Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ ԽԻԶԱԽՈՒԹՅԱՆ ՈՒ ՎՃՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ

Հունիս 27,2009 00:00

\"\"Երեկ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հերթական՝ թվով չորրորդ ելույթն է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստում: Ելույթը ներկայացնում ենք ըստ «Ժառանգության» հաղորդագրության:

Հարգելի գործընկերներ, «Եվրոպայի ժողովրդական կուսակցություն» խմբի անունից ցանկանում եմ ողջունել զեկուցող Սեսիլիա Կեավենիի հրաշալի աշխատանքը: Ողջունում եմ իռլանդացի մեր լավ գործընկերոջը, ով դժվարին գործ է կատարել եւ համալիր մտածողություն ցուցաբերել այնպիսի բարդ խնդրի վերաբերյալ, ինչպիսին հակամարտության պատմության դասավանդումն է բուն հակամարտության գոտիներում: Թե Իռլանդիայում ու Անգլիայում, թե Բոսնիայում ու Հերցեգովինայում եւ թե Կիպրոսում ու Թուրքիայում տիկին Կեավենին հույսի ու առաջընթացի վկայություն է արձանագրել: Նաեւ նրա անսահման ջանքերի արդյունքում է, որ Եվրոպայի խորհուրդը վերջին տարիներին շրջահայացություն ու հեռատեսություն ունեցավ ընդունելու այն փաստը, որ քաղաքական վեճերը չեն կարող կարգավորվել միմիայն քաղաքականության միջոցով, եւ կայուն ու երկարատեւ խաղաղությունը պետք է ձեռք բերվի կրթության ոլորտում:

Հարգելի գործընկերներ, ինչպես գիտեք, իմ երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային ֆիզիկական, գաղափարական եւ պատմական հակամարտությունների ոլորտում զգալի «փորձառություն» կուտակելու դժբախտություն է ունեցել: Այդ պատճառով է, որ ես հատկապես երախտապարտ եմ այս զեկույցի, նրա հանդուրժողական ոգու, ակադեմիական ազատության եւ նրանում առկա ազատ հետաքննության համար: Բայց նաեւ այդ «փորձառությունն» է պատճառը, որ ես սույն զեկույցին նայում եմ զգայուն աչքերով եւ որոշ բառերում ու նախադասություններում մի տեսակ դժբախտության ներուժ եմ հայտնաբերում, ինչը կարող է բխել միայն բարի մտադրություններից: Ես պարզապես ցանկանում եմ հույս հայտնել, որ պատմական մեկնաբանությունների վերաբերյալ այս զեկույցն ինքը չի դառնա տարընթերցումների զոհ:

«Առաջին դասն ընդունելն է, որ չի լինում միակ ճշմարտություն, որ իրերին տարբեր դիտանկյուններից նայելը հիմնավորված է»: Սա է հաշտեցման առաջնորդող ոգին ու ձեւը, ինչպես զեկույցն է ցուցանում: Սակայն դժվար չէ նկատել, թե ինչպես է նույն այդ «միակ ճշմարտության» մերժումը դառնում պատմությունը վերանայողների եւ կեղծ գիտնականների հաղթանակը, ովքեր այդ նախադասությունը օգտագործում են գրեթե տառացիորեն բուն իրականությունը խեղաթյուրելու, Հրեական ողջակիզման եւ Հայոց ցեղասպանության, մեր պատմության շատ այլ անվիճահարույց եւ անհերքելի ողբերգությունների փաստերը մերժելու համար:

Թույլ տվեք շտապել՝ ասելու, որ որոշ փաստեր հակասական չեն դառնում պարզապես նրանից, որ մի խումբ մարդիկ կամ մի քանի ազգեր են դրանք վիճարկում: Եվ Եվրոպայի խորհրդի պարտքն է բոլոր տեսակետների հանդեպ իր բացությունը չխառնել բոլոր տեսակետներին հավանություն տալու հետ: Բազմիցս հնչեցված այդ «միակ ճշմարտության բացակայությունը» այս Խորհրդին չի ազատում մեր ընդհանուր պատմության մասին շիտակ եւ խիզախորեն խոսելու պատասխանատվությունից, որ ճշմարտությունը ոչ միայն բարոյականության, այլեւ հակամարտությունների լուծման առաջնային սկզբունքն է:

Որպեսզի խաղաղությունը լինի երկարատեւ, այն պետք է կառուցվի ոչ թե պատմական փաստերի հաշվին կատարված փոխզիջման վրա, որը կրկին ու կրկին սակարկվում է ամեն մի սերնդի հետ, այլեւ պետք է հենվի այդ անսակարկելի բոլոր փաստերի ամենաամուր, ամենակայուն հիմքի՝ կուռ եւ սրբության սրբոց հանդիսացող ճշմարտության վրա:

Ես վերստին ողջունում եմ տիկին Կեավենեի զեկույցի հրաշալի ոգին եւ բանականությունը: Այս մայրցամաքի վրա մենք ճկունության, ընկալման, հանդուրժողականության խնդիր ունենք: Այդ ամենի մասին զեկույցը պերճախոս է: Բայց այս Խորհրդում մենք նաեւ առավել հիմնարար հանգամանքներին նվիրվածության, խիզախության ու վճռականության խնդիր ունենք:

Շնորհակալություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930