Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվաբանական համալսարանում տոնը կրկնակի էր

Սեպտեմբեր 29,2009 00:00

Շաբաթ օրը Երեւանի լեզվաբանական համալսարանում մեծ շուքով տոնեցին Եվրոպական լեզուների օրը: Տոնը կրկնապատկվեց բուհի նոր մասնաշենքի բացման արարողությամբ, որին ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, օտարերկրյա դիվանագետներ: Համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի խոսքով, 550 մլն դրամ է ծախսվել մոտ 2,5 տարի տեւող շինարարության համար: Նոր մասնաշենքում են տեղակայվել գրադարանը, համակարգչային սրահները, առաջիկայում կստեղծվի նաեւ համալսարանի թանգարանը: «Կա ժամանակակից ուսումնական պահանջ, որ ուսուցումը անհատականացված լինի, ուսանողը պետք է հնարավորություն ունենա շատ աշխատել ոչ միայն դասախոսի հետ, այլեւ ավելի շատ ինքնուրույն. փաստորեն, այսպիսի ռեսուրս կենտրոնի պահանջը անհրաժեշտ էր ու արդիական»,- ասաց Ս. Զոլյանը:

Նոր մասնաշենքը, վարչապետի կարծիքով, ուսանողների համար նոր միջավայր է ստեղծելու եւ նպաստելու է ուսմանը ավելի նվիրվելուն. «Աշխարհն արագ փոքրանում է, եւ շփումներն ազգերի միջեւ դառնում են ավելի մեծ: Ժամանակակից աշխարհը հնարավոր չէ պատկերացնել առանց օտար լեզուների իմացության: Միեւնույն ժամանակ, ժամանակակից աշխարհը, իհարկե, առաջ է քաշում ազգային ինքնության խնդիրը եւ ազգերի զարգացումը, մեր լեզվի պահպանումը նույնպես ժամանակակից աշխարհի մարտահրավերներից մեկն է, լեզուների իմացությունը նպաստում է նաեւ հայապահպանությանը, փոքր ազգերը դատապարտված են սովորել բազմաթիվ լեզուներ, որ ժամանակակից աշխարհում գոյատեւեն»: Տ. Սարգսյանն ասաց նաեւ, որ կառավարության կարեւորագույն թիրախներից մեկը կրթական ոլորտն է. «Ժամանակակից աշխարհը, 21-րդ դարը կրթված, բանիմաց մարդկանց դար է լինելու»,- վստահեցրեց վարչապետը:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի համոզմամբ էլ, օտար լեզուների իմացությունը ստեղծում է կարեւորագույն մրցակցային հարաբերություններ: Առանց օտար լեզուների իմացության՝ դժվար է սովորել, ապրել ե՛ւ առօրյայում, ե՛ւ շարքային մասնագիտություններում. «Ես կցանկանայի վերափոխել ժողովրդական ասացվածքներից մեկը. եթե նախկինում ասում էին՝ ինչքան լեզու գիտես՝ այնքան մարդ ես, ապա 21-րդ դարում, կարծում եմ, պետք է ասել. ինչքան լեզու գիտես՝ այնքան հաջողակ մարդ ես»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930