Լրահոս
Օրվա լրահոսը

Հայցագնի փոխարեն արգելանք՝ ողջ գույքի վրա

Ապրիլ 30,2010 00:00

Արգելանքի հետեւանքով փաստաբանի հետ պայմանագիր չի կնքվում

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Դավթյանի վարույթում է գտնվում Մայիս Հախվերդյանի հայցն ընդդեմ Գրիշա Ոսկանյանի ու Գուրգեն Մալաքյանի՝ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին:

Վերջիններս գտնում են, որ հայցն ակնհայտ անհիմն է, քանի որ այն ներկայացվել է հայցային վաղեմության ժամկետն անցնելուց հետո: «Ֆորդ-Մուստանգ» մակնիշի 03 00 958 պ/հ ավտոմեքենայի վարորդ Մայիս Հախվերդյանը ձախակողմյան երթեւեկության ժամանակ բախվել է «ԳԱԶ-31029» մակնիշի 09 ԼԼ 135 պ/հ ավտոմեքենային: Դեպքը տեղի է ունեցել 2006թ. հունիսի 14-ին, իսկ հայցը հարուցվել է այս տարվա փետրվարին:

Հայցվոր Մայիս Հախվերդյանը հայցային վաղեմության ժամկետը լրանալուց 3,5 տարի հետո ներկայացնելով ընդամենը 3,5 մլն դրամի հայց, միջնորդել է արգելանք դնել պատասխանողների ողջ գույքի, դրամական միջոցների եւ բանկային հաշիվների վրա:

«Դատարանն էլ այս տարվա փետրվարի 3-ին բողոքարկման ոչ ենթակա որոշմամբ հղում կատարելով ՀՀ քաղդատօրի 97-98 հոդվածներին, որոշել է արգելանք դնել մեր՝ Գրիշա Ոսկանյանի եւ Գուրգեն Մալաքյանի ողջ գույքի, դրամական միջոցների եւ բանկային հաշիվների վրա, այն դեպքում, երբ ՀՀ քաղդատօրի 98 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն, արգելանք կարող է դրվել հայցագնի չափով, այն էլ գույքի կամ դրամական միջոցների վրա: Հարկադիր կատարողի 17.02.2010թ. որոշումներով, ի կատարումն դատարանի որոշման ու կատարողական թերթի պահանջի, արգելանքները դրվել են»,- տեղեկացնում է պատասխանող Գուրգեն Մալաքյանը: Վերջինս այդ կապակցությամբ դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Արգելանքի հետեւանքով պատասխանողները զրկվել են իրենց շահերը դատարանում ներկայացնելու համար փաստաբանի հետ պայմանագիր կնքելու եւ նրան վճարելու հնարավորությունից: Սա նախադեպ է այն իմաստով, որ նման գործերով պետությունը հանրային պաշտպանի մասնակցություն չի նախատեսում, իսկ քաղաքացիներն էլ զրկվում են իրավաբանական օգնություն ստանալուց դատական վեճերի ժամանակ: Պատասխանողները դիմել են ՀՀ Փաստաբանների պալատ եւ Հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի գոնե դատարանում անվճար իրավաբանական օգնություն ստանան: Սակայն օրենքով նման բան նախատեսված չէ:

«Իմ կենցաղային նվազագույն կարիքները հոգալու, սնունդ ձեռք բերելու հնարավորությունից նույնպես զրկվել եմ: Եթե ծնողներս էլ չլինեին, որոնք ինձ դեռեւս կարողանում են ապահովել սննդով, հավանաբար դատարանի որոշման արդյունքում սովամահ կլինեի: Զրկվել եմ անգամ դատական նիստին մասնակցելու համար դատարան հասնելու հնարավորությունից, քանի որ տրանսպորտային միջոցների ծառայությունից օգտվելու համար պետք է վճարեմ»,- ահազանգում է Գ. Մալաքյանը:

Ի դեպ, հանրապետությունում դեռ գործում է «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 58 հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 50%-ից ոչ ավելի՝ մինչեւ բռնագանձվող գումարների լրիվ մարումը։

Սակայն տվյալ դեպքում խախտվել են քաղաքացիների ոչ միայն իրավական հավասարության սկզբունքները, այլեւ մարդկային (առողջության, կյանքի, արժանապատվության):

«Ես մեծ ցանկություն ունեմ մասնակցելու մայիսի 4-ին, ժամը 14-ին նշանակված դատական նիստին, սակայն կարծես թե չեմ կարող, քանի որ տրանսպորտի համար պետք է գումար վճարեմ, այն դեպքում, երբ դրամական միջոցներիս վրա արգելանք է դրվել, հետեւաբար խնդրում եմ միջոցներ ձեռնարկել ինչ-որ ձեւով ապահովելու իմ մասնակցությունը (դատարան հասնելը) մայիսի 4-ին, ժամը 14-ին նշանակված դատական նիստին, ինչպես նաեւ իմ շահերը ներկայացնելու համար փաստաբանի մասնակցություն ապահովելու ուղղությամբ»,- խնդրում է պատասխանող ներգրավված քաղաքացին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել