Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ԿԱՐՈՒՍԵԼԻ ՀԻՆ ՃՌՃՌՈՑԸ

Օգոստոս 22,2009 00:00

Ինչու է մեր ազգային կինոն դոփում տեղում՝ այդպես էլ չդառնալով հետաքրքիր

Խորհրդային պետության հիմնադիրը՝ Լենինը, որի անունն արդեն մոռացվում ու անէանում է, շրջանառության մեջ էր դրել մի միտք, որը հետո Ստալինը «վերանորոգեց» ու դարձրեց ամենաակտուալը. «Կադրերն են որոշում ամեն ինչ»: Այսօր ընդունված չէ հղումներ անել մարքսիզմի տեսաբաններին ու կոմունիստական կուսակցության գործիչներին, բայց կան մտքեր, որոնք հիշել պետք է: Այո, կադրերն են որոշում շատ բան ու հենց կադրերն էլ ձեւավորում են կամ առաջընթացը, կամ էլ հետընթացը, որից ազատում չունենք, որն օրըստօրե մեզ կանգնեցնում է դժվարությունների առջեւ:

Հայկական կինեմատոգրաֆը նմանվել է դեռ մինչեւ վերջերս տարփողվող երկնիշ տնտեսական աճի բլեֆին. անընդհատ խոսում ենք մեր կինոյի առաջընթացի, միջազգայնացման, տարբեր կինոփառատոներում Հայաստանի մասնակցության մասին, սակայն որեւէ կինոյում մեր ֆիլմերը չեն վաճառվում, դրանք չեն դառնում կինոաշխարհի հետաքրքրությունը: Ինչո՞ւ: Կարծես ամեն ինչ լավ պիտի լիներ. «Ոսկե ծիրան» ենք կազմակերպում, նշանավոր կինոբեմադրիչներ ու սցենարիստներ ենք հրավիրում… Բայց, պարզվում է, այս ամենը հակադարձ համեմատական է մեր կինոյում տիրող իրավիճակին, որովհետեւ այստեղ էլ շատ բան որոշում են կադրերը, որոնցից շատերի անունները երկար ժամանակ չեն իջնում «էկրաններից»՝ այսպես հաստատելով անխիղճ տեղապտույտը…

Մենք մեր մաեստրոների դեմ արշավանք չենք ուզում կազմակերպել, բայց մի՞թե նրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց գեղագիտությամբ ու արտահայտչաձեւերով, իրենց նախընտրած դերասաններով միայն ու միայն գավառական որակներ են բերում ու հաստատում, «սոցիալիստական ռեալիզմի» մեթոդին թիկնած՝ մեզ կառչած են պահում հնաբույր ու հնաոճ կինոյին… Երբ էկրան բարձրացավ Ալբերտ Մկրտչյանի «Ուրախ ավտոբուս» ֆիլմը, որում, իհարկե, հետաքրքիր կինեմատոգրաֆիական գյուտեր կային, մասնագետների գերակշիռ մասի կարծիքն այն էր, որ վարպետի գործերը սպառվել են, որ նա այլեւս չի կարողանում ստեղծել այն կինոն, որի կարիքը մենք զգում ենք: Դրան հաջորդեց արդեն կինոբեմադրիչի «Տխուր փողոցի լուսաբացը»: Դարձյալ մասնագետների խոսքերով՝ կատարյալ կինեմատոգրաֆիական ձախողում՝ գլխավոր դերակատարուհու ոչ պրոֆեսիոնալ խաղով (Անահիտ Քոչարյան), գրեթե սիրողական լուծումներով, վատ մոնտաժով: Այս ամենը որեւէ մեկին չհուզեց, չանհանգստացրեց: Փոխարենը՝ շարունակում են տարբեր կինոփառատոներ մեկնել Ա. Մկրտչյանի ֆիլմերը՝ Ռ. Վաթինյանի մաշված-հոգնած օպերատորական լուծումներով: Որքան էլ ծափահարենք այսօր դոմինանտ հանդիսացող 4-5 կինոգործիչների, այդուհանդերձ, նրանց խաղարկային ու վավերագրական ֆիլմերը հնացած են, անարտահայտիչ, դրանք խորհրդային պոստմոդեռնիզմին անգամ չեն մոտեցել:

Բայց այսօր նրանք են այն «մոնստրները», որոնք իրենց ձեռքն են վերցրել ամեն ինչ՝ «միջանցք» բացելով ճշմարիտ կինեմատոգրաֆի հետ բարեկամություն չանող Հրաչ Քեշիշյանի կլիպային, «գավառական էրոտիզմի» «փայլատակումներով» ակնառու դարձող, անփոփոխ դերասանակազմով «ֆիլմերին»… Իհարկե, կինոյում շատ գործոններ կան, որոնք պայմանավորում են հետընթացը, անհաջողությունը, կան օբյեկտիվ պատճառներ, բայց ամենակարեւորներից մեկն այն է, որ հայկական կինոն դարձել է մի քանիսի սեփականությունը: Պատահական չէր, որ վերջերս Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության համագումարն ընդամենը 40 րոպե տեւեց՝ քննարկման նյութ չդարձնելով մեր կինոյի ներկա վիճակը, առիթ չտալով բաց ու մտահոգ խոսակցությունների: Փոխարենը, ընդամենը մի քանի րոպեում հին նախագահը դարձավ նոր նախագահ…

Ուրեմն, կարեւորը կինոն չէ, կարեւորն ազգային կինեմատոգրաֆում տիրող ծանր վիճակի հաղթահարումը չէ, այլ պաշտոններին ու կինոաշխարհում գրաված ղեկավար տեղին միշտ կառչած մնալն է… Հենց այս ամենի պատճառով էլ մեր կինոն նմանվել է մի հնացած կարուսելի, որի ճռճռոցը ոչ թե կտրվում, այլ գնալով հոգեմաշ է դառնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել