Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի գործի նախաքննությունն ավարտվեց

Օգոստոս 06,2009 00:00

Իսկ «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Համլետ Հովհաննիսյանը երեկ ազատ արձակվեց

ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության երեկ տարածած հաղորդագրության համաձայն, ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում մարտյան դեպքերի առնչությամբ հարուցված եւ քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի մասով քննվող քրեական գործի նախաքննությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին եւ 225-րդ հոդվածի 1-ին մասերով՝ իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի նկատմամբ 2007 թ.-ի հոկտեմբերի 23-ին կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու եւ 2008թ.-ի մարտի 1-2-ին մի խումբ անձանց հետ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Ըստ հաղորդագրության, 2009թ.-ի օգոստոսի 4-ին Փաշինյանի վերաբերյալ քր. գործի մասն անջատվել է առանձին վարույթ, 2009թ.-ի օգոստոսի 5-ին մեղադրյալին եւ նրա պաշտպաններին հայտնվել է նախաքննության ավարտման մասին եւ ծանոթանալու համար վերջիններիս տրամադրվել են քրեական գործի ողջ նյութերն ու պատճենները: Ն. Փաշինյանի պաշտպանները երեկ նախաքննության նյութերը դեռ չէին ստացել: Այդուհանդերձ, երեկ «Ա1+»-ի հետ զրույցում պաշտպաններից մեկը՝ Տիգրան Աթանեսյանը համոզմունք է հայտնել, որ «որեւէ նախաքննություն չի կարող ապացուցել Փաշինյանին առաջադրված մեղադրանքները», քանի որ ակնհայտ է՝ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Առայժմ պարզ չէ, թե Փաշինյանի գործը երբ կմտնի դատարան: Մինչ այդ պաշտպանները կծանոթանան գործի նյութերին եւ, անհրաժեշտության դեպքում, միջնորդություններ կներկայացնեն: Փաշինյանին առաջադրված մեղադրանքներով առավելագույն պատժաչափը 10 տարի ազատազրկում է նախատեսում: Հիշյալ հոդվածներով առավելագույնը 5 տարվա ազատազրկման դատապարտվածների նկատմամբ արդեն համաներում է կիրառվել: Նույնը կարող է լինել նաեւ Փաշինյանի դեպքում, եթե, իհարկե, նա ավելի քան 5 տարվա ազատազրկման չդատապարտվի: Հիշեցնենք, որ նա անցյալ տարի տեղի ունեցած մարտյան իրադարձություներից հետո գտնվում էր հետախուզման մեջ եւ նախաքննական մարմնին ներկայացավ իր կամքով այս տարվա հուլիսի 1-ին:

«Մարտի 1»-ի դեպքերի առնչությամբ ՀՀ ՔՕ 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ կազմակերպելը», մեղադրվող եւս մեկ ընդդիմադիր գործիչ, 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի Լոռու մարզի նախընտրական շտաբի պետ, Հատուկ գնդի նախկին հրամանատար Համլետ Հովհաննիսյանն («Տրոս») էր ընդհատակից դուրս եկել եւ կամովին ներկայացել ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին: Ինչպես Փաշինյանի, այնպես էլ այս դեպքում նախկին հետախուզվողը կալանավորվել էր ու տեղափոխվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ, որտեղ նրան նույն հոդվածով մեղադրանք էր առաջադրվել:

Սակայն երեկ, ժ. 20:00-ի սահմաններում Հ. Հովհաննիսյանն ազատ է արձակվել: Նրա խափանման միջոց կալանքը փոխարինվել է ստորագրությամբ՝ երկրից չհեռանալու մասին: Շատերի ու թերեւս նաեւ նրա հարազատների ու պաշտպանների համար նախաքննական մարմնի այս որոշումը անակնկալ էր: Մասնավորապես փաստաբան Հովիկ Արսենյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ Հ. Հովհաննիսյանը չի գործել քրեորեն հետապնդելի որեւէ արարք, որ նրան առաջադրված մեղադրանքները շինծու են, ինչպիսին էին մյուս քաղբանտարկյալների նկատմամբ հարուցված քրգործերը: Ինքը՝ Հ. Հովհաննիսյանը, ի պատասխան մեր թերթի հարցադրման, թե ինչո՞ւ որոշվեց իրեն ազատ արձակել, պատասխանեց շատ լակոնիկ՝ «ճար չունեին, թե չէ վատությունն ինչ է, որ չանեին»:

Նրա պաշտպաններից տեղեկացանք նաեւ, որ կալանավորումից հետո անցած 5-6 օրերի ընթացքում Հ. Հովհաննիսյանի հետ ընդամենը մեկ քննչական գործողություն է կատարվել՝ առերեսում, որը, սակայն, Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի տեսանկյունից նախաքննական մարմնի համար, մեղմ ասած, չի կարող գոհացուցիչ լինել:

Ի դեպ, «Երեւան-Կենտրոնը» լքելուց հետո Հ. Հովհաննիսյանն իրեն դիմավորելու եկած հարազատների, պաշտպանների, մարտական ընկերների, նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ միասին ուղիղ գնաց Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, որտեղ նրան սպասում էին «քաղաքական զբոսանքի» մասնակիցները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել