Լրահոս
Օրվա լրահոսը

Բերդավանում խաղողը կմթերվի 110 դրամով

Հոկտեմբեր 08,2009 00:00

Մեր թերթի երեկվա համարում տեղեկացրել ենք, որ Տավուշում նոր է սկսվում խաղողի մթերումը եւ հայտնի է, որ մեկ կգ-ի դիմաց խաղողագործները, կախված խաղողի տեսակից, կստանան 90-140 դրամ: Գրել էինք նաեւ, որ «Բերդավանի գինու գործարան» ԲԲԸ-ն վերջին մի քանի տարում քիչ քանակությամբ խաղող է ընդունել՝ 500-1000 տոննա:

Բերդավանի հարեւան Կողբ համայնքի (Տավուշի մարզի բնակչությամբ ամենամեծ գյուղի) ղեկավար Արսեն Աղաբաբյանը խնդրանքով դիմել էր Երեւանի կոնյակի, գինու, օղու կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս աջակցի Նոյեմբերյանում խաղողի մթերմանը: Հոկտեմբերի 6-ին Բերդավանի գինու գործարան էր այցելել Գագիկ Ծառուկյանը եւ խաղողագործների, համայնքների ղեկավարների հետ զրույցում հայտարարել, որ եկել է «ժողովրդի մատից փուշ հանելու», օգնելու է սահմանագոտու խաղողագործներին: Նա հայտարարել է, որ Բերդավանում խաղողն ընդունվելու է կգ-ը 110 դրամով, ինչը բարձր է Արարատյան դաշտավայրի մթերման գնից եւ աննախադեպ՝ Տավուշի մարզի համար: Գումարը վճարվելու է նույն օրը:

Այս տարի ակնկալվում է ընդունել մոտ 1000 տոննա խաղող: Երեւանի կոնյակի, գինու կոմբինատի աջակցությամբ Բերդավանում խաղողի մթերում կատարվելու է նաեւ հաջորդ տարիներին: Գագիկ Ծառուկյանը խոստացավ, որ գարնանը խաղողագործներին կանխավճար է տրամադրելու բուժանյութեր ձեռք բերելու, ոռոգման ծախսերի համար: Կանխավճարները՝ սկսած 100 հազարից մինչեւ 1 միլիոն դրամ, կտրվեն ըստ խաղողի այգու չափի: Կանխավճարների հատկացման երաշխավորը կլինի տվյալ համայնքի ղեկավարը, որպեսզի աշնանը կանխավճարին համապատասխան բերք հանձնվի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել