Լրահոս
Օրվա լրահոսը

Կամավոր պարտադիր սկզբունքո՞վ

Հոկտեմբեր 24,2009 00:00

Էջմիածնի քաղաքապետարանը երաժշտական դպրոցների ուսուցիչներին հրավիրել էր ժողովի ու վերջիններս, մեղմ ասած՝ զարմացել էին:

Նախապես ծանոթ չլինելով ժողովի օրակարգին, ուսուցիչները ենթադրել էին, թե հավաքի ժամանակ կխոսեն իրենց խղճուկ աշխատավարձերը բարձրացնելու մասին կամ, ասենք, թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման խնդիրը կքննարկեն: Սակայն այն, ինչի համար երաժիշտները հրավիրված էին, վեր էր բոլոր սպասելիքներից: «Ժողովը հրավիրվել էր, որպեսզի զրույց-ծանոթության միջոցով շփվեինք ԵԿՄ-ի գործունեությանը՝ այդ կառույցին անդամակցելու նպատակով»,- «Առավոտին» փոխանցեց երաժշտական դպրոցներից մեկի մի ուսուցիչ:

Հեռախոսային զրույցի ընթացքում վերջինս փոխանցելով նաեւ իր գործընկերների վրդովմունքը, ասաց. «Ինչո՞ւ պիտի անպայման երաժիշտը քաղաքականության մեջ ներգրավվի: Ինչո՞ւ են ուզում մեզ էլ ներքաշել իրենց անհասկանալի խաղերի մեջ: Թող քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական գործիչները, թող Երկրապահին անդամագրվեն ազատամարտիկներն ու իսկական երկրապահները: Ախր ինչո՞ւ են երկրապահի այդ վեհ անունն այս աստիճան նսեմացնում: Եվ, վերջապես, ո՞ւմ համար է նախագծվում այս սցենարը, որի մի մասն էլ մենք ենք լինելու»: Չեք ուզում՝ մի անդամագրվեք արձագանքիս՝ հեռախոսային զրուցակիցս ասաց, որ այլընտրանք չունեն՝ «աշխատանքից կազատեն»:

Երաժշտական դպրոցները, սակայն, միակը չեն, որոնց աշխատակիցներին ԵԿՄ շարքերն անցնելու «առաջարկ» է արել Էջմիածնի քաղաքապետարանը: Երկրապահ դառնալու հեռանկարից չեն խուսափի նաեւ քաղաքապետարանի անձնակազմը, քաղաքապետարանի ենթակայության այլ կազմակերպություններն ու հիմնարկները, մասնավորապես՝ մանկապարտեզները, մշակույթի ու մարզական օջախները: Այս ոլորտի կառույցների աշխատակազմերի հետ նախատեսվող ժողովները քաղաքապետարանի օրակարգում են:

«Առավոտը» պարզաբանումներ է խնդրել Էջմիածնի քաղաքապետարանից: Ստանալուն պես՝ կհրապարակենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել