Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյանի կարծիքը հաշվի չառան

Սեպտեմբեր 30,2009 00:00

\"\"ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենը միակն էր, որ ակադեմիայի ընդհանուր ժողովում հստակորեն դեմ արտահայտվեց հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրություններին:

Ինչպես արդեն «Առավոտում» (25.09.2009) տեղեկացրել էինք, ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ ԳԱԱ անդամները, ակադեմիայի գիտական հաստատությունների տնօրեններ, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ քննարկեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ժողովը լրագրողների համար փակ էր, սակայն ԳԱԱ մամուլի ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԳԱԱ ընդհանուր ժողովը որոշեց հավանություն տալ վերջին շրջանում ՀՀ ղեկավարության վարած քաղաքականությանը՝ ուղղված հարեւանների հետ հարաբերությունների կարգավորմանը եւ Հայաստանը շրջափակումից դուրս բերելուն: «Առավոտի» տեղեկություններով՝ ժողովի ժամանակ եղել են լուրջ տարաձայնություններ: Մասնավորապես՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը եւ ակադեմիկոս Բաբկեն Հարությունյանը դեմ են արտահայտվել նախաստորագրված Արձանագրություններին: Ա. Մելքոնյանն իր այդ կարծիքը ժողովից մի քանի օր առաջ փոխանցել էր «Առավոտին»: Ժողովից հետո զրուցեցինք Պատմության ինստիտուտի տնօրենի հետ: Նա կարճ խոսեց. «Դե, ինչ ասեմ, ես եւ Բաբկեն Հարությունյանը մնացինք մենակ»: «Առավոտը» զրուցեց նաեւ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ, որը կողմ էր արտահայտվել ներկա գործընթացին: Նա ասաց. «Իմ ելույթում էլ որոշակի մտավախություններ կային, եւ չի կարելի ասել, որ կարծում եմ, թե ամեն բան 100%-ով հարթ կընթանա: Բայց արտգործնախարարը հիմնականում փարատեց իմ մտահոգությունները եւ, կարծում եմ, ստորագրելով այս փաստաթղթերը, կորուստներ չենք տա: Այս գործընթացում ավելի շատ դրական, քան բացասական բան եմ տեսնում»: «Առավոտի» հարցին, թե Պատմության ինստիտուտի ղեկավարի կարծիքը հաշվի առնելն ավելի ճիշտ չէ՞ր լինի, պարոն Սաֆրաստյանն այսպես պատասխանեց. «Այս իրականության մեջ ինձ համար կարեւոր է երկու հարց. ինչպես ենթադրում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը պիտի ունենա 2 հիմնական նպատակ՝ երկրի անվտանգության ապահովումը, արդարացի ճանապարհով մեր ժողովրդի ազգային հիմնարար խնդիրների լուծումը: Այս հարցերը փոխկապակցված են եւ, ըստ այդմ՝ ինձ համար կարեւոր է, որ կարողանանք սահմանը բացել եւ ապահովել Հայաստանի համար աշխարհաքաղաքական երկընտրանք: Ռուս-վրացական պատերազմը ցույց տվեց, թե որքանով ենք կախված Վրաստանից, եւ եթե պատերազմը տեւեր ոչ թե 5, այլ 15 օր, ապա Հայաստանը կոլապսի առաջ կկանգներ: Իմ մոտեցմամբ՝ դեպի աշխարհ 3-րդ ելք է պետք, քանի որ Իրանի ելքը դա չի ապահովում՝ չկա երկաթգիծ»: Ռ. Սաֆրաստյանը ակադեմիայի ընդհանուր ժողովի՝ լրագրողների համար փակ լինելը պատճառաբանեց այն հանգամանքով, որ ԱԳ նախարարի ելույթում կային մանրամասներ, որոնք պետք չէր հրապարակային դարձնել: Հետո հավելեց. «Կռիվ չի եղել, եղել են տարբեր կարծիքներ»: Իսկ այն կարծիքին, թե իշխանություններից ուղղակիորեն կախման մեջ գտնվող ԳԱԱ-ն չէր էլ կարող հակադրվել երկրի ղեկավարի վարած քաղաքականությանը, թուրքագետն այսպես պատասխանեց. «Ցավոք, հասարակության մեջ ընկալվում է, որ եթե պետական կառույց է, ուրեմն պետությունից վախենում է: Այդպես չեմ կարծում, քանի որ ակադեմիկոսները մարդիկ են, որոնք գիտության մեջ հասել են շատ բանի եւ ինչ-որ մի բանով նրանց դժվար է վախեցնել»: «Առավոտը» զրուցեց նաեւ ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրեն Բագրատ Բատիկյանի հետ: Սկզբում պարոն Բատիկյանն ասաց, թե ինքը գիտնական է, ոչ թե քաղաքական գործիչ, որ այս հարցի վերաբերյալ ինչ-որ բաներ ասի, բայց հետո հավելեց. «Պետք է սպասենք, տեսնենք ինչ կլինի, հիմա դժվար է ասել՝ այդ պայմանագիրը իմաստավո՞ր է, թե՝ ոչ: Իսկ սահմանի բացմանը կողմ եմ»: Զրուցեցինք նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ: Պատմության ինստիտուտի տնօրենի՝ ժողովում արտահայտած կարծիքի մասին նա ասաց. «Աշոտ Մելքոնյանը, մանավանդ Բաբկեն Հարությունյանը, դեմ չեն եղել, այլ ասել են այն, ինչ մեր որոշման մեջ է գրված, այն է՝ դեմ չենք սահմանների բացմանը, բայց խիստ անհանգիստ ենք ազգային հարցերի լուծման խնդրում, որը վերաբերում է Ցեղասպանությանը, Հայ դատին, ԼՂՀ խնդրին: Նույն Աշոտ Մելքոնյանը ուրիշ տեղեր ավելի խիստ է արտահայտվում, քան այստեղ»: Իսկ դիտարկմանը, թե ակադեմիան չէր էլ կարող հավանություն չտալ գործընթացին, Ռ. Մարտիրոսյանն այսպես պատասխանեց. «Ժողովին ներկա է եղել մոտ 150 հոգի, որոնցից 35-ը ինստիտուտների տնօրեններ են եղել, որոնց մեծ մասը ակադեմիայի անդամներ չեն: Բայց միայն մեկ հոգի էր դեմ: Ուղղակի մեր հասարակության ճնշող մեծամասնությունը համաձայն է, որ մեր հարեւանների հետ ունենանք նորմալ հարաբերություններ, բայց դա պիտի լինի ի շահ մեր ազգային պրոբլեմների լուծման»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել