Լրահոս
Օրվա լրահոսը

Ծննդաբերում են տնային պայմաններում

Հուլիս 02,2009 00:00

\"\"Հիվանդանոցի բացակայության պատճառով՝ Շենկանի գյուղի կանայք անցանկալի հղիությունից ազատվում են հեքիմական մեթոդներով:

Եթե հանկարծ Արագածոտնի մարզի Շենկանի գյուղացիներից մեկը հիվանդանա, ապա դա նրա համար իսկական պատուհաս կդառնա: Բանն այն է, որ եզդիներով բնակեցված գյուղում չկա գոնե տարրական բուժսարքավորումներով բուժկետ:

Գյուղապետի խոսքով, իրենց շտապօգնությունը միայն հարեւան գյուղում ապրող բուժքույրն է: Եթե անգամ հատուկենտ ընտանիքներ հնարավորություն են ունենում իրենց հիվանդներին հասցնել գյուղից 12 կմ հեռավորության վրա գտնվող մեկ այլ գյուղի հիվանդանոց, դա եւս հարցի լուծում չէ, քանի որ այստեղ եւս նորմալ դեղորայքի եւ նեղ մասնագետների պակաս կա:

Բուժվելու համար ոչ բոլորի ֆինանսական միջոցներն են ներում մայրաքաղաք մեկնել: Նյութական կամ տրանսպորտի հետ կապված խնդիրներից բացի, գյուղացիների խոսքով, իրենք պարզապես վստահ են՝ քարուքանդ ճանապարհների պատճառով՝ հիվանդը կես ճանապարհին կմնա: Խնդիրն ավելի է բարդանում հատկապես ձմռանը. Շենկանի բերող ճանապարհը աշնան վերջից դառնում է անանցանելի եւ միայն երթեւեկելի է դառնում գարնանը:

Հիվանդանոց չլինելու պատճառով՝ Շենկանիում գրեթե բոլոր կանայք ծննդաբերում են տնային պայմաններում: Ինգա Ուդոյանն այս աշնանը 4-րդ երեխան կունենա: «Առավոտի» հետ զրույցում նա պատմեց. «Երեք երեխաներս էլ մեր տանն են ծնվել: Նույնիսկ մեր թշնամիներին չենք ցանկանա, որ տնային պայմաններում երեխա ունենան: Դժվարությունները շատ են, բայց մենք դատապարտված ենք համակերպվելուն»: Գյուղի կանայք լավ են յուրացրել նաեւ անցանկալի հղիությունից ազատվելու ձեւերը: Հղիությունը կանխելու տեսակները բազմազան են: Նրանց խոսքով, դրանք ավանդական՝ իրենց ծնողներից սովորած հեքիմական բժշկության մեթոդներն են, թեեւ լավ գիտեն, թե ինչ առողջական խնդիրներ կարող են ծագել հետագայում: «Մենք ուրիշ ելք չունենք, ստիպված ենք փորձել այն, ինչ կարող ենք»,- մեզ հետ զրույցում պատմում էր Ինգան:

Իսկ թե ժամանակին կամ ճիշտ բուժօգնություն չստանալով տարեկան քանի մարդ է մահանում, գյուղապետ Ժորա Չոլոյանը մեզ հետ զրույցում դժվարացավ պատասխանել, միայն լավատեսորեն ասաց. «Առաջիկայում բոլոր խնդիրները կլուծվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել