Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՄՏՈՒԹՅՈ՞ՒՆ Է ՍՏՈՒԳԵԼԸ, ԹԵ ՈՎ ԻՆՉՔԱՆ Է ԳՈՂԱՑԵԼ

Մարտ 03,2010 00:00 Share

\"\"Հանրապետականներն արձագանքում են ՀԱԿ-ի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին

«Այդքան խորությամբ չեմ ուսումնասիրել՝ իմ հետաքրքրության շրջանակներից դուրս է երեկվա հանրահավաքը. որովհետեւ, ըստ էության, հասարակական սպառում չուներ,- այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն «Առավոտի» խնդրանքին՝ անդրադառնալ ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքում հնչած որոշ հայտարարությունների:- Եվ չեմ կարծում, որ եթե արդեն միս ու արյուն չունի այդ շարժումը՝ մենք պիտի լանք կամ խնդանք: Ես շատ անտարբեր եմ: Հերթական նույն խոսակցական լեքսիկոնն էր, որով փորձում էին հասարակությանը ներկայացնել, որ կենդանության նշույլներ կան ընդդիմության այդ դաշտում: Դրանք բոլորն անընդհատ կրկնվող գործընթացներ են, որոնք ներքաղաքական գործընթացների հետ, կարծում եմ, որեւէ կապ չունեն: Հերթական բլեֆներն են՝ փորձում են հասարակության միտքը շարժել՝ իբրեւ թե նորից հընթացս կկարողանան որոշակիորեն դրսեւորումներ ապահովել՝ իրենց նկրտումներն իրականացնելու համար»:

Վերջին դիտարկումն արվեց, երբ խնդրեցինք ավելի որոշակի անդրադառնալ մարտի 1-ին ՀԱԿ-ի հրապարակած 2 հայտարարություններին: Հիշեցնենք, որ դրանցից մեկով Կոնգրեսն առաջարկել է. «Փաստահավաք խմբի օրինակով ստեղծել ՀԱԿ-ի եւ իշխանության հավասար ներկայացուցչությամբ հանձնաժողով», որն ուսումնասիրելու է ռուսական «Վերսիա» եւ «Վեկ» էլեկտրոնային պարբերականների հրապարակումներում ներկայացված տվյալները՝ Հայաստանի նախկին եւ ներկա մի շարք պաշտոնյաների ունեցվածքի մասին: Թվարկված անձանցից մեկն էլ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն է, որը մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նման հանձնաժողով ստեղծելու գաղափարին՝ պատասխանեց. «Տեղեկատվությունը, որը հրապարակվել էր, անհեթեթ է եւ բացարձակապես չի պարունակում ճշմարտության որեւէ նշույլ. ուստի ես խորհուրդ չէի տա որեւէ մեկին ժամանակ վատնել այն ուսումնասիրելու վրա: Սակայն եթե որեւէ մեկը՝ այդ թվում նաեւ ՀԱԿ-ը, ցանկություն ունի ուսումնասիրելու այդ տեղեկատվությունը՝ խնդրեմ: Ես որեւէ առարկություն չունեմ»:

Նման հանձնաժողով ստեղծելու առաջարկի վերաբերյալ փորձեցինք պարզել նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանի տեսակետը՝ մասնավորապես մեջբերելով ՀԱԿ հայտարարության մեջ առկա հետեւյալ հարցադրումը. «Ինչպիսի՞ն կլիներ այսօր Ղարաբաղյան խնդրի լուծման տարբերակը, եթե այս ցանկում առաջին տեղը զբաղեցնող Ռ. Քոչարյանի կողոպտած 4 միլիարդ դոլարի մի մասը ծախսված լիներ Լեռնային Ղարաբաղը բնակեցնելու նպատակով»: Համլետ Հարությունյանն ի պատասխան ասաց. «Նախ՝ կտրականապե՛ս դեմ եմ, որ արտասահմանում հրատարակված ինչ-որ մի չստուգված տվյալներ բերում՝ մեզ մոտ են տպագրում: Եվ այդ ոչ ստուգված, արհեստածին ինչ-որ բանի վերաբերյալ ուզում են հանձնաժողո՞վ ստեղծել: Որեւիցե մեկը որեւէ մեկի ունեցվածքը չի կարող ստուգել՝ անկախ որեւիցե հանձնաժողովից: Այդ տվյալները եկել են դրսից. ես չեմ կարող կոնկրետ ասել ու ինձ չի էլ հետաքրքրում, թե ո՛վ, ի՛նչ ու ինչքա՛ն ունեցվածք ունի: Եթե շարժվենք այդ տրամաբանությամբ՝ վաղը չէ մյուս օրն էլ մեկ ուրիշ արտասահմանյան թերթում լույս կտեսնի ՀՀՇ-ականների թալանած կապիտալի մասին: Ես կարծում եմ, որ Սովետական Հայաստանից մնացած հարստությունն ավելի մեծ է եղել, քան այն միլիարդները, որոնց մասին այսօր խոսում են: Եվ մի քանի հանձնաժողով ստեղծել՝ ստուգելու համար, թե ո՛վ ինչքա՛ն է գողացել՝ ուղղակի անմտություն է: Այսինքն՝ ես չեմ կասկածում որեւէ մեկին եւ չեմ կարող ասել, թե այդ հանձնաժողովների ստեղծումը խելքին մոտիկ բա՞ն է, թե՞ չէ»:

Նրան խնդրեցինք անդրադառնալ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի այն գնահատականին, թե Սերժ Սարգսյանի հռչակած նախաձեռնողական արտաքին քաղաքականությունը խայտառակ ձախողում է ապրել. «Եվս մի այսպիսի նախաձեռնողական քաղաքականություն՝ եւ Ղարաբաղից ու Հայաստանից բան չի մնա»: «Արցախ» հայրենակցական միության նախագահը պատասխանեց հարցադրմամբ. «Գործընթացի տապալման մասին կարելի՞ է խոսել, երբ գործընթացը շարունակվում է: Ես համաձայն չեմ, որ այդ գործընթացը ձախողված է: Կողմերից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել, թե չեն վավերացնելու այդ արձանագրությունները: Հետեւաբար՝ ձախողման մասին խոսելն ուղղակի ավելորդ է կամ ոչ պատեհ ժամանակին»:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Գագիկ Մելիքյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանի վերոհիշյալ գնահատականին այսպես արձագանքեց. «Խիստ կարճատես հայտարարություն է՝ որքան էլ կատարված է քաղաքականության մեջ կոփված անձնավորության կողմից»:

Նա մեր խնդրանքով անդրադարձավ նաեւ ՀԱԿ-ի մեկ այլ հայտարարությանը, որով հրատապ անհրաժեշտություն է դիտվում ստուգել «ՀայՌուսգազարդի» իրականացրած ծախսերի հիմնավորվածությունը. «Մասնավորապես՝ ղեկավար անձնակազմի աշխատավարձերի մեծությունը, ներկայացուցչական ծախսերը, կորուստների իրական տոկոսը, գնումները, ֆինանսական միջոցների տնօրինումը»։ ՀԱԿ-ը նաեւ հայտարարել է, թե հայցով մտնելու է դատարան՝ վիճարկելու գազի սակագնի բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փետրվարի 26-ի որոշման ընդունման «իրավական եւ տնտեսական ապօրինի հիմքերը»: Գագիկ Մելիքյանն ասաց. «Կարծում եմ, որ հանձնաժողովում քննարկումների ընթացքում գազի սակագնի բարձրացումն ամբողջությամբ հիմնավորվեց: Եվ այդ որոշումը լրիվ ունի տնտեսագիտական հիմնավորումներ, որոնք ներկայացվել են «ՀայՌուսգազարդի» կողմից: Դրանք մանրամասն ուսումնասիրվել են հանձնաժողովի կողմից, եւ երբ հայտնաբերվել են տարբերություններ՝ առաջարկություններով նվազեցվել են»:

Հ. Գ. Ի դեպ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը երեկ news.am-ին ասել է, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է խիզախություն ունենար եւ չբավարարեր «ՀայՌուսգազարդ» ընկերության հայցը. «Հանձնաժողովն ի սկզբանե չբավարարեց հայցը՝ գազի գինը մինչեւ 139 դրամ հասցնելու մասին, եւ կանգ առավ 132 դրամի վրա, բայց ես կարծում եմ, որ ընկերության հայցը ընդհանրապես չպետք է բավարարվեր, քանի դեռ ընկերությունը չէր ներկայացրել համարժեք եւ համոզիչ հիմնավորումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել