Լրահոս
Օրվա լրահոսը

«Կինն» ու թուրքական ֆիլմերը

Դեկտեմբեր 08,2009 00:00

Թուրք մտավորականներից ոմանք ընդունում են ցեղասպանության փաստը, բայց հայերին ընկալում են իբրեւ Անատոլիայի ժողովուրդ:

Դեկտեմբերի 1-5-ը Երեւանում անցկացվեց «Կին» միջազգային 6-րդ կինոփառատոնը, որի ընթացքում առանձին ծրագրով հանդես եկան նաեւ թուրք կանայք՝ «Ֆիլմմոր» ծրագրով: Դրանք թուրքական փառատոնի ֆիլմերն էին: Թուրք ռեժիսոր Էմել Չելեբիի 41 րոպե տեւողությամբ «Լիլիթի քույրերը» վավերագրական ֆիլմը, ռեժիսորի խոսքով՝ Անատոլիայում ապրող 3 կանանց մասին է, ովքեր ապրուստ են վաստակում սեփական աշխատանքով, նրանք այնքան անկախ են, որ տղամարդու կարիք ամենեւին չեն զգում:
42-ամյա Էմել Չելեբին Հայաստանում է առաջին անգամ, մի քանի օրերի ընթացքում հասցրել է լինել Հայաստանի որոշ տեսարժան վայրերում: Ռեժիսորը խոստովանում է, որ Հայաստանը շատ է հավանել եւ իրեն երջանիկ մարդ է համարում, որ շփվել է հայերի հետ: «Հայերդ տպավորիչ մարդիկ եք: Ուրախալի է, որ մինչեւ այսօր պահպանել եք Գառնու հեթանոսական տաճարը: Ցավում եմ, որ մեր երկու ազգերի միջեւ շփման լայն հնարավորություններ, համագործակցություն չկա: Հուսով եմ, որ մի օր դա կշտկվի»,- «Առավոտի» հետ զրույցում նշում է Է. Չելեբին: Մեր զրուցակիցը գտնում է, որ Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի ժողովրդավարությանը չափազանց մեծ վնաս է պատճառել. «Կարեւոր չէ, թե մարդն ինչ ազգի ներկայացուցիչ է, յուրաքանչյուրը պետք է ունենա ազատ արտահայտվելու իրավունք»:
Ինչ վերաբերում է 1915 թվականի հայերի ցեղասպանությանը, թուրք ռեժիսորը շեշտում է. «Ես ոչ միայն քաջ գիտակցում եմ, որ 1915-ին ցեղասպանություն է եղել, նաեւ ընդունում եմ այն, եւ վերաբերմունքս արտահայտել եմ վերջերս Թուրքիայում սկիզբ առած ինտերնետային ներողության շարժմանը: Իրականում մենք չենք կարող քողարկել դա եւ եթե ուզում ենք առաջ շարժվել, անպայման պետք է հաշվի նստենք մեր պատմության ընթացքի հետ»: Հարցին՝ ինչպե՞ս են Թուրքիայում վերաբերվում ցեղասպանության վերաբերյալ իր արտահայտած կարծիքին, Չելեբին պատասխանեց. «Թուրքական դասագրքերում գրված չէ, որ եղածը իրականում ցեղասպանություն է: Մեր կառավարությունը եւս այդ բառը չի սիրում, բայց քայլեր արվում են, որ երկկողմանի համաձայնություն լինի: Պատմական ենթահանձնաժողով է ստեղծվելու, եւ մեր երկու երկրներում կքննարկվեն, կհետազոտվեն այս հարցերը: Ինչ հայ-թուրքական վերջին գործընթացը սկսվել է, միայն մի բան կարող եմ ասել՝ պետք է լինի դրական վերաբերմունք, որպեսզի կարողանանք հասնել ինչ-որ արդյունքի: Հույս ունեմ, որ պատմական հետազոտությունները, ի վերջո, վերջ կդնեն այն կարծիքին, որ ինչ-որ բան քողարկված է»: Թուրք ռեժիսորը կարեւորում է երկրի սահմանների բաց լինելը ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր հարեւան երկրների միջեւ եւ այդ առումով գտնում, որ Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները բարիդրացիական հարաբերություններ ստեղծելու ճանապարհին են:
Հայերի հայրենիքի մի մասը կազմող Արեւմտյան Հայաստանը ներկայացնելով որպես Անատոլիա՝ ցեղասպանությունն ընդունող Չելեբին նշեց. «Եթե ֆիլմ նկարելու լինեմ, հայերին կներկայացնեմ այսպես. Անատոլիայի ժողովուրդ եք: Այստեղ (Երեւանում- Լ. Խ.) փողոցով քայլելիս շատ նմանություններ եմ տեսնում, նույնիսկ արտաքինով, լեզվով, մտածողությամբ ու մշակույթով ենք նման»: Թուրք կանանց «Ֆիլմմոր» փառատոնի 22-ամյա կոորդինատոր Թուգչե Ջանբոլաթն էլ նկատել է. «Երեւանում, երբ գնում ենք ռեստորաններ, կարդում ուտելիքների անունները, շատ նման են, երաժշտությունը՝ եւս»:
«Առավոտի» մյուս զրուցակից, «Ֆիլմմոր» փառատոնի տնօրեն Յասեմին Թեմիզարաբաջեն ասում է, որ Հայաստանի մասին տեղեկացված չէ. «Թուրքիայում հայերին վերաբերող միայն մի քանի գիրք եմ կարդացել: Բայց Թուրքիայում ապրող հայերից լսել եմ, որ լավ մարդիկ են»: 32-ամյա Յասեմինը դժգոհում է, որ հայերն անընդհատ ցեղասպանության հարցն են առաջ քաշում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել