Լրահոս
«Պետք է շենքը քանդվի»
Օրվա լրահոսը

Մոսկվան արագացնում է Հայաստանի եվրոպական ապագան

Սեպտեմբեր 25,2026 12:00 Share

ԵՄ–ն բացում է դռները, Ռուսաստանը՝ փակում շուկաները 

 Հայաստանի հնարավորություններն ու Ռուսաստանի հակազդեցությունը 

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները մտել են մի փուլ, որը նախորդ տարիների համեմատ առանձնանում է ոչ միայն քաղաքական հայտարարությունների ինտենսիվությամբ, այլեւ կոնկրետ տնտեսական, ենթակառուցվածքային եւ ինստիտուցիոնալ քայլերի զուգակցմամբ։ Եթե նախկինում Երեւանի եւ Բրյուսելի հարաբերությունների խորացման մասին խոսվում էր հիմնականում քաղաքական երկխոսության, բարեփոխումների կամ երկարաժամկետ եվրոպական հեռանկարի համատեքստում, ապա այժմ գործընթացը աստիճանաբար տեղափոխվում է այնպիսի ոլորտներ, որտեղ դրա արդյունքները կարող են չափվել՝ առեւտրային արտոնություններով, վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով, ներդրումներով եւ տարածաշրջանային հաղորդակցությունների նախագծերով։

Այս փոփոխության ամենաակնառու դրսեւորումը Հայաստանի արտահանման համար Եվրամիության կողմից առաջարկված ժամանակավոր առեւտրային արտոնությունների փաթեթն էր։ Սեպտեմբերի սկզբին ԵՄ խորհուրդը համաձայնություն տվեց հայկական ապրանքների նկատմամբ ժամանակավոր առեւտրի ազատականացման միջոցառումներին՝ դրանք ուղղակիորեն կապելով Ռուսաստանի կողմից վերջին ամիսներին Հայաստանի նկատմամբ կիրառված առեւտրային սահմանափակումների հետեւանքների մեղմացման հետ։ Փաթեթը նախատեսում է Հայաստանի՝ ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսի ազատականացում եւ պետք է գործի երկու տարի։

Խոսքը ձեւական կամ միայն քաղաքական ժեստի մասին չէ։ Նախատեսված կարգավորումները վերաբերում են 324 ապրանքախմբի, իսկ ԵՄ հաշվարկներով՝ դրանց գործողության երկու տարիների ընթացքում հայկական արտահանողները շուրջ 5.4 միլիոն եվրոյի մաքսատուրք չեն վճարի։ Գյուղատնտեսական մի շարք ապրանքների համար նախատեսվում են քվոտաներ, իսկ թարմ մրգերի, բանջարեղենի եւ բույսերի արտահանման նկատմամբ արտոնությունը կարող է ընդգրկել դեպի ՌԴ նախկինում ուղղվող համապատասխան արտահանման ծավալների գրեթե 99 տոկոսը, իսկ խմիչքների դեպքում՝ ավելի քան 91 տոկոսը։

Միեւնույն ժամանակ, Բրյուսելի առաջարկը պետք չէ դիտարկել որպես Հայաստանի համար անսահմանափակ եւ անվերապահ մուտք եվրոպական շուկա։ Արտոնությունները պայմանավորված են ապրանքի ծագման կանոնների պահպանմամբ, ԵՄ-ի հետ վարչական համագործակցությամբ, եվրոպական ներմուծումների նկատմամբ նոր սահմանափակումներ չսահմանելով եւ CEPA-ի հիմնական սկզբունքները՝ ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները հարգելով։ Բացի այդ, ԵՄ-ն պահպանում է պաշտպանական մեխանիզմներ, եթե հայկական ներմուծումը բացասաբար ազդի եվրոպացի արտադրողների վրա։

Սակայն քաղաքական իմաստով այս որոշման ամենակարեւոր կողմն այն է, որ Բրյուսելը փաստացի արձագանքեց Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած առեւտրային սահմանափակումներին։

Այսպիսով, Հայաստան-ԵՄ տնտեսական հարաբերությունների վերջին զարգացումներն արդեն ունեն նաեւ աշխարհաքաղաքական ենթատեքստ։ Ռուսական սահմանափակումներին Բրյուսելը հակադրեց եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը։

 

Վիզաների ազատականացումից մինչեւ ավելի խոր գործընկերություն

 

ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացման երկրորդ կարեւոր ուղղությունը քաղաքացիների շարժունակությունն է։ Վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունը սկսվել է 2024-ի սեպտեմբերին, իսկ 2025-ի նոյեմբերին Եվրահանձնաժողովը Հայաստանին է ներկայացրել Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Այն ներառում է փաստաթղթերի անվտանգություն, սահմանների կառավարում, միգրացիա եւ ապաստան, հանրային անվտանգություն, արտաքին հարաբերություններ եւ հիմնարար իրավունքներ։ 2026-ի ապրիլին հրապարակվել է գործընթացի առաջին առաջընթացի զեկույցը։

Անցյալ շաբաթ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայտարարեց, որ Եվրամիությունը սպասում է վիզաների ազատականացման գործընթացում կոնկրետ առաջընթացի՝ ընդգծելով, որ «գնդակը հիմա Հայաստանի իշխանությունների ձեռքերում է»։ Նրա ձեւակերպմամբ՝ վերջին շրջանում Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան մոտ չեն եղել։

Այստեղ, սակայն, կարեւոր է տարբերակել քաղաքական ակնկալիքները եւ ընթացակարգային իրականությունը։ Եվրամիությունը որեւէ կոնկրետ ժամկետ չի սահմանել, թե երբ Հայաստանի քաղաքացիները կարող են ստանալ առանց վիզայի կարճաժամկետ մուտքի հնարավորություն։ Սեպտեմբերի 7-ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը, պատասխանելով 2029-ը որպես հնարավոր ժամկետ դիտարկելու հարցին, նշել էր, որ նման կոնկրետ ժամկետի մասին խոսելը դեռ վաղ է։ Միաժամանակ նա հաստատել էր, որ գործընթացը շարունակվում է եւ որ ԵՄ-ն քննարկում է Հայաստանի հետ համագործակցության խորացման տարբեր ուղղություններ։

Սա կարեւոր ճշգրտում է, քանի որ Հայաստանի հասարակական եւ քաղաքական դաշտում վիզաների ազատականացումը երբեմն ներկայացվում է որպես արդեն որոշված հեռանկար։ Իրականում, այն պայմանավորված է գործողությունների ծրագրի բոլոր չափորոշիչների կատարումով։ Հետեւաբար գործընթացը բավական առաջ է գնացել, բայց վերջնական արդյունքը դեռ կախված է Հայաստանի կողմից պահանջվող բարեփոխումների իրականացումից եւ ԵՄ գնահատականներից։

Միաժամանակ վիզաների ազատականացման գործընթացն ինքնին ցույց է տալիս ՀՀ-ԵՄ հարաբերությունների որակական փոփոխությունը։ Խոսքը միայն արտաքին քաղաքական հայտարարության մասին չէ. ԵՄ-ն Հայաստանից պահանջում է ինստիտուցիոնալ փոփոխություններ, որոնք վերաբերում են սահմանների կառավարմանը, փաստաթղթերի անվտանգությանը, միգրացիոն քաղաքականությանը, հիմնարար իրավունքներին եւ իրավապահ համակարգի արդյունավետությանը։ Այս իմաստով եվրոպական ինտեգրման գործընթացը աստիճանաբար դառնում է նաեւ ներքին բարեփոխումների օրակարգ։

Եվ այստեղ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները տարբերվում են սովորական առեւտրային գործընկերությունից։ CEPA-ն, որը գործում է 2021-ից, արդեն իսկ ձեւավորել է հարաբերությունների իրավական շրջանակ, իսկ 2025-ին համաձայնեցված ռազմավարական օրակարգը խորացրել է համագործակցության ուղղությունները։ ԵՄ պաշտոնական տվյալներով՝ այժմ համագործակցությունն ընդգրկում է նաեւ կապակցվածությունը, էներգետիկան, թվային ոլորտը, կրթությունը, փոքր եւ միջին ձեռնարկությունները եւ սոցիալ-տնտեսական դիմակայունությունը։

Սյունիքը, TRIPP-ը եւ եվրոպական ներկայության ռազմավարական նշանակությունը

ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր փուլում առանձնահատուկ նշանակություն ունի Սյունիքը։ ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հայտարարությամբ՝ ԵՄ-ն նախատեսում է մոտ 250 միլիոն եվրոյի ներդրում Սյունիքի զարգացման եւ բիզնեսի աջակցության համար։ Այս տարածաշրջանով է նախատեսվում նաեւ TRIPP-ի անցումը, որը պետք է կապի Ադրբեջանը Նախիջեւանի հետ եւ ներառվի ավելի լայն՝ Տրանս-Կասպյան առեւտրային երթուղու տրամաբանության մեջ։ Նախագծի շուրջ քննարկումները ներառում են նաեւ էներգետիկ, թվային եւ այլ ենթակառուցվածքային բաղադրիչներ։

Եվրոպական հանձնաժողովի կողմից ավելի վաղ հայտարարված մոտ 200 միլիոն եվրոյի ներդրումային փաթեթը նույնպես ուղղված է տրանսպորտային, էներգետիկ եւ թվային կապերի զարգացմանը եւ Հարավային Կովկասի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հետ կապերի խորացմանը։

Սյունիքը Հայաստանի այն հատվածն է, որտեղ խաչվում են Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի եւ ավելի լայն միջազգային տրանսպորտային ու էներգետիկ շահերը։ Հետեւաբար, այստեղ եվրոպական ֆինանսավորման եւ ենթակառուցվածքային ներգրավվածության մեծացումը անխուսափելիորեն ստանում է նաեւ ռազմավարական նշանակություն։

Միաժամանակ, պետք է տարբերակել TRIPP-ի քաղաքական նշանակությունը եւ դրա ամբողջական իրականացման փաստը։ Նախագիծը դեռեւս ենթադրում է բազմաթիվ բանակցություններ, տեխնիկական լուծումներ եւ տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացում։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ ԵՄ-ն ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն որպես քաղաքական գործընկերության, այլեւ որպես տարածաշրջանային կապակցվածության ծրագրի։ Հայաստանի համար սա հնարավորություն է՝ նվազեցնել տրանսպորտային մեկ ուղղությունից կախվածությունը եւ ներգրավվել նոր հաղորդակցային համակարգերում։ Միեւնույն ժամանակ Հայաստանի համար ենթակառուցվածքների աշխարհաքաղաքական նշանակությունը մեծանում է։ Որքան ավելի շատ են տարբեր կենտրոնների շահերը հատվում Հայաստանի տարածքում, այնքան ավելի մեծ է արտաքին ճնշումների եւ մրցակցության ազդեցության հավանականությունը։

Ռուսական սահմանափակումները եւ եվրոպական հակազդեցությունը

ՀՀ-ԵՄ հարաբերությունների արագացման պատճառներից մեկը վերջին ամիսների ռուսական տնտեսական քաղաքականությունն է։ Ռուսաստանը մայիսից սկսեց փուլ առ փուլ սահմանափակել Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծումը՝ ներառյալ գյուղատնտեսական արտադրանքը, ձկնամթերքը, խմիչքները, կաթնամթերքն ու ծաղիկները։ ԵՄ պաշտոնական փաստաթղթերում այդ սահմանափակումները ներկայացվում են որպես Հայաստանի արտահանման վրա բացասաբար ազդող գործոն, որի պայմաններում էլ առաջարկվել են ժամանակավոր առեւտրային արտոնությունները։

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում տնտեսական բաղադրիչը աստիճանաբար վերածվեց քաղաքական գործիքի։ Մոսկվան մի կողմից շարունակում է ընդգծել Ռուսաստանի եւ ԵԱՏՄ-ի տնտեսական նշանակությունը Հայաստանի համար, մյուս կողմից՝ ռուսական պաշտոնյաների հայտարարություններում ավելի հաճախ է հնչում այն միտքը, որ Հայաստանի արտաքին քաղաքական ընտրությունն ունի տնտեսական հետեւանքներ։

Այս իրավիճակում Բրյուսելի առաջարկած առեւտրային արտոնությունները ստանում են ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նշանակություն։ Ռուսաստանը սահմանափակում է հայկական որոշ ապրանքների մուտքը ռուսական շուկա, իսկ ԵՄ-ն ընդլայնում է դրանց համար եվրոպական շուկայի հասանելիությունը։

Սակայն այստեղ եւս կարեւոր է չափազանցված սպասումներից խուսափելը։ Եվրոպական շուկա մուտքի արտոնությունը չի նշանակում, որ հայկական արտադրողները միանգամից կարող են նույն ծավալներով փոխարինել ռուսական շուկան։ ԵՄ շուկան ունի բարձր տեխնիկական, սանիտարական, որակի, ծագման եւ վարչական պահանջներ։ Բացի դրանից, առեւտրային արտոնությունների երկու տարվա ժամկետը ինքնին երկարաժամկետ երաշխիք չէ։

Ուստի ԵՄ-ի տրամադրած հնարավորությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ռուսական շուկայի ավտոմատ փոխարինում, այլ որպես ժամանակ եւ հնարավորություն Հայաստանի համար՝ նոր շուկաներում դիրքավորվելու, արտադրության ստանդարտները բարձրացնելու եւ արտահանման աշխարհագրությունը դիվերսիֆիկացնելու նպատակով։

Հայաստանը՝ երկու տնտեսական իրականությունների միջեւ

ՀՀ-ԵՄ հարաբերություններում առեւտրային արտոնությունները, վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, ներդրումային փաթեթները, Սյունիքի ծրագրերը եւ կապակցվածության նոր օրակարգը միմյանցից անկախ գործընթացներ չեն։ Դրանք միասին ձեւավորում են Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների ավելի խոր եւ բազմաշերտ համակարգ։

Սակայն այս համակարգի զարգացման արագությունը կախված է մի քանի սահմանափակումներից։

Առաջինը ռուսական գործոնն է։ Մոսկվան Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը դիտարկում է որպես իր տնտեսական եւ աշխարհաքաղաքական դիրքերի թուլացման հնարավոր աղբյուր։ Ռուսական կողմից վերջին արձագանքները միայն քաղաքական հռետորաբանության մակարդակում չեն։ Մոսկվան արդեն խոսում է Հայաստանի տնտեսական միջավայրում ռուսական ակտիվների եւ ընկերությունների նկատմամբ վերաբերմունքի, ԵԱՏՄ արտոնությունների եւ Հայաստանի եվրոպական ընտրության տնտեսական հետեւանքների մասին։

Երկրորդ վտանգը հենց դիվերսիֆիկացիայի անցումային փուլն է։ Ռուսական շուկայի, էներգետիկ համակարգի եւ ենթակառուցվածքների հետ կապերը շարունակում են նշանակալի մնալ։

Երրորդ վտանգն այն է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացումը կարող է մեծացնել Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման նոր գործիքների կիրառման հավանականությունը։ Վերջին ամիսների զարգացումները ցույց են տալիս, որ նման գործիքների կիրառում արդեն առկա է։ Եթե տնտեսական սահմանափակումները շարունակվեն կամ ընդլայնվեն, Հայաստանի համար հարցը կդառնա ոչ միայն նոր շուկաներ գտնելը, այլեւ տնտեսական ցնցումների դիմակայունության բարձրացումը։

Չորրորդ խնդիրը եվրոպական ինտեգրման հետ է կապված։ ԵՄ-ն աջակցություն է առաջարկում, սակայն այդ աջակցությունն անվերապահ չէ։ Առեւտրային արտոնությունները կապված են ծագման կանոնների, վարչական համագործակցության, առեւտրային սահմանափակումների եւ CEPA-ի հիմնարար սկզբունքների պահպանման հետ։ Վիզաների ազատականացման գործընթացն էլ կապված է կոնկրետ բարեփոխումների իրականացման հետ։ Այսինքն, Բրյուսելի հետ մերձեցումը նշանակում է ոչ միայն նոր հնարավորություններ, այլեւ նոր պարտավորություններ։

Եվ վերջապես ամենակարեւորը՝ ժամանակի խնդիրը։ Հայաստանը միաժամանակ գտնվում է երկու տարբեր տնտեսական իրականությունների միջեւ։ Մի կողմից՝ Ռուսաստանը շարունակում է մնալ կարեւոր առեւտրային, էներգետիկ եւ ենթակառուցվածքային գործընկեր, մյուս կողմից՝ ԵՄ-ն արագորեն ընդլայնում է Հայաստանի համար առաջարկվող տնտեսական, քաղաքական եւ ինստիտուցիոնալ հնարավորությունները։ Այս երկու համակարգերի միջեւ անցումը պահանջում է ժամանակ, ներդրումներ եւ նոր շուկաներում մրցունակության բարձրացում։

Հաջողությունը կախված է ոչ միայն Բրյուսելի առաջարկներից

Եվրոպական ուղղությունը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արդեն դուրս է եկել միայն քաղաքական հայտարարությունների մակարդակից։ ԵՄ-ի հետ հարաբերությունները ներկայումս ներառում են առեւտուր, վիզաների ազատականացման գործընթաց, ներդրումներ, տրանսպորտային եւ էներգետիկ կապակցվածություն, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ։

Միաժամանակ այս գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանի հետ հարաբերությունների լարված փուլերից մեկում։ Հետեւաբար, Հայաստանը գործ ունի ոչ թե երկու իրարից անկախ գործընթացների, այլ փոխկապակցված զարգացումների հետ։

Ռուսաստանի կողմից կիրառված առեւտրային սահմանափակումները, ռուսական կողմի կոշտ հայտարարությունները ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման վերաբերյալ եւ Մոսկվայի մտահոգությունները ռուսական տնտեսական ներկայության նկատմամբ վերաբերմունքի շուրջ ստեղծում են իրավիճակ, որտեղ Հայաստանի եվրոպական ինտեգրման յուրաքանչյուր հաջորդ քայլ կարող է ունենալ նաեւ ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա ազդեցություն։

Սակայն մյուս կողմից՝ ռուսական սահմանափակումները նաեւ արագացնում են այն գործընթացը, որի արդյունքում Հայաստանը փորձում է նվազեցնել մեկ շուկայից եւ մեկ տնտեսական համակարգից կախվածությունը։ Այս իմաստով առեւտրային սահմանափակումները կարող են ունենալ հակառակ ազդեցությունը՝ ստիպելով հայկական բիզնեսին եւ պետական կառույցներին ավելի արագ որոնել այլընտրանքային շուկաներ։

ԵՄ-ի կողմից առաջարկվող արտոնություններն, իհարկե, անցումը կարող են դյուրացնել, սակայն չեն կարող ինքնուրույն լուծել այն։ Երկու տարվա ժամանակավոր արտոնությունը պետք է օգտագործվի ոչ միայն ընթացիկ արտահանման կորուստները մեղմելու, այլեւ եվրոպական շուկայի պահանջներին համապատասխան արտադրական կարողություններ ստեղծելու համար։ Հակառակ դեպքում արտոնությունների ավարտից հետո նույն խնդիրը կարող է կրկին առաջանալ։

Նույն տրամաբանությունն է գործում վիզաների ազատականացման դեպքում։ Գործընթացը առաջ է շարժվում, սակայն դրա արդյունքը կախված է Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների որակից։ ԵՄ-ն քաղաքական աջակցություն է հայտնել, բայցեւ հստակ չափանիշներ է սահմանել։

Այս պայմաններում Հայաստանի համար հիմնական խնդիրը ոչ այնքան մեկ գործընկերոջը մյուսով փոխարինելն է, որքան անցման գործընթացը կառավարելը։ Ռուսաստանի հետ արդեն գոյություն ունեցող տնտեսական կապերը հնարավոր չէ արագ վերացնել՝ առանց համապատասխան տնտեսական եւ սոցիալական ծախսերի, իսկ ԵՄ-ի հետ նոր կապերը հնարավոր չէ միանգամից հասցնել այնպիսի մակարդակի, որը լիարժեքորեն կփոխարինի հին համակարգին։

Հետեւաբար, ապագայի համար հիմնական խնդիրը՝ դիվերսիֆիկացիայի արագությունն ու դրա գինը կառավարելու կարողությունն է։ Եվ հենց այստեղ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների ներկա փուլի գլխավոր առանձնահատկությունը։ Բրյուսելը Հայաստանին առաջարկում է ոչ միայն քաղաքական աջակցություն, այլեւ շուկա, ներդրումներ, շարժունակություն եւ ենթակառուցվածքային կապեր։ Մոսկվան, միաժամանակ, շարունակում է պահպանել Հայաստանի տնտեսության վրա զգալի ազդեցության գործիքներ եւ արդեն ցույց է տվել, որ պատրաստ է տնտեսական քաղաքականությունը կապել Երեւանի արտաքին քաղաքական ուղղության հետ։

Այսպիսով, Հայաստանը մտել է երկարատեւ անցման փուլ, որտեղ եվրոպական մերձեցումը կարող է ընդլայնել երկրի տնտեսական եւ քաղաքական հնարավորությունները, սակայն դրա հաջողությունը կախված է լինելու ոչ միայն Բրյուսելի առաջարկներից, այլեւ Երեւանի՝ նոր հնարավորությունները գործնական արդյունքի վերածելու եւ միաժամանակ արտաքին ճնշումների նկատմամբ երկրի տնտեսական դիմակայունությունը բարձրացնելու կարողությունից։

Այս գործընթացի իրական չափանիշը, հետեւաբար, ոչ թե այն կլինի, թե որքան մոտ է Հայաստանը հայտարարություններով Եվրոպային, այլ այն, թե մոտ ապագայում որքանով կկարողանա այդ քաղաքական մերձեցումը վերածել կայուն շուկաների, ներդրումների, ենթակառուցվածքների, քաղաքացիների շարժունակության եւ տնտեսական դիմակայունության։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ 

Լուսանկարը՝ «RBC-Ukraine»-ի

«Առավոտ» օրաթերթ
24.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել