«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (ԻԱԿ) հ/կ-ի հայցադիմումի նախնական դատական նիստի քննությունը՝ ընդդեմ Հայ ազգային կոնգրեսի, տեղի չունեցավ: Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ժամը 11-ին նախատեսված դատավարությունը կողմերի բացակայության պատճառով դատավոր Ա. Սուքոյանը հետաձգեց 10 օրով՝ սեպտեմբերի 10-ին, ժ.11.30: Հիշեցնենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը պահանջել էր Հայ ազգային կոնգրեսին պարտավորեցնել հնգօրյա ժամկետում ներկայացնել տեղեկություններ: Մասնավորապես, նշվում էին ՀԱԿ-ի 2008 թ. ֆինանսական հաշվետվությունը եւ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից ավելի արժողությամբ նվիրատվության աղբյուրների մասին տեղեկությունները: ԻԱԿ-ը տեղեկություն ստանալու հարցմամբ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանից խնդրել էր տրամադրել վերոնշյալ տեղեկությունները դեռեւս ապրիլին, սակայն հարցումը մնացել էր անպատասխան: