Լրահոս
Օրվա լրահոսը

Բարերարի հիշատակին

Դեկտեմբեր 17,2009 00:00

5 տարի է՝ երկնային կյանքով է ապրում իրանահայ ճանաչված հասարակական գործիչ, ճարտարապետ, գրող եւ բարերար Ռուբեն Հովհաննիսյանը, որը հայտնի է Ռ. ԲԷՆ գրչանունով: Հարկ է նշել իբրեւ հայկական Սփյուռքի մշակութային բացառիկ երեւույթ` «Նոր Էջ» գրական խմբակցության մեջ նրա մասնակցությունը: Ռուբեն Հովհաննիսյանը իր կյանքի վերջին տարիներին մեծ մասամբ ապրել է հայրենիքում:
Այստեղ նա նախաձեռնել եւ օժանդակել է մի քանի մշակութային ծրագրեր՝ Երվանդ Քոչարի «Մելամաղձություն» քանդակի քառաչափ ձուլածոյի ստեղծումն ու մատուցումը Երեւանին, մի շարք գրքերի հրատարակության մեկենասությունը, «Նոր դար» պարբերականի հովանավորությունը եւ այլն:
Ռուբեն Հովհաննիսյանը Երեւանում հիմնեց «Գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամը», որին որպես անձեռնմխելի ֆոնդ կտակեց իր ողջ ունեցվածքը՝ մեկ միլիոն ԱՄՆ դոլար:
Վերջերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի բարձր հովանավորությամբ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կրթական համալիրի գլխավոր շենքի նախասրահում բացվեց իրանահայ մտավորականի բրոնզե կիսանդրին, որի հեղինակն է քանդակագործ Աշոտ Կարապետյանը: Ի դեպ, Ռ. Հովհաննիսյանը իր ամբողջ կարողությունը կտակել է իր ստեղծած «Գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամին»՝ ի սատար ՀՀ զինված ուժերի հզորացմանն ու զարգացմանը:
Միջոցառումը համընկնում էր բարերարի մահվան հնգամյակին: Այն նախագահում էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Քանդակի քողազերծումից հետո, Հայաստանի զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն ու հոգեւոր անձնակազմը մատուցեցին հոգեհանգստյան պատարագ, որից հետո ձայն տրվեց «Գիտության եւ տեխնոլոգիայի զարգացման հիմնադրամի» նախագահ Էդուարդ Պալասանյանին, հավուր պատշաճի ներկայացնելու իր ավագ ընկերոջ կյանքն ու գործունեությունը: Հանդիսության ավարտին հարգանքի եւ երախտագիտության խոսք ասաց Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, գնդապետ Մեխակ Հակոբյանը: Հանդիսությանը ներկա էին բարերարի հարազատները, բարեկամներն ու ընկերները, ինչպես նաեւ գրականության եւ արվեստի բազմաթիվ գործիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել