Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանցիներին չեն փոխհատուցի

Մարտ 20,2010 00:00

«Հայջրմուղկոյուղի» ընկերությունը ընդունում է իր մեղքը՝ եւ միայն, իսկ կապանցիները կասկածներ ունեն:

Մարտի 16-ին «Կապանում խմելու ջուր չկա» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մարտի 13-ից Կապանի բնակիչները զրկված են կենցաղի համար խիստ անհրաժեշտ խմելու ջրից՝ ծորակներից հոսող ջուրը պղտոր է, պիտանի չէ օգտագործման համար, բնակիչները ուտելիք պատրաստելու կամ խմելու համար ստիպված խանութներից են ջուր գնում: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը ասել էր, թե անորակ ջրի մատակարարման պատճառը առատ ձնհալքն է եւ անընդհատ տեղացող անձրեւները՝ ջրի քանակը կտրուկ ավելացել է, եւ ֆիլտրերը չեն հասցնում մեծ քանակությամբ ջուրը լիարժեք մաքրել:
Կապանի «Օրհուս» կենտրոնում այս թեմայով քննարկման ժամանակ Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի մասնագետ Ժաննա Հարությունյանը հայտարարել է, որ ծորակներից վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ապացուցել է, որ ջուրը խմելու համար պիտանի չէ՝ եւ ոչ միայն: «Ջրի որակը այն աստիճանի է վատթարացել, որ մենք չենք կարող այն օգտագործել նույնիսկ տնտեսական նպատակներով: Մեր տեսչությունը մշտական հսկողություն է սահմանում ջրի որակի նկատմամբ: Վերջին շաբաթվա ընթացքում կատարված մանրէաբանական հետազոտության արդյունքում նշումներում շեղումներ չեն արձանագրվել, բայց պղտորության առումով նորմայից շեղված է, խմելու համար պիտանի չէ եւ չեմ կարծում, թե եռացնելուց հետո մասնիկները կարող են նստել եւ հնարավոր լինի օգտագործել: Ջրում հիմնականում հող է, լեռնային ապարներ: Ծանր մետաղներ կան, թե ոչ՝ չեմ կարող ասել, լաբորատոր քիմիական հետազոտություն անելու հնարավորություն չունենք»,- ասում է բժշկուհի Հարությունյանը:
Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Ն. Գեւորգյանը նշում է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցառումներ իրականացնել, այլապես ոչ լիարժեք մանրէազերծումը կարող է հանգեցնել աղիքային վարակների բռնկման եւ տարածման: Ն. Գեւորգյանը խորհուրդ է տալիս խուճապի չմատնվել եւ շշալցված ջուր օգտագործել:
Հավաքին մասնակցող կապանցիներին հետաքրքիր էր՝ ի՞նչ փոխհատուցում է նախատեսում ջուր մատակարարող կազմակերպությունը, արդյո՞ք բնակիչները վճարելու են անորակ ջրի դիմաց, թե՞ զիջումներ են լինելու, ի՞նչ քայլեր են արվելու նման իրավիճակները բացառելու համար: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասի պետ Հովհաննես Գեւորգյանը ասաց, որ փոխհատուցում չի լինի, իսկ վարձավճարները զիջելու մասին առաջարկը կփոխանցի վերադասին. «Նման երեւույթները ապրիլին են լինում եւ մենք պատրաստ ենք լինում, այս տարի շուտ եղավ եւ պատրաստ չէինք, հիմա խնդիրը կարգավորվել է, մարտի 19-ից բնակիչները մաքուր ջուր կստանան»: Ապա հավելեց, որ Կապանում այս օրերին տեղացող անձրեւները նման վիճակի չեն բերի՝ ընկերությունը պատրաստ է անցանկալի իրողության դեմն առնել:

Հ. Գ. Կապանցիները հիշում եւ նշում են, որ առաջին անգամ չէ, որ եղանակային պայմանների արդյունքում գետի ջրերը բարձրացել են, բայց ջրի որակի վատթարացում եւ նման դեպքեր չեն արձանագրվել: Ուստի կապանցիները կասկածանքով են վերաբերվում «Հայջրմուղկոյուղու» պարզաբանումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել