Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԻՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ»

Օգոստոս 06,2009 00:00

Երեկ Ազգային օպերային թատրոնում մշակույթի մի խումբ գործիչների հետ հանդիպեց մասնավոր այցով Հայաստանում գտնվող աշխարհահռչակ երգչուհի Ելենա Օբրազցովան: Օգոստոսի 1-5-ը նա շրջել է Հայաստանի պատմամշակութային վայրերով, հասցրել հիանալ հայկական խաչքարերով, եկեղեցիներով: Երեւանյան զբոսանքների ժամանակ նոր ծանոթությունները Ելենա Օբրազցովային մղել են գործնական լուրջ առաջարկներ անելու: Օրինակ, օպերայի թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանի հանդիպումը Ե. Օբրազցովայի հետ՝ առաջիկա շաբաթներին Սանկտ Պետերբուրգ մեկնելու ու հայկական շարականներ ներկայացնելու հնարավորություն դարձավ: «Մենք պատահական հանդիպեցինք եկեղեցում ու ես նրա համար երգեցի, նա էլ շատ տպավորված ասաց, որ ցանկանում է իմ կատարումը լսել Սանկտ Պետերբուրգում կայանալիք մեծ համերգի ժամանակ»,- նշեց Մագդան:

Երեկ Ե. Օբրազցովան հայտնեց, որ գուցե նոյեմբերին կրկին գա Հայաստան ու վարպետության դասեր անցկացնի երիտասարդ գործընկերների հետ, մանավանդ տեղեկացված է, որ առաջիկայում Երեւանի օպերային թատրոնում բեմադրվելու է Վերդիի «Աիդան»: Հանդիպման ընթացքում օպերային թատրոնի գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը հետաքրքրվեց՝ երգչուհին ի՞նչ խորհուրդ կտա՝ Չայկովսկու օպերաներից «Եվգենի Օնեգի՞նը», թե՞ «Պիկովայա դաման» բեմադրել: Նաեւ ակնարկեց, որ Օբրազցովային կուզենային տեսնել հատկապես «Պիկովայա դամայում», որտեղ նրա կերտած դամայի փառքը տարածվել է աշխարհով մեկ: Երգչուհին ասաց, որ սիրով Երեւանում էլ հանդես կգա նույն դերերգով:

«Առավոտը» նկատի ունենալով, որ մեր օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարի տեղն առայժմ թափուր է, երգչուհուց հարցրեց՝ իր կարծիքով օպերային թատրոնը ի՞նչ մասնագիտության գեղարվեստական ղեկավար պետք է ունենա՝ դիրիժո՞ր, երգի՞չ, ջութակահա՞ր…… Նա պատասխանեց, որ, իհարկե, դիրիժոր ղեկավարի դեպքում թատրոնը սովորաբար շահում է, բայց ցանկալի է, որ այդ պաշտոնը ստանձնողը լինի վառ անհատականություն:

Հավելենք, որ հանդիպման ավարտին Ելենա Օբրազցովան պարգեւատրվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել