Լրահոս
Օրվա լրահոսը

«Տես 1-ին կետը»

Փետրվար 26,2010 00:00

Այսպես է պատասխանել «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքի հիմնական զեկուցող ԱԳ նախարարը ՀՅԴ 8 առաջարկներից 7-ին:

Խորհրդարանը երեկ 70 «կողմ» եւ 4 «դեմ» ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության նախաձեռնությունը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն առարկություն հայտնեց, թե նախօրեին ԱԺ ընդունած որոշմամբ սահմանված հատուկ կարգը միայն «2-րդ ընթերցմամբ քննարկումն առաջին ընթերցմամբ ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում անցկացնելու» մասին էր (ինչն, ի դեպ, արտացոլված է նաեւ այդ որոշման վերնագրում) եւ ոչ օրինագիծն ամբողջությամբ ընդունելու: Սակայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը չընդունեց առարկությունը՝ նշելով. «Եթե ես խախտել եմ օրենքը՝ կարող եք դիմել…» ու ձեռքով ցույց տվեց ինքն իրեն, բայց շարունակեց՝ «դատարա՛ն»:

Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո ստացված 10 առաջարկներից ընդունվել էր միայն 1-ը՝ որպես լրացում առաջարկվող «Միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերի կասեցումը կամ դադարեցումը» հոդվածի համարակալումը փոխելու վերաբերյալ:

Մերժվել էին ՀՅԴ 8 առաջարկները: Դրանցից միայն առաջինի վերաբերյալ, որով առաջարկվում էր հետեւյալ լրացումը՝ «Վավերացման փուլում միջազգային պայմանագրի վերաբերյալ վերապահումը եւ (կամ) հայտարարությունը սահմանում են ՀՀ նախագահը կամ Ազգային ժողովը», նախագծի հիմնական զեկուցողը տվել էր եզրակացություն. «Չի ընդունվել, քանի որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառության մեջ դրված նույն բովանդակության դրույթներ պարունակող օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն՝ եզրակացություն ներկայացնելու համար։ Նախագիծը գտնվում է քննարկման փուլում, որի վերաբերյալ եզրակացություն ընդունվելուց հետո կներկայացվի ԱԺ»: Մնացած բոլոր առաջարկների դեպքում եզրակացությունը նույնն էր՝ «Տե՛ս 1-ին կետը»: Այդ եզրակացությունն է տրվել մասնավորապես առաջարկին՝ ՀՀ միջազգային պայմանագրի կնքման ընթացակարգերը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ հանդես գալու իրավունք վերապահել նաեւ ԱԺ-ին: Ընդ որում՝ ԱԳ նախարարը ՀՅԴ պատգամավորներին հավաստիացրեց. «Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք ձեր առաջարկները: Եվ ամփոփաթերթիկում մանրամասն ամեն հարցին անդրադարձ կա, թե ինչ պատճառով չի ընդունվել առաջարկը»:

Հարցուպատասխանի ընթացքում Արմեն Ռուստամյանը փորձեց այնուամենայնիվ պարզել, թե ԱԳ նախարարն ինչպես է վերաբերվում ԱԺ-ին եւս վերապահում անելու հնարավորություն ընձեռելու գաղափարին: Էդվարդ Նալբանդյանը նախ եւս մեկ անգամ նշեց. «Միջազգային պրակտիկայում ընդհանրապես վերապահումներ արվում են բազմակողմ միջազգային պայմանագրերում: Երկկողմ պայմանագրում երբ արվում է վերապահում, դա նշանակում է՝ կանգնեցնում ես այդ պայմանագիրը եւ պետք է սկսես նոր բանակցություններ, որպեսզի համապատասխան համաձայնություն ստանաս մյուս կողմից: Հակառակ դեպքում՝ այդ պայմանագիրն ուժի մեջ չի կարող մտնել»: Ի դեպ, այս դիրքորոշումը ելույթում պաշտպանեց Տիգրան Թորոսյանը: Բացասական էր ԱԳ նախարարի տեսակետը նաեւ ԱԺ-ին վերապահում անելու իրավունք ընձեռելու վերաբերյալ. «Վերապահում անելն էլ նախաձեռնության հարց է: Խորհրդարանում առաջարկներ արվեցին, թե ԱԺ-ն պետք է նախաձեռնող լինի՝ ոչ միայն վավերացնող: Գիտե՞ք, միջազգային պրակտիկայում չի կարող նախաձեռնողը լինի իր առաջարկի վավերացնողը: Նախաձեռնողը եւ վավերացնողը իրարից տարբեր պիտի լինեն՝ չլինեն նույն իրավաբանական մարմինը, նույն ինստիտուտը»:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը քվեարկությունից առաջ հայտարարեց. «Մենք ստացանք մի պատասխան, որն, ըստ էության, պատասխան չէ, եւ անհայտ մնաց մեր առաջարկների ճակատագիրը: Այդ իսկ պատճառով ՀՅԴ խմբակցությունը չի մասնակցի այդ քվեարկությանը»: Նախագծին դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության անդամները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել