Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է քրիստոնեական սկզբունքը

Մարտ 30,2010 00:00

\"\"Մեծարգո պարոն վարչապետ: Չգիտեմ, թե Ձեր իշխանության գլուխ կանգնելու որերորդ տարին է, բայց մեկ բան հաստատ գիտեմ, որ այդ ժամանակահատվածում առաջին անգամ է, որ Ձեր անձի նկատմամբ խորը հիասթափություն ապրեցի։
Բարեբախտաբար, Ձեր անձն այժմյան ղեկավարների շարքում քաղաքակիրթ ու բարեկիրթ է, եւ ավելի քան համոզված էի, որ եթե ոչ Երեւանի ծնունդ, այնուհանդերձ, ոչ որեւէ Ճլոխանի կամ Ծապլվարի ծնունդ եք եւ Երեւանի համար Ձեր սիրտը կցավի։
Տողերից արդեն հասկանում եք, թե ասելիքս ինչ է:
Ո՞ր իրավունքով եք Դուք, պրն վարչապետ, իմ՝ հայաստանցու, երեւանցու սիրած, փայփայած, «իմ պարագայում պատերազմ տեսած» այս քաղաքի վրա քրտինք թափած քաղաքացուս սրբությունը քանդում։ Սրբություն միայն եկեղեցին չէ, այլ այն վայրերն ու շինությունները, որոնք մեր մանկության ու պատանեկության տարիների առհավատչյան են։
Ես երկիրս չեմ լքել միայն այն պատճառով, որ չհեռանամ իմ մանկության տարիների Աբովյան փողոցից, «որը նույնպես, բարբարոսաբար ապակեպատ խանութների է վերածվել», կինո «Մոսկվայից», շրջանայինից, պլանի գլխից։ Հիմա Դուք դրանք էլ եք իմ ձեռքից խլում եւ երկրիս հետ որպես կապող օղակ թողնում միայն նախնիներիս շիրիմները:
Մի՞թե Էջմիածինը չի հասկանում, որ եկեղեցիների պակասը չէ, որ մեր ժողովրդին վանում է մեր կրոնից, նրա առաջին դեմքից, այլ՝ կրոնավորների, նրանց ամբարտավան կեցվածքից, վարքից ու բարքից, ժարգոնային խոսքից: Վանում է հոտի նկատմամբ եկեղեցու անտարբերությունից, նրան ոչ մեկ զորակցություն ցույց տալուց, Էջմիածնում պալատներ կառուցելուց, եւ դա այն ժամանակ, երբ գյուղացին իր հալալ քրտինքով չի կարողանում գոյատեւել:
Դուք պատկերացնում եք, թե Էջմիածնում ծախսվող միլիոնների գոնե մեկ մասը բաժանվեր չունեւորներին՝ քանի անօթեւան տուն կունենար: Ո՞ւր է քրիստոնեական սկզբունքը:
Ինչ կասեր Քրիստոսը, մեր պատկերացմամբ՝ Վազգեն 1-ինը, երբ տեսներ սոված ժողովրդի հոգեւոր հովվին, հոգեւոր բառը զանց չառնենք, «Մերսեդես 500»-ով ճամփորդելիս: Ո՞ր մի պարկեշտ հոգին է ապրել ճոխության մեջ, այն էլ՝ հոգեւորական:
Ահա, փոխանակ ժողովրդի կրոնից հեռանալը փնտրելու այս երեւույթի մեջ, փնտրում են եկեղեցու դեֆիցիտի մեջ: Իսկ Դուք լինելով քաղաքակիրթ մարդ, ուսում առած մարդ, չե՞ք տեսնում, թե ում եք զորակցում, գոնե այս պարագայում, չե՞ք տարբերում առաջին նախագահի հետեւից գնացող ժողովրդին՝ Երեւանը սիրող մտավորականությունից:
Խիստ անձնական է, բայց փաստ: Մեծ մայրս, կրոնի հալածված տարիներին, իր «եկեղեցին» ուներ: Մի բարդու ծառ, Շիլաչի թաղամասում, որի տակ մոմ էր վառում ու աղոթում եւ, ահա, նրա երեք որդիները վիրավոր, սակայն վերադարձան աշխարհակործան պատերազմից:
Արդյո՞ք այլ որդիների փրկության համար աղոթքի ձայնը «կլսվի» Երեւանի կենտրոնում կառուցված անճոռնի, իմ՝ հայ մարդու համար անընդունելի շինությունից, հարց է…
Մեծարգո խմբագիր, Ձեր թերթը հեղինակավոր թերթ է, պրն վարչապետն էլ մամուլ կարդացող մեկն է, եղել են նախագահներ, որոնք ասել են. «Ես… չեմ կարդում»: Թող նա միջամտի մեր հազարավոր, հարյուր հազարավոր քաղաքացիների անունից, դիմի Էջմիածնին, ասելով, որ եթե նա՝ Էջմիածինն ուզում է լավ գործ անել, թող վերականգնի այդ գողտրիկ անկյունը՝ կինո «Մոսկվայի» ամառային կինոսրահը, այն տա ժողովրդին, որը եւ երախտապարտ կլինի ու կաղոթի իր ուզած վայրում, մենակ, առանց մոմերի ու ժխորի, երբ կմնան ինքը՝ աղոթողը եւ Աստված: Իսկ եղած եկեղեցիներում թող ժամերգություն անեն, երգեն, հոտին հոգեւոր հանգստություն, հույս ներշնչեն, համբերություն ու բարություն քարոզեն:

Հ. Գ. Այս նամակս պատրաստ էր, երբ լսեցի Ձեր կատեգորիկ խոսքը Ազգային ժողովում: Գիտեմ, որ չեք անսալու խոսքիս, բայց լավ իմացեք, որ երկրից ժողովրդի փախչելու հիմնական պատճառը նրա երեսին թքելն է:
Դուք օգտվեցիք պահից, քանզի այսօր ո՞ւր փախչենք՝ նույն օրն Էրդողանի հայտարարությունը եւս լսելուց հետո…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել