Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ՝ «ԱՐՏԱՌՈՑ ԳՈՐԾԻ» ՄԱՍԻՆ

Մայիս 01,2010 00:00

Երեկ ՀՀ դատախազության դպրոցում համակարգչային կենտրոնի բացման ժամանակ անդրադառնալով ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի սպանությանը՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասաց, որ այդպիսի երեւույթները մեզ համար խորթ են. «Չարենցավանի միջադեպը, իրոք, մեծ աղմուկ է հարուցել հասարակության շրջանում: Դա արտառոց դեպք է, քանի որ մարդն ինքնասպանություն է գործել հենց ոստիկանի ապօրինի գործողությունների պատճառով: ՀՀ իրավապահ մարմինները բավականաչափ կամք ունեն բացահայտելու, դատապարտելու եւ կանխելու նման դեպքերը: Եվ հենց այդ նպատակով ստեղծվել է Հատուկ քննչական ծառայությունը, որը հետաքննություն է անցկացնում հատուկ սուբյեկտների նկատմամբ: Այդ մարմնի անկախությունը լիովին ապահովված է, եւ դա նրա անաչառ գործունեության գրավականն է»:
«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ներողություն է խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց իր հայտարարությամբ ապատեղեկատվություն է տվել, պնդելով, թե Չարենցավանի ոստիկանությունում Վահան Խալաֆյանին ոչ ոք ծեծի չի ենթարկել: Ոստիկանապետը հայտարարել է, որ Կոտայքի մարզի ոստիկանները զեկուցել են, թե ինքնասպանություն է տեղի ունեցել: Սարգսյանը հարցրել է՝ հնարավո՞ր է, որ անձի նկատմամբ բռնություն է կիրառվել, նրան զեկուցել են՝ նման բան չկա. «Ես պատժելու եմ բոլոր իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել՝ ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ես ոչ ոքի չեմ ներելու, եւ ինձ խաբողները պատժվելու են ամենայն խստությամբ»: Ոստիկանապետը դարձյալ պնդում է, որ տեղի է ունեցել ինքնասպանություն, այլ ոչ թե սպանություն. «Դա ինքն է եղել՝ նա դանակը վերցրել ու իրեն սպանել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել