Վանաձորում գործող լրագրողների «Սելեն» ակումբի նախաձեռնությամբ, «Երիտասարդությունը՝ ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում օրերս տեղի ունեցավ «Ո՛չ կոռուպցիային» խորագիրը կրող համերգային քարոզարշավ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմից ելույթներով ներկայացան «Դրախտային աղջիկներ» պարային համույթի պարուհիները, Վանաձորի երգի թատրոնի մեներգիչները, անհատ կատարողներ եւ պարային խմբեր: Հանդիսատեսի շարքերում էլ քաղաքի ուսումնական հաստատությունների ուսանողներն ու ակտիվ երիտասարդություն էր: «Սելեն» հ/կ-ի նախագահ Սեդա Ղումաշյանի տեղեկացմամբ՝ ծրագիրը նպատակ ունի երիտասարդության շրջանում հակակոռուպցիոն տրամադրվածություն ձեւավորել: «Սելենը» գործում է 2007-ից, պարբերաբար նախաձեռնում եւ իրականացնում է տարաբնույթ միջոցառումներ, հերթը նաեւ հակակոռուպցիոն ծրագրին հասավ: Համերգային ծրագիրը պարբերաբար ընդմիջվում էր կոռուպցիա երեւույթը պարզաբանող ինֆորմացիայով, ներկայացվում էին կոռուպցիան ծնող պատճառներն ու առաջացրած խնդիրները, հնչում էին հակակոռուպցիոն կոչեր; Վերջում ներկաներին բաժանվեցին կոռուպցիոն թեմաներով ինֆորմացիոն թերթոններ:


















































