Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՆԻԱՆ, ՄԵՆՔ ԵՎ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ

Մարտ 17,2010 00:00

\"\"Հայաստանը կհամանախագահի Բոլոնյան գործընթացը, ԵՊՀ ռեկտորն էլ դեռ կպաշտոնավարի

Երեկ ԿԳ նախարարությունում տեղի ունեցավ «Բոլոնիայի գործընթացի տասնամյակի ամփոփում. ձեռքբերումներ եւ հիմնախնդիրներ» թեմայով ասուլիս, որին մասնակցում էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Բուդապեշտում եւ Վիեննայում օրերս կայացած այդ խորհրդաժողովին մասնակցել են ԿԳ նախարարը, ԵՊՀ ռեկտորը, Ֆրանսիական եւ Բժշկական համալսարանների ուսանողական կառույցների ղեկավարներ: Ա. Աշոտյանը նշեց, որ 10 տարի առաջ Բոլոնիայի գործընթացով ուրվագծված բարձրագույն կրթության եվրոպական տարածքի ստեղծումը կայացել է ի հեճուկս հոռետեսների, մյուս կողմից էլ այն արձանագրել է բազմաթիվ խնդիրներ, որոնք տեսանելի չէին մինչ այժմ: Նաեւ հավելեց, որ Բոլոնիայի գործընթացը ունի խորը քաղաքական իմաստ. միավորված Եվրոպայի ստեղծումն անհնար է պատկերացնել առանց միասնական կրթական տարածքի, որովհետեւ թե՛ քաղաքականությունը, թե՛ տնտեսությունը միասնական Եվրոպային պետք է սպասարկեն ընդհանուր կրթական տարածքով:
Խորհրդաժողովին մասնակցել են Բոլոնիայի գործընթացի 47 անդամ երկրների պատվիրակություններ, նաեւ այնպիսի երկրներ, որոնք անդամ չեն, բայց համագործակցության լայն դաշտ են փնտրում: Պարոն Աշոտյանը փաստեց, որ խորհրդաժողովի ժամանակ հնչած քննադատությունները՝ Բոլոնյան գործընթացի իրականացման հետ կապված, համահունչ էին այն խնդիրներին, որոնք առկա են նաեւ Հայաստանում: Խոսքը վերաբերում է մասնավորապես որոշ բարեփոխումների ձեւական բնույթին ու մոտեցումներին, Ա. Աշոտյանի ձեւակերպմամբ՝ «հին գաղափարախոսությանը՝ նոր փաթեթավորման մեջ», ուսանողների թերիրազեկված լինելուն եւ այլն:
Բանախոսները տեղեկացրին, որ 2011 թվականի հուլիսի 1-ից Հայաստանը եւ Լեհաստանը համանախագահելու են Բոլոնիայի գործընթացը կես տարով, ինչը հնարավորություն կընձեռի եվրոպական կրթական տարածքում եւս մեկ անգամ երեւալու, կոնկրետ նախաձեռնություններով աչքի ընկնելու:
Ա. Սիմոնյանն էլ պատմեց, որ ՀՀ ԿԳ նախարարի ելույթն այնքան է ցնցել ներկաներին, որ իրենց ելույթներում սկսել են մեջբերումներ անել Ա. Աշոտյանից: Իսկ վերջինիս մտահոգությունը վերաբերում էր հատկապես այն խնդրին, որ պետք է պահպանել «տեղական» արժեքային համակարգը՝ կրթության եւ գիտության ոլորտում ու եղածին միացնել համամարդկայինն ու համաեվրոպականը:
ԿԳ նախարարին խնդրեցինք մեկնաբանել «Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի վերաբերյալ Բուդապեշտ-Վիեննա հռչակագրի» 11-րդ կետում արտահայտված հետեւյալ միտքը. «Պիտի ավելացնենք սոցիալական ոլորտին ուղղված ջանքերը՝ ստեղծելու որակյալ կրթության հավասար հնարավորություններ՝ հատկապես մեր ուշադրությունը սեւեռելով խոցելի խմբերին»:
ԿԳ նախարարն ասաց, որ բարձրագույն կրթության մատչելիության խնդիրը համաեվրոպական է, մանավանդ՝ տնտեսական ճգնաժամի պատճառով բոլոր երկրներն ունեն ֆինանսավորման խնդիր, որակյալ կրթությունն էլ գնալով թանկանում է, ինչի համար անհրաժեշտ է վարել արտոնյալ քաղաքականություն խոցելի խմբերի համար: Նրա խոսքով, այս տարվա ընթացքում նման սոցիալական խավերի համար եղած արտոնությունները պահպանվելու են, ավելանալու են նորերը՝ բանակից զորացրված ուսանողների, հաշմանդամների, ծնողազուրկների եւ այլոց համար: Նա պատմեց, որ, օրինակ, Ռումինիայում կամ Հունգարիայում բարձրագույն կրթություն ստանալու խնդիր ունեն գնչուները, Գերմանիայում՝ թուրքերը: Վերջերս ձեւավորված Սփյուռքի հայկական համայնքները եւս լեզվի չիմացության պատճառով կրթության մատչելիության խնդիր են ունենում, այնպես որ, նախարարի կարծիքով, հռչակագրի այս կետը մեր հայրենակիցների շահերից է բխում:
«Առավոտը» Ա. Սիմոնյանին էլ խնդրեց մեկնաբանել վերջերս ավելի հաճախ շրջանառվող այն լուրը, թե շուտով հրաժեշտ է տալու պաշտոնին: Պարոն Սիմոնյանն ասաց, որ ԵՊՀ կառավարման խորհուրդն է իրավասու իրեն ետ կանչելու կամ նորից չընտրելու, եւ հետո իր պաշտոնավարման ժամկետը լրանում է 2011թ. մայիսին: «Ոչինչ այս լուսնի տակ հավերժ չէ, եւ ես շատ լավ ընկալում եմ դա… Փառք Աստծո, իմ կրթական ցենզը ինձ հնարավորություն է տալիս աշխատել եւ դասախոս, եւ գիտաշխատող: Կրկնում եմ՝ ոչինչ հավերժ չէ, այնպես որ, առաջ չվազենք, քանի որ լուրեր միշտ էլ եղել են»: ԿԳ նախարարն էլ հավելեց. «Իմ մասին էլ են եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել