Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրական գումարները չե՞ն վճարվի

Օգոստոս 22,2009 00:00

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ ԱՄՆ դաշնային դատարանը հակասահմանադրական է ճանաչել Կալիֆոռնիա նահանգում ընդունված օրենքը, որը հնարավորություն էր տալիս Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական ընկերություններից պահանջել իրենց սպանված հարազատների ապահովագրական գումարները։

Դատարանը հայտարարել է, որ օրենքը հակասում է ԱՄՆ-ի պետական քաղաքականությանը։ Հղում անելով «Ասոշիեյթեդ փրես» գործակալությանը՝ ռ/կ-ն տեղեկացնում է, որ 2000 թվականին ընդունված օրենքը Կալիֆոռնիայի դատարանում քննության է առնվել ցեղասպանության զոհերից մեկի ժառանգի հայցով, քանի որ ապահովագրական ընկերություններից մեկը հրաժարվել է վճարել ապահովագրական գումարը: Դատավոր Դեյվիդ Թոմսոնն ասել է, թե Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը «գիտակցված որոշում է կայացրել՝ չօգտագործել քաղաքական հետեւանքներով հղի ցեղասպանություն տերմինը Առաջին աշխարհամարտի տարիներին զոհված հայերի նկատմամբ»: Ցեղասպանության զոհի ժառանգորդի շահերի պաշտպանը նահանգի օրենսդրության եւ դաշնային քաղաքականության միջեւ որեւէ հակասություն չի նկատել եւ հիշեցրել է, որ շուրջ 40 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

«Կալիֆոռնիայի դատարանը, սակայն, նշել է, թե խնդրի վերաբերյալ ազգային քաղաքականությունը որոշվել է նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Ջորջ Բուշի օրոք, ովքեր ընդդիմացել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կոնգրեսի կողմից բանաձեւի ընդունման փորձերին։ Հիշյալ նախագահները հիմնավորում էին, թե ցանկացած նման քայլ կարող է վնասել Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին: Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձեւը երեք անգամ մերժվել է»,- հավելում է ռադիոկայանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել