Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ բարիք եմ համարում նրա՝ չիմացությամբ մահը

Սեպտեմբեր 29,2009 00:00

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Կիլիկիայի երբեմնի մայրաքաղաք Սիսի տոհմիկ Գալայջյան գերդաստանից սերած, սփյուռքահայությանը որպես Սիգառ Գոգո ծանոթ ավագ եղբայրս՝ Գրիգոր Գալայջյանը, 2009թ. մայիսի 28-ին հանկարծամահ եղավ: Նրան բոլորը գիտեին իբրեւ բարեպաշտ, համեստ ու վերին աստիճանի բարի սրտով մեծ մարդասեր ու հայրենասեր: Իր ողջ գիտակցական կյանքում գրպանում եղած-չեղածը կարիքավոր մարդկանց էր բաժանել, ու միայն դատարկ գրպանով տուն վերադառնալը նրա ապրելակերպն էր: Հայաստան պետության վերածնված օրվանից, հատկապես արցախյան ազատամարտի տարիներին զինվորականության տարբեր կարիքները հոգալու գործում ունեցած ներդրում-օժանդակությամբ Սիգառ Գոգոն մեր Հայրենիքին թիկունք դարձավ: Պատերազմի տարիներին ինձ բախտ է վիճակվել Փարիզից Արցախ կամավոր մեկնած Սարգիս Հացպանյան հայրենասեր երիտասարդի հետ ծանոթանալ եղբորս գործատեղում: Երբեք չեմ մոռանում նրա ով լինելը հարցրածս ժամանակ լսածս՝ «Նա բոլորիս տղան է» պատասխանը:

2008թ. մարտի 1-ին երկրում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից տուժածների համար ցավող եղբայրս ամենից շատ նրա ճակատագրով էր մտահոգված: Նրա ձերբակալման տխուր երեւույթի հետ երբեք չկարողացավ հաշտվել: «Տղայի գլխին սարքեցին, սա անարդարություն է» կրկնելուց հետ չէր կանգնում: Ամեն օր Հայաստան ու Արցախ էր զանգում՝ նախագահին, վարչապետին, նախարարներին, խնդրելու, աղաչելու, պաղատելու համար, որ «անարդարություն տեղի չունենա»: Ամբողջ ապրիլ-մայիս ամիսը, շատ նեղսրտած Հայաստանի բոլոր պաշտոնյա ծանոթներից՝ Ձեզ հետ հանդիպելու, ժամադրվելու հնարավորություն էր խնդրում-աղերսում: Տեսնելով, որ խնդրանքը չի բավարարվում, որոշել էր անձամբ Հայաստան մեկնել ու Ձեզ հասնել ու խնդրել, որ «Սարգիս Հացպանյանի դաժան հաշվեհարդարին վերջ տրվի, հայրենիքի համար սեփական կյանքը չխնայած հայի հանդեպ անարդարություն տեղի չունենա»: Սակայն բժիշկները, նրա վատառողջ վիճակը նկատի ունենալով, խստիվ արգելեցին որեւէ ճամփորդություն, իսկ Աստծո կամոք շատ կարճ ժամանակ անց՝ նա հոգին ավանդեց:

Քաջատեղյակ լինելով իմ եղբոր՝ Հայրենիքի հանդեպ պարտքը լիուլի կատարած հայրենասեր մարդու՝ Սիգառ Գոգոյի հանդեպ Ձեր տածած հարգանքին, սույնով ցանկանում եմ Ձեզ հայտնել նրա կենդանության օրոք մտատանջությունն ու չիրականացած փափագը՝ Ձեզ հասցնել իր հարազատ որդիների չափ սիրված Սարգիս Հացպանյանի ազատ արձակման խնդրանքը: Հավատացեք, որ եթե կենդանի լիներ ու տեղեկանար Սարգսին բանտում պահելու համար ստեղծված արհեստական խոչընդոտներին, այն էլ՝ նրան ազատամարտիկ լինելու փաստը հարցականի տակ դնելու մասին, դա կբավեր այս անարդար աշխարհից դեպի հավերժություն հեռանալու համար: Նույնիսկ բարիք եմ համարում նրա՝ չիմացությամբ մահը:

Եղբայրս արդեն մեզ հետ չէ, ու հարգելով Սարգսին ազատության մեջ տեսնելու ցանկությունը, թեկուզ ետմահու ընդառաջելով եղբորս՝ հոգու հանգստությունն ապահովելու խնդրանքով, դիմում եմ Ձեզ՝ համաներման ուժով ազատ արձակել մեր սիրելի եղբայր Սարգսին:

Սիգառ Գոգոյի այրի տիկնոջ, որդիներ Սինոսի եւ Հակոբի,

դստեր՝ Օվսաննայի, քրոջ՝ Լուսինի անունից՝

կրտսեր եղբայր ՄԱՆՈՒԿ ԳԱԼԱՅՋՅԱՆ

Լոս Անջելես, ԱՄՆ

14 սեպտեմբեր, 2009թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել