Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմնավաճառների աչքը լույս

Սեպտեմբեր 16,2009 00:00

Հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարը, քաղաքական գործիչների, տնտեսագետների, գործարարների ու շարքային քաղաքացիների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ ստեղծեց: «Առավոտը» պարբերաբար անդրադառնում է այս առնչությամբ մարդկանց կարծիքներին: Ոմանց մեկնաբանմամբ, սահմանի բացմամբ՝ Հայաստանը կդառնա բարգավաճ ու տնտեսապես զարգացած երկիր, իսկ ոմանք էլ՝ հակառակը, կարծում են, որ թուրքական ապրանքները կհեղեղեն տեղական շուկան ու կխեղդեն տեղական արտադրությունը: Վերջերս հնչում են նաեւ կարծիքներ այն մասին, որ ի թիվս շատ այլ բացասական հետեւանքների, սահմանի բացումով մարմնավաճառների գործը կծաղկի:

Գյումրիի մսի կոմբինատի բաժնետեր, գործարար Մարտին Ղարիբյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ սահմանի բացումից առավել շատ կտուժի Շիրակի մարզը. «Մեր մարզում գրեթե տղամարդ չի մնացել, մեծ մասը գնացել է արտագնա աշխատանքի, հետեւաբար թուրքերը կգան ու հայ կանանց կտիրանան: Ամենավտանգավորն այն կլինի, որ թուրքերը մուտք կգործեն Հայաստան ու կսկսվեն ամուսնական հարաբերությունները, մեր երկիրն էլ կվերածվի դժոխքի»: Կովկասյան կենտրոնի տնօրեն Արտուշ Մկրտչյանի կարծիքով էլ. «հայ-թուրքական սահմանի բացումից բարոյական հայ կինը երբեք չի դառնա անբարոյական ու չի դավաճանի իր սկզբունքներին: Ժամանակին, երբ բացվեց սահմանը Իրանի հետ, էդպիսի մտավախություն կար, ի՞նչ եղավ, մենք դարձա՞նք իրանցիներ, ամեն ինչ իր հունի մեջ կընկնի: Էսօր Ռումինիայից հսկայական թվով մարդիկ գնում են Կենտրոնական Եվրոպա, Լեհաստանի մարմնավաճառները լցված են Կենտրոնական Եվրոպայում, հատկապես Անգլիայում, էսօր ալբանացիները լցված են Իտալիայում ու գողություն են անում, էսօր աշխարհը փոքրանում է, սահմանները վերանում են: Եթե մարդը զբաղվում է հնագույն արհեստով, նա դրանով կզբաղվի եւ Կիպրոսում, եւ Անթալիայում, եւ Հայաստանում: Չեմ ուզում թվեր ասել, բայց թող չմոռանան, որ մոտավորապես ութսուն հազար ՀՀ քաղաքացի աշխատում եւ ապրում է Ստամբուլում, Անթալիայում եւ այլուր: Ոչ մի բան չի ավելանա եւ չի պակասի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել