Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՓՄԱՆ ԵԶՐԵՐ

Հոկտեմբեր 29,2009 00:00

Մոսկվայի «Գրականագետների տանը» երեկ տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի մի շարք առաջատար լրատվամիջոցների ղեկավարների հանդիպումը: Հանդիպումն անցկացվել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ եւ ՌԴ-ում Հայաստանի եւ Ադրբեջանի դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Փոլադ Բյուլբյուլօղլիի մասնակցությամբ: Հանդիպմանը Հայաստանից մասնակցում էին «Արմենպրեսի» գործադիր տնօրեն Հրայր Զորյանը, «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրի ղեկավար Գեղամ Մանուկյանը, «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյոմ Երկանյանը: Ադրբեջանից մասնակցում են Day.az-ի եւ «Թրենդի» տնօրեն Իլգար Հուսեյնովը, news.az-ի գլխավոր խմբագիր Էլնուր Բաիմովը, 1news.az-ի գլխավոր խմբագիր Ռախման Հաջիեւը եւ «Նովոյե վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Շաքիր Աղաեւը: Մասնակցում են նաեւ ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ, «Կոմսոմոլսկայա պրավդա», «Կոմերսանտ», «Russia Today» լրատվամիջոցների ղեկավարները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես» գործակալությունը՝ հանդիպմանը Փ. Բյուլբյուլօղլին հույս է հայտնել, որ արագ փոփոխվող աշխարհում երկու ժողովուրդները կցուցաբերեն իմաստնություն` կողք կողքի ապրելու, զարգանալու, առաջ նայելու համար: ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանն էլ նշել է, որ հակամարտություններ կարող են լինել, բայց ժողովուրդները պետք է շփվեն` համապատասխան նպաստավոր մթնոլորտ ստեղծելու այդ հակամարտությունների լուծման համար: Հանդիպման ժամանակ խոսվել է լրագրողական փոխգործակցության, տեղեկատվության օբյեկտիվության ապահովման մասին, կարեւորվել է լրատվության դերը փոխադարձ վստահության հաստատման գործում:

Նախաձեռնության շրջանակում այս հանդիպմանը նախորդել էին մտավորականության ներկայացուցիչների այցը Երեւան-Ստեփանակերտ-Բաքու, երեք երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը Մոսկվայում: Առաջիկայում նախատեսվում են նաեւ գործարարների, Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հոգեւոր առաջնորդների հանդիպումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել