Լրահոս
Օրվա լրահոսը

Մարմինը երբեք չի ստում

Մարտ 27,2010 00:00

Պարզապես պետք է հասկանալ նրա լեզուն

Եթե մենք՝ հասարակ մահկանացուներս, մարդու մասին որոշակի կարծիք կարող ենք կազմել միայն նրա հետ երկար ժամանակ շփվելուց հետո, ապա հոգեբաններին մարդուն նկարագրելու համար բավական է միայն տեսնել նրա ձեռագիրը եւ հատկապես ստորագրությունը:
Ձեռագրաբան Սամվել Խաչատրյանն ասում է, որ մարդը գրելիս փորձում է ավելի գեղեցիկ, ընթեռնելի գրել, այդ պատճառով էլ ձեռագիրը մարդու «ես»-ը լիովին չի բացահայտում: Ըստ նրա՝ ստորագրությունը ասում է շատ ավելին, որովհետեւ տարիների ընթացքում մարդը ստորագրում է անգիտակցաբար, եւ ստորագրության մեջ երեւում են բնավորության հիմնական գծերը: Հնարավոր է՝ տարիների ընթացքում ստորագրությունը փոփոխվի, բայց հիմնական կառուցվածքը կմնա նույնը: Ստորագրությամբ կարելի է որոշել՝ մարդը զգացմունքային է, թե գործունյա: Ստորագրությամբ երեւում է՝ որքանով է տվյալ անձնավորությունը հավասարակշռված, որքան բարձր է նրա ինքնատիրապետումը եւ արդյոք նա ներդաշնա՞կ է ինքն իր հետ: Պարոն Խաչատրյանն ասում է, որ իրեն հաճախ տալիս են աշխատանքի նոր ընդունվածների ստորագրությունները, եւ ինքն ասում է՝ որքանով է տվյալ մարդը համապատասխանում այդ աշխատանքին: Ըստ նրա՝ եթե տառերը աջ թեքության են, ուրեմն մարդը զգացմունքային է, ձախ թեքություն ունեցող տառերը ցույց են տալիս մարդու ռացիոնալ մտածողությունը, ուղիղ տառեր գրող մարդիկ էլ հավասարակշռված են: Եթե տառերը փոքր են, նշանակում է մարդը կենտրոնացած է իր գրելու վրա, թեեւ չի բացառվում, որ նա պարզապես ագահ է: Մեծ տառերով գրող մարդիկ, որպես կանոն, շռայլ են:
Մարդուն կարելի է բնութագրել նաեւ ժեստերի միջոցով: Հոգեբան Ռուբեն Պողոսյանն ասում է, որ իրենց մոտ հաճախ գալիս են մարդիկ, ովքեր զրույցի ընթացքում կծկում են իրենց մատները: Այդ ժեստը նշանակում է, որ նրանք կամ ստում են, կամ որեւէ բան պարզապես թաքցնում են: Նույնը կարելի է ասել նաեւ այն մարդկանց մասին, ովքեր զրույցի ընթացքում խուսափում են նայել զրուցակցի աչքերի մեջ: Եթե մարդու հայացքը դեպի վեր է ուղղված, ուրեմն նա ինչ-որ բանի մասին է խորհում: Շատերն ունեն քթի ծայրին դիպչելու սովորություն. դա նշանակում է, որ մարդու մեջ առաջացել է դիմացինին հաճոյախոսություն անելու ցանկություն: Ավելի ինքնամփոփ մարդկանց հատուկ է ձեռքերը հաճախ խաչաձեւելը: Ընկերասեր, մարդամոտ մարդիկ սիրում են զրույցի ընթացքում խոսակցին ավելի մոտ լինել, իսկ այն մարդիկ, ովքեր նաեւ դիպչում են խոսակցին, ուրեմն ջերմության կարիք ունեն:
Պարոն Պողոսյանը կարծում է, որ հայերին ավելի հատուկ է հուզականությունը, եւ նա մարդկանց խորհուրդ է տալիս իրենց հույզերն արտահայտել, որովհետեւ նման դեպքերում դեպրեսիայի հավանականությունը նվազում է: Եվ վերջում հոգեբանն ասաց, որ նույնիսկ այն դեպքում, երբ մարդը ստում է, որքան էլ նա ցանկանա, միեւնույն է՝ նրա մարմինը երբեք չի ստի:

Հ. Գ. Զրույցի վերջում խնդրեցի ձեռագրաբանին նայել ստորագրությունս, ու թեեւ նախկինում երբեք սպորտային հակումներով աչքի չէի ընկել, սակայն, հուրախություն ինձ, իմացա, որ ես զարմանալիորեն մարտնչող եւ սպորտային անձնավորություն եմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել