելի է համարել ավարտված՝ այսօրվա վիճակով Արցախի դե-ֆակտո ՀՀ-ին միացումով, ՀՀ-ի տարածքային մասնակի ամբողջականության վերականգնմամբ, եթե կարելի կլինի դե-յուրե այդ միացումը ընդունելի դարձնել համաշխարհային հանրությանը, առաջին հերթին Մոսկվային, հետո մյուսներին: Ինչո՞ւ սկզբում Մոսկվային: Որովհետեւ Կրեմլի հորինվածքն է հետխորհրդային մինի-կայսրությունների, այդ թվում եւ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» անձեռնմխելիությունը: Մյուսները կրկնօրինակում են Մոսկվային: Պաշտպանում են Լենին-Ստալինի կողմից, մեծ մասամբ հանցավոր կերպով գծված խորհրդային սահմանները: Սա աբսուրդ է: Բայց սա մեր հանցանքն է: Ալիեւը, Սահակաշվիլին եւ մյուսները կարողացել են օգտագործել մերօրյա դեռ թույլ եւ խոցելի Ռուսաստանի այդ սխալ կեցվածքը: Այդպիսի կեցվածքը ակնհայտ դարձավ, երբ Կրեմլը վերջապես ճիշտ եւ արդարացի վարվեց, երբ ազատագրեց Աբխազիան եւ Հարավային Օսեթիան վրացական մինի-կայսրության գերությունից, բայց չհաջողեց մինչեւ այսօր դա այնպես ներկայացնել, ինչպես, օրինակ, Արեւմուտքը ներկայացրեց իր դիրքորոշումը Կոսովոյի դեպքում: Կրեմլը միայն մի միջոցով կարող է իր արարքը արդարացնել եւ ընդունելի դարձնել, եթե դատապարտի նախկին վարչակարգի հանցագործությունները եւ նպատակ դնի վերացնելու նախկին վարչակարգի հանցագործությունների հետեւանքները: Այլ ոչ թե այն պատրվակով, որով պատերազմ սկսեց Վրաստանի դեմ՝ իբր թե նպատակ ունենալով պաշտպանել իր միջնորդ խաղաղապահներին եւ քաղաքացիներին: Եվ որպես հետեւանք՝ վրացիները խորամանկ կերպով կարողանում են հարցն այնպես ներկայացնել, որ պատժվում են Մոսկվայի կողմից, իբր իրենց արեւմտամետ լինելու եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկության համար: Եվ Մոսկվայի դեռ վերջնականապես ապախորհրդայնացված չլինելու կացությունը, նախկին վարչակարգի գործած հանցագործություններից ձերբազատված չլինելը, նրա նոր իշխանությունների վարած ներքին եւ արտաքին քաղաքականությունը խոչընդոտում են ռուսներին իրենց ազգային շահերը արդյունավետ պաշտպանելու գործում եւ միջազգային կյանքում ակտիվ մասնակցություն բերելու համար, համաշխարհային նոր, ավելի արդար, ավելի բարոյական համակարգ ձեւավորելու գործընթացին: Բայց ռուսները բռնել են այդ դժվար ճանապարհը, յոթանասունից ավելի տարիների մոլորություններից հետո արդեն նշանակալի ուղի են անցել ազգային վերածննդի, ազգային պետականության վերականգնման գործընթացում: Եվ Մեդվեդեւի կողմից վերջերս ընդունված Ռուսաստանի ազգային անվտանգության հայեցակարգը կարեւոր եւ հուսադրիչ քայլ է այդ ուղղությամբ, ապախորհրդայնացման, ռուսական նոր ազգային, առաջադիմական, քաղաքական մտածողության ձեւավորման ճանապարհին: ԽՍՀՄ-Արեւմուտք հակամարտությունից, սառը պատերազմի հետեւանքներից ազատվելու, դեպի նոր Ռուսաստան-Արեւմուտք համագործակցության ճանապարհին:

Ժամանակակից հայ ազգային քաղաքական մտածողության պակասի հետեւանքն էր, որ ի հակադրումն «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհրդի համատեղ որոշման, ի հակադրումն 1991 թ. սեպտեմբերի 25-ի Հայաստանի անկախության հռչակագրի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերկանգնման գործընթացը վերափոխվեց «Ղարաբաղի հայերի ինքնորոշման» խնդրով, Արցախում երկրորդ հայկական պետության ճանաչման թույլ եւ անհեռանկարային հարցով: Այս մետամորֆոզը, պարտվողական մտածելակերպը եւ գործելակերպը ներկայացվում է ՀՀՇ-ից ժառանգած իբրեւ իրատես քաղաքականություն: Այս հայեցակարգի վրա հիմնված բանակցությունները հակառակորդի դաշտում տանում են փակուղի, երբ Բաքուն, օգտվելով սրանից, մոլորեցնում է համաշխարհային հանրությանը, խոստանալով «Ղարաբաղի հայերին» ամենաընդարձակ ինքնավարություն:

Հայկական հարցի (արեւելյան եւ արեւմտյան ասպեկտներով) լուծումը կարող է արդյունավետ կերպով հետապնդվել, երբ միջազգային կյանքում կձեւավորվի հզոր ինքնուրույն հայկական գործոն, որ հնարավոր կդառնա, երբ հայ Սփյուռքը կներկայանա իբրեւ կազմակերպված ինքնակառավարելի մարմին՝ ի դեմս Արեւմտահայերի լիազոր ներկայացուցչական մարմինների (Արեւմտահայերի ազգային Ժողով, Ազգային խորհուրդ), որով կապահովվի Համաշխարհային հայության երկու հատվածների միջեւ աշխատանքի բաժանում, դերերի բաշխում կատարելը, լիարժեք համագործակցության պայմաններում, եւ որ հնարավոր կդարձնի այնպիսի համահայկական ծրագրեր իրագործել, որ հայ ժողովրդի համար անվտանգ եւ հեռանկարային ապագա կապահովվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել